Կենդանիները կհամարակալվեն
Հանրապետությունում կենդանիների համարակալման հարցը քննարկելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսին:
Ծառայության պետը ներկայացրել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել կենդանիների տեղաշարժը և առավել արդյունավետ՝ հիվանդությունների հսկողությունն ու հակաանասնահամաճարակային միջոցառումները՝ միաժամանակ ստեղծելով տվյալների ամբողջական բազա:
Հաշվի առնելով, որ հանրապետությունում առաջին անգամ է իրականացվելու համարակալման լայնածավալ գործընթաց՝ հանդիպման ընթացքում ծառայության պետը կարևորել է միջազգային փորձն ու համագործակցությունը փորձագետների և մասնագիտական կառույցների հետ, ինչը հնարավորություն կընձեռի, նկատի ունենալով նաև Հայաստանի Հանրապետության առանաձնահատկությունները, ծրագիրն իրականացնել հաջողությամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ով տեղեկացրել է, որ նախկինում Վայոց Ձորի մարզում իրականացվել է կենդանիների համարակալման պիլոտային ծրագիր՝ ընդգրկելով շուրջ 23 հազար խոշոր եղջերավոր կենդանիներ, ինչի շնորհիվ այսօր արդեն հնարավոր է խուսափել համարակալման գործընթացում հնարավոր խոչընդոտներից ու թերություններից:
Փորձագետ Ռոնալդ Ռուիսը, կիսվելով այս ոլորտում իր ունեցած փորձով, կարևոր նախապայման է համարել գործընթացում ֆերմերների ներգրավվածությունն ու մասնագետների համապատասխան վերապատրաստում անցնելու հարցը:
Շվեյցարացի փորձագետը համակարգը ներդնելու հարցում աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնել: Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ուղիների վերաբեյալ:
Ծառայությունը հայտնում է, որ շարունակում է աշխատանքները դոնոր կառույցների ներգրավման և կենդանիների համարակալման ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել