Նոր աշխարհները ստեղծվում են աշնան եղանակին
Լեռ Կամսար
Ի՞նչ եք կարծում, Աստված տարվա ո՞ր եղանակին ստեղծեց Ադամին։ Անշուշտ աշնանը։
Եթե ստեղծեր հունվարյան սառնամանիքին, առաջին մարդը ոչ միայն դրախտի ծառերի պտուղներից չէր կարողանա օգտվել, այլ նաև իր մերկությունը ծածկելու համար թզի տերև անգամ չէր ճարի ու բոլորովին տկլոր պիտի կանգներ իր արարչի առաջ և ամոթից չհամարձակվեր նրա երեսը նայել։
Այդպես է։ Նոր աշխարհներ, նոր մարդիկ միշտ ստեղծվում են աշնան եղանակին։
Լենինն իր «նոր մարդը» չստեղծե՞ծ հոկտեմբերին։
Գիտեք անշուշտ, որ աշխարհը ստեղծված է երկու անգամ, երկու տարբեր աստվածների ձեռքով։ Առաջին Աստծու ազգանունն ու հայրանունը հայտնի չի, բայց երկրորդ Աստվածը կոչվում էր Վլադիմիր Իլյիչ Ուլյանով Լենին։
Առաջին Աստվածը Ադամի համար աշխարհ կարեց մատերիալը իրենից, բայց երկրորդ Աստվածը վերցրեց նախնական Աստծու սխալ կարած աշխարհը, քանդեց և նորից կարեց։
Առաջին Աստծու ստեղծած մարդը, ամոթ է ասել, կապիտալիստ էր. ասում էր իմ աշխատած հացը ես միայն պիտի ուտեմ, քո աշխատածը՝ դու։ Իսկ ո՞ւմն է հարկավոր այդպիսի մարդը։ Լենինը մաքրեց Ռուսաստանը այդպիսի մարդկանցից և ստեղծեց այնպիսք, որ ասեն՝ դու կռնակիդ վրա պառկիր, աշխատեմ բերեմ կեր։
Մի լոզունգ, որ ավելի մարդասիրական է հարկավ։ Սրա պակասությունը միայն այն է, որ աշխատողը այստեղ չպիտի ուտի, հետևաբար նա իրավունք չունի մարդ կոչվելու։ Եվ իրոք էլ Ռուսաստանում աշխատողներին կոչում են ոչ թե մարդ, այլ բանվոր ու գյուղացի։
Երկու աշխարհները ստեղծող այս զույգ աստվածներից ո՞րի գործն էր ավելի դժվար, այդ դժվար է ասել։
Ճիշտ է Լենինը իր սեփական մատերիալը չդրեց գործի մեջ, միայն վերափոխեց ու աշխարհին նոր ձև տվեց, բայց յուրաքանչյուր զգեստ կարել տվող գիտի, թե դերձակները ինչքա՜ն դժվարությամբ են վերցնում հին զգեստի վերանորոգման գործը և ինչքա՜ն հեշտությամբ կարում են բոլորովին նորը…
Լենինը հին աշխարհը նորին միացնող կամուրջից անցավ հաստատուն քայլերով։ Այդ կամուրջը հիմնված էր Մարքսի և Էնգելսի կուռ սկզբունքների վրա։ Բայց առաջին աստվածը, որ կամուրջ գցեց քաոսից դեպի աշխարհ, այդ կամուրջը տատանվում էր նրա ոտների տակ և ինքն էլ չգիտեր, թե իրեն ո՞ւր է տանում կամուրջը։
Տատանումը հատուկ է բոլոր աննպատակ գործ բռնողներին։ Աստված Ադամին ստեղծելուց հետո միայն նկատեց, որ մոռացել է նաև Եվա ստեղծել, նոր հետին թվով ստեղծեց։ Ինչպե՞ս կարելի է նախապես չիմանալ, որ առանց Եվայի Ադամ չի լինի։
Աստված ստեղծելով մարդկային առաջին զույգին, անգամ չէր հոգացել նախապես նրանց սննդի մասին։ Դրախտի պտուղները աշնանը ուտեին, բա ձմե՞ռը։
Այս պատճառով էլ մի շարք աստվածաբանների կարծիքով արգելյալ խնձորի ծառից ուտելը մի պատրվակ էր Աստծու կողմից ստեղծված, որ աննպատակ իր ստեղծած մարդկանց ռադ անի, գնան կորչեն։
Իսկ Լենինինը՝ ոչ։ Ընդհակառակը։ Նա ոչ միայն իր «դրախտից» չվռնդեց իր ստեղծած «նոր մարդուն» այլ նույնիսկ «դրախտի» շուրջը փշալար քաշել տվեց, սահմանագլուխներում կատաղի շներ կապեց, որ ոչ ոք տեղից չշարժվի։
Եվ իր դրախտում արգելյալ խնձորի ծառ չտնկեց, հաստատ իմանալով, որ եթե տնկեր, բնակիչները մնացած բոլոր ծառերը թողած, հատկապես այդ ծառի վրա պիտի հարձակվեին ուտելու, որպեսզի… վռնդվեին այդ «դրախտից» և արտասահման ընկնեին։
-------------------------
Դրախտի մասին ես ունեմ իմ առանձին կարծիքը։
Իմ կարծիքով իսկական դրախտն այն է, երբ այդ մարդը շինում է ինքն իր ձեռքով։ Ուրիշի ձեռքով շինված դրախտը հեշտությամբ դժոխքի է վերածվում։
Քանի՞ տարի է որ Լենինը Ռուսաստանը դրախտի վերածեց։ Նայեք՝ արդեն հիմա կատարյալ դժոխք է այնտեղ…
Սեպտեբեր,1962թ. անտիպ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել