Այս տարվա ապրիլից սկսել է գործել «Ալիք ռադիոն»` հայալեզու ինտերնետ ռադիոն Թբիլիսիում: Այն մասն է լինելու «Ալիք մեդիա» նախագծի, որն առաջիկայում ընդլայնվելու միտում ունի:
«Ալիք մեդիա»-ի նպատակն է՝ Վրաստանի հայ համայնքում կատարվող իրադարձությունները ներկայացնել վրացերեն, և հակառակը՝ Վրաստանում կատարվող իրադարձությունները մատուցել նաև հայերեն: Այս կերպ Վրաստանում ապրող հայերը կտեղեկանան երկրում կատարվող իրադարձություններին:
«Ալիք մեդիայի» նախաձեռնողը Արսեն Խառատյանն է: Ասում է՝ ի սկզբանե թիրախը Ջավախքի հայերն էին, որովհետև ինֆորմացիայի հիմնական աղբյուրը, լինի դա Վրաստանի մասին, թե տարածաշրջանի, թե աշխարհի, ջավախքցիները ստանում են հայաստանյան կամ ռուսալեզու մամուլից: Թեկուզ Ջավախքում կան գործող լրատվամիջոցներ, բայց նրանք ներհամայնքային կյանք են լուսաբանում, մինչդեռ «Ալիք մեդիայի» խնդիրը Վրաստանի իրադարձությունները, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային գործընթացները լուսաբանելն է:
«Ցավոք, այսօր Վրաստանի հայկական մեդիա տարածքը թույլ վիճակում է: Այո, Ջավախքում մի քանի հեռուստաընկերություն, ռադիո, օնլայն մեդիա կա, բայց Թբիլիսիում, որտեղ ամեն ինչ է տեղի ունենում, պարբերաբար հայերենով լուսաբանող լրատվամիջոց չկա, բացառությամբ «Վրաստան» շաբաթաթերթի և 12 րոպե պետական հեռուստաընկերությամբ տրվող հաղորդման, Վրաստանի հայ համայնքի կայքի: Բայց որպես այդպիսին գործող օրգանիզմ, որն ամեն րոպե, ամենօրյա ռեժիմով լրագրողական աշխատանք է անում, չկա»,-ասում է Արսեն Խառատյանը:
Ջավախքի հայության համար ռադիոն ինտենգրացիոն գործընթաց է լինելու:
«Թիֆլիսում լինելը այդ առումով շատ կարևոր է: Թիֆլիսում պիտի լինես, որ պատգամավորի հետ հարցազրույց անես, նախարարին հարց տաս և այլն»,-ավելացնում է Արսեն Խառատյանը:
![]() |
Պավել Օգանեզով |
Պավել Օգանեզովն ասում է, որ այս հարթակի միջոցով վրացիները կիմանան, թե ինչ է կատարվում հայ համայնքում:
Աղաբեկ Սիմոնյանը լրացնում է գործընկերոջը՝ նորաբաց մեդիան հայ-վրացական երկխոսության հարթակ է լինելու:
![]() |
Աղաբեկ Սիմոնյան |
«Ինձ թվում է, որ դառնալու ենք այդ աղբյուրը, որ Հայաստանի լրատվամիջոցները Վրաստանի մասին լրիվ տեղեկատվությունը մեզնից են վերցնելու»,-ևս մեկ գործոն է նշում խմբագիր Գիտա Էլիբեկյանը: Նա Հայաստանի Հանրային ռադիոյի նախկին աշխատակիցն է և այժմ ապրում է Թբիլիսիում:
![]() |
Գիտա Էլիբեկյան |
Ֆինանսական սուղ միջոցներով, բայց մեծ հույսերով «Ալիք մեդիայի» նոր ձևավորված անձնակազմը սկսել է նյութեր հեռարձակել «Ալիք ռադիո»-ի ինտերնետ տիրույթում:
«Ալիք մեդիա»-ի անձնակազմի անդամները Վրաստանի տարբեր շրջաններից են՝ Քվեմո-Քարթլի, Թբիլիսի և Հայաստանից տեղափոխված փորձառու լրագրողներից: Աղաբեկ Սիմոնյանն ու Նորիկ Գասպարյանը Քվեմո-Քարթլիի շրջանի Շահումյան գյուղից են: Լիզան ու Պավելը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ են: Առաջիկայում ներգրավելու են նաև լրագրող Ջավախքից:
![]() |
Լիզա Թորոսյան |
«Ալիք մեդիան» նպատակ ունի զարգացնել սփռման տիրույթը և, եթե ստացվի, նաև թերթ հրատարակել: Ռադիոն են ընտրել՝ ռեսուրսների սղության պատճառով. այն ավելի քիչ ռեսուրս է պահանջում, քան մյուս լրատվամիջոցները: Սակայն, հետագա նպատակը web TV ունենալն է:
«Ալիքը ռադիոն» այս փուլում ձգտում է FM հաճախականությություն ունենալ: Սկզբնական շրջանում թեկուզ վրացական որևէ FM ռադիոյով եթեր դուրս գալ, այնուհետև, ինչու չէ նաև սեփական հաճախականությունը գրանցել:
«Մենք գիտենք, որ թիֆլիսահայությունը ռուսախոս է, և այդ տեսանկյունից ես վստահ եմ, որ եթե մենք կարողանանք ինչ-որ տեղից նաև FM հաճախականություն ունենալ կամ հասնենք նրան, որ մեզ հետևողների թիվն աճի, ապա Թբիլիսիիում մեքենայում նստած յուրաքանչյուր հայ կմիացնի այդ ռադիոն և հայերենով կլսի Վրաստանի մասին լրատվություն, իր ինքնության մեջ դրական տրանսֆորմացիա կլինի, ինքն իրեն կզգա այս երկրի ճանաչված քաղաքացի, միևնույն ժամանակ չի լարվի իր ինքնությունը հրապարակավ բացահայտելու»,-ասում է Արսեն Խառատյանը:
«Ալիք մեդիան» արդեն գրասենյակ ունի Թբիլիսիի Տ. Չովելիձե 43 հասցեում: Ամռանը նաև պետական գրանցում է ստացել որպես հասարակական կազմակերպություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել