HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարը մեկնել է Միացյալ Թագավորություն

Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ֆիլիպ Համոնդը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։

Նախարարներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների, ահաբեկչության դեմ ուղղված միջազգային հանրության պայքարին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններին և դրա հետ կապված զարգացումներին։

ՀՀ արտգործնախարարը քարտուղար Համոնդին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ս.թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման բանաձևը Մեծ Բրիտանիայի կողմից համահեղինակելու համար։

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել ՄԹ եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել հայ-բրիտանական հարաբերությունները, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման ուղիները, միջազգային մի շարք խնդիրներ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարարը իր երկրի աջակցությունը հայտնեց այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter