HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Քաղցրաշենի» ծրագիրն իրականացնելու են Ազատ գետը ցամաքեցնելու եւ Գառնին ջրազրկելու գնով

«Ազատ գետում կատարված ջրաչափումները հաստատեցին՝ գետում բավարար քանակի ջուր չկա «Քաղցրաշենի» ծրագիրն իրագործելու համար» «Հետքի» հրապարակումից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2015 թ. օգոստոսի 21-ի հրամանով հանձնաժողով է ձեւավորվել, իրենց ասելով` «Ազատ գետում լրացուցիչ ջրաչափումներ իրականացնելու, ներառյալ՝ Ազատ գետից ջրառների եւ ելքերի ուսումնասիրություն կատարելու համար»:

Ազատ գետում վերջին չափումը կատարվել էր դրանից 5 օր առաջ` օգոստոսի 16-ին եւ կրկին ջրաքանակի շարունակական նվազում էր գրանցվել` 1300 լ/վրկ: Չափումներ իրականացնող մասնագետները վերջնականապես համոզվել էին, որ 850լ բնապահպանական թողքը պահպանելուց հետո գետում ընդամենը 450 լ/վրկ ջուր է մնում, որի պարագայում իրենց համար շատ ցանկալի «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի իրագործումն անհնարին է:  

Համենայնդեպս, ամիսներ շարունակ ջրաչափում իրականացնողներն այդ համոզմունքն ունեցան` իրենց արձանագրած տվյալների հիման վրա: Չափումներին հետեւում էին Գառնի գյուղի բնակիչները եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը: Հուլիսի կեսերից գետում առկա ջրաքանակը հեռու էր պահանջվածից եւ հրաշք չէր կարող տեղի ունենալ, որովհետեւ գետը սնուցող վտակներն արդեն ցամաքել էին:

Օգոստոսի 21-ին Ազատի կիրճ ժամանած հանձնաժողովականների խնդիրը, ինչպես պարզվեց, ոչ թե մեկ անգամ եւս չափումներով գետի իրական ջրաքանակի մեջ համոզվելն էր, այլ` խարդավանքով իրենց ցանկալի թիվն արձանագրելը:

Գառնի գյուղը նույնպես ոռոգման ջուրը վերցնում է Ազատ գետից: Այդ օրն առավոտից դադարեցվել էր գյուղի ոռոգման ջուրը: Ջրաչափման ժամանակ պարզվել էր, որ «Ոռոգում» ԾԻԳ-ի ենթակա Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցները գյուղի ոռոգման ջուրը փակել են ու լցրել Ազատ գետը, որպեսզի ջրաչափում իրականացնող հանձնաժողովականները կարողանան իրենց վերադասներին գոհացնող ջրաքանակ ցույց տալ: 

Գառնիի մի խումբ բնակիչներ, որոնք ջրաչափումը դիտարկելու նպատակով գտնվել են Ազատի կիրճում, նկատել են, որ գետում այդ օրը սովորականից ավելի ջուր կա, մի բան, որ անհնարին է օգոստոս ամսվա վերջին: Հասկանալով կատարված խարդավանքը եւ հանձնաժողովականների հետ վիճաբանելով կատարվածի շուրջ` նրանք կրկին բացել են գյուղի ոռոգման ջրի ակունքը, որից հետո չափումներ իրականացնողները գետում ավելի քիչ ջուր են գրանցել, քան 5 օր առաջվա ցուցանիշն էր` 1260 լ/վրկ: Սա նշանակում է, որ բնապահպանական թողքից հետո գետում այդ օրը եղել է ընդամենը 410 լ/վրկ ջուր, իսկ օգոստոս ամսին պահանջված ջրաքանակն, ըստ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի` 980 լ/վրկ է (տես` աղյուսակի 10-13 էջերը):   

հ/հ

չափման ամսաթիվ

ելք, մ/վրկ

էկոլոգիական թողք, մրկ

Քաղցրաշենի սխեմայի ջրապահանջը

22·03·2015

2,92

0,86

0,00

12·04·2015

7,53

0,86

0,42

26·04·2015

7,36

0,86

0,42

04·05·2015

5,70

0,86

0,64

10·05·2015

7,63

0,86

0,64

24·05·2015

14,3

0,86

0,64

09·06·2015

8,43

0,86

0,87

20·06·2015

2,55

0,86

0,87

05·07·2015

2,05

0,86

0,98

10·

23·07·2015

1,54

0,86

0,98

11.

05.08.2015

1, 53

0.86

0,98

12.

16.08.2015

1, 30

0,86

0,98

13.

21.08.2015

1,26

0,86

0,98

Այս ամենից հետո «Ոռոգում» ԾԻԳ-ի ղեկավարությունը քննարկում է հրավիրում եւ, ինչպես Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանն է իր հրապարակման մեջ նշում, համոզմունք է հայտնում, որ ««Քաղցրաշենի» ծրագիրը կենսունակ է» եւ իրենք արդեն ծրագրի իրականացման մրցույթ են հայտարարել:

Օգոստոսի 20-ին «Հետքի» աշխատակիցները նկարահանումներ են կատարել Ազատի կիրճում: Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

ԾԻԳ-ի տնօրենին ու նրա վերադասներին, իրականում, ծրագրի կենսունակության համոզիչ ցուցանիշներ պետք էլ չեն, ուստի իր հրապարակման մեջ նա ավելի շատ պատճառաբանություններ է բերել, թե ինչու Ազատ գետը բավարար ջրի պաշար չունի. «ընդ որում, հիշեցնում ենք, որ ջրաչափության տվյալները գրանցվել են եզակի անբարենպաստ տարվա համար` ակնհայտ հեռու միջին վիճակագրականից …», «նման սակավաջուր տարում, ինչպիսին 2015 թ.-նն է…», «ընդ որում, փաստացի ջրաչափությունն իրականացվել է հիդրոլոգիական դիտակետից վերեւ ընկած հատվածում ջրօգտագործման ոչ պատշաճ կառավարման եւ թույլատրված ջրաքանակից ավել ջրառ իրականացնելու պայմաններում …» եւ այլն:

Ծրագրի իրականացման շուրջ ծագած վիճաբանության երկար ու ձիգ ամիսներին մեզ չհաջողվեց գտնել մի մասնագետ, որը կտար բոլորին շատ հուզող հարցի պատասխանը` Հայաստանում հաջորդ տարին ջրառա՞տ կլինի, թե` ոչ: Ավելին, բոլորի կողմից ընդունելի եւ հարգված մասնագետը` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլիկ Սարգսյանը մեր հարցմանը պատասխանեց. «Ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավելանա ջրի քանակությունը, նման ուսումնասիրություն չկա, դեռեւս նվազման միտում կա եւ դժվար է ասել, որ ջրային պաշարների վերականգնում է սպասվում: Այսօրվա դրությամբ ջրի մակարդակն աստիճանաբար նվազում է՝ կապված կլիմայի փոփոխության հետ, որովհետեւ ապացուցված է, որ վերջին 100 տարում ջերմաստիճանը բարձրացավ 6 աստիճանով, դա նշանակում է՝ գոլորշիացումն ավելացավ, իսկ տեղումները պակասել են 10%-ով, որի հետեւանքով 100 տարվա ընթացքում ջուրն էլ պակասեց»:  

Ուրախ կլինենք, եթե որեւէ մեկը մեզ` Հայաստանի բնակիչներիս եւ հենց Ֆելիքս Մելիքյանին կկարողանա ասել, թե ինչպիսի տարի է մեզ սպասվում 2016թ.-ին, 2017թ.-ին եւ հետագա բոլոր տարիներին, գոնե առաջին 5 տարվա կտրվածքով, որպեսզի անիմաստ չդառնա դեռեւս մասնագիտական հիմնավորում չգտած «Քաղրաշենի» ծրագրի համար հայտարարված մրցույթը:

Իր հրապարկման մեջ Ջրային տնտեսության ծրագրի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավարը մի սայթաքում է թույլ տվել` մատնելով ծրագրի իրականացումով շատ շահագրգիռ  անձանց մտադրությունները:

«Ընդ որում, փաստացի ջրաչափությունն իրականացվել է հիդրոլոգիական դիտակետից վերեւ ընկած հատվածում ջրօգտագործման ոչ պատշաճ կառավարման եւ թույլատրված ջրաքանակից ավել ջրառ իրականացնելու պայմաններում»,- ասում է նա:

Սրանով փաստում են, որ առաջիկայում պատրաստվում են կրճատել գյուղին հասանելիք ոռոգման ջուրը, որպեսզի խողովակներով կարողանան ջուր մղել Արտաշատի գյուղերը: Եթե համոզված են, որ Գառնիում թույլատրված ջրաքանակից ավելի ջրառ է իրականացվել, ուրեմն խնդրում ենք, իբրեւ ոլորտի պատասխանատու, պարզեք, թե ամռան շոգ ամիսներին ինչո՞ւ գառնեցիներին գոնե ամիսը մեկ անգամ իրենց հողատարածքները ոռոգելու հնարավորություն չի ընձեռվել:

Օգոստոսի 21-ին հանձնաժողովի կատարած քայլով իսպառ ջնջեցիք հավատը, որ բնակչությանը թույլ կտրվի վերահսկել գետի թողքը: Հաստատեցիք, որ խողովակներն անցկացնելուց հետո ոչ միայն Ազատ գետն եք ջրազրկելու, այլեւ ձեզ ցանկացած պահի ողջ գյուղը կզրկեք ոռոգման ջրից, որպեսզի Արտաշատի գյուղերում էժան ջուր կարողանան օգտագործել:

Նկատի ունեցեք եւս մեկ փաստարկ, նույն Ազատ գետից օրինական ջուր վերցնելու թույլտվություն ունեն նաեւ Գառնիի ֆերմերները` նրանցից մեկին` 80 լ/վրկ է հատկացված, երկրորդին` 60, երրորդին`120-150 լ/վրկ ջուր: Այսինքն, նշված ջրաքանակները վերցնելուց հետո գետում ընդամենը 200-250 լ/վրկ ջուր է մնում: Ի՞նչ տրամաբանությամբ նրանց պետք է արգելվի ոռոգել իրենց հողատարածքները, եթե ծրագրի խնդիրը գյուղացիական տնտեսություններին ջուր մատակարարելն է: Կառավարության համար արտաշատցի ֆերմերներն առավելությո՞ւն ունեն:  

Ֆելիքս Մելիքյանն իր հրապարակման մեջ անդրադառնում է նաեւ իմ երկրորդ հարցադրմանը` Ազատի կիրճում գտնվող 4 բնական հուշարձանների ճակատագրին եւ հետեւյալն է գրում. «Եթե հեղինակն, այնուամենայնիվ, տրամադրի դրանց տեղադիրքերը, զբաղեցրած տարածքների չափերը եւ կոորդինատները, որոնք հստակեցված եւ որոշված չեն պետական լիազոր մարմնի կողմից, ապա, «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ը պատրաստակամ է լրացուցիչ ուսումնասիրությունների»:

Ուզում եմ հայտնել, որ ես Հայաստանի կառավարությունը չեմ: Դուք եք հայտարարել «Քաղցրաշենի» ծրագիրն իրագործելու մասին եւ այս նախադասության մեջ թվարկել եք այդ հարցով բոլոր պատասխանատուներին: Եթե նրանց հետ չեք ճշտել դրանց տեղադիրքերը, ինչպե՞ս եք իրականացնում ծրագիրը: Այդ բոլորը ոչնչացնելու գնո՞վ:

Խարդավանքներով նման պատասխանատու ծրագիր հիմնավորելը, եթե մտահոգիչ չէ Հայաստանի կառավարության համար, ապա պատիվ չի բերում Համաշխարհային բանկին, որն իր մանդատով է հռչակել էկոլոգական եւ սոցիալական խնդիրների կարեւորությունը: Չձեւավորելով մասնագիտական համոզմունք եւ ավելին, համոզված լինելով այդ անհեռանկար ծրագրում, ինչպե՞ս եք հաստատում այն:

Գլխավոր լուսանկարում՝ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
Կարծում եմ, ոչ թե Արտաշատի ֆերմերներն առավելություն ունեն, այլ այնտեղ հողեր ունեցող վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter