«Չեք անցկացնի» նախաձեռնությունը համաժողովը կանցկացնի ՀԺԿ գրասենյակում, քանի որ հյուրանոցները մերժել են տարածք տրամադրել
Լիլիթ Թադևոսյան
«Չեք անցկացնի» նախաձեռնության համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին ՀԺԿ գրասենյակում, քանի որ Երևանում գործող հյուրանոցները հրաժարվել են համաժողովի անցկացման համար տարածք տրամադրելուց:
Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Արշակ Մուսախանյանը:
«Դիմել ենք «Անի Պլազա», «Կոնգրես» հյուրանոց, «Մարիոթ», «Գոլդեն Թուլիփ», «Հրազդան», «Երևան պլազա» և այսպես մոտ տասը հյուրանոց: Սկզբից իրենք ամրագրել են ու հետո հասկացել են՝ ինչ միջոցառում է լինելու՝ բոլորը զանգել են ու մերժել: Այսինքն ոչ թե տեղի ու ժամանակի խնդիր է եղել, այլ քաղաքական խնդիր է եղել իրենց մոտ: Մեր քաղաքական գնահատականն այն է, որ իշխանությունները հասկացել են, որ բացի իրենց բևեռից՝ այսինքն՝ «այո»-ի բևեռից, այդ ֆոտոսոսիան, որ Սերժ Սարգսյանը կազմակերպել էր, ձևավորվում է նաև երկրորդ բևեռը՝ «ոչ»-ի բևեռը, իրենք անհանգստացած այդ հանգամանքով` փորձում են ամեն կերպ խոչընդոտել մեր աշխատանքները»,- ասաց Արշակ Մուսախանյանը:
Նա նշեց, որ քանի որ իրենք չէին ուզում հետաձգել համաժողովի անցկացումը, որ շատ կարևոր համաժողով է, այդ պատճառով էլ դիմել են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին և վերջինս տրամադրել է ՀԺԿ- դահլիճը՝ համաժողովն անցկացնելու համար:
Մուսախանյանը տեղեկացրեց, որ քաղաքական ուժերից հրավիրված են լինելու Հայ Ազգային Կոնգրեսի, «Ժառանգության», «Հիմնադիր խոհրդարանի» ներկայացուցիչները, կլինեն նաև այլ քաղաքական միավորումներ, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, տեղի կունենան ելույթներ, բոլորն իրենց դիրքորոշումները կարտահայտեն և վերջում ընդհանուր հայտարարության տեքստը կստորագրվի, որը «ոչ»-ի ճակատի հայտարարությունը կլինի:
«Համաժողովի հայտարարության տեքստը նախապես համաձայնեցվում է բոլորի հետ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տեղում քննարկում ծավալելը արդյունավետ չի: Քննարկումը անում ենք նախօրոք, տեղում ներկայացնում ենք հանրությանը»,- եզրափակեց Արշակ Մուսախանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել