HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախցի տիկնիկագործը երազում է շրջել գյուղերով ու երեխաների մեկ օրը հեքիաթի վերածել

Մասնագիտությամբ ռեժիսոր, ամուսիններ Էդգար Թաթիկյանի և Գոհար Առաքելյանի Շուշիի բնակարանն առաջին հայացքից ոչնչով «աչքի չի ընկնում»։ Բայց հյուրերից յուրաքանչյուրը հիացմունքից մի պահ քարանում է, երբ բացվում է սենյակներից մեկի դուռը․․․ Դուռ, որը առաջ բացում է տիկնիկների ու հեքիաթների աշխարհը, որտեղ հին ճամպրուկների, սնդուկի ու դեկորների վրա կողք կողքի կարելի է տեսնել բրեմենյան երաժիշտներին, Անդերսենի խոզարածին արաքյադստեր հետ և  մանկությունից բոլորիս ծանոթ ու սիրված հեքիաթի շատ ու շատ հերոսների։

Տիկնիկագործ Գոհարն այսօր խոստովանում է, որ տիկնիկային թատրոնի նկատմամբ սերը վաղուց կար, հետո մի քանի անգամ առիթ է եղել հանդես գալ Երվանդ Մանարյանի «Ագուլիս» տիկնիկային թատրոնում։

«Այս աշխատանքի ամանալավ բանը էն է, որ տիկնիկների միջոցով անհավանական բաները հավանական ես դարձնում։ Ամեն մի ներկայացում պատրաստելիս երեխա ես դառնում ու  հաճույք ստանում ողջ գործընթացից։ Հոգում միշտ երեխա մնալն էլ օգնում է, որ տիկնիկավարները երկար ապրեն ու չծերանան»,- ասում է Գոհարը։

Էդգարը, ով միշտ ոգևորում ու աջակցում է կնոջ ամենախենթ գաղափարներն անգամ, խոստովանում է, որ տիկնիկայինը լավագույն տարբերակն է, որտեղ հեշտությամբ Գոհարի բոլոր անհավանական գաղափարները ստացվում է իրականացնել։

«Թատրոնում ներկայացում անելու ժամանակ Գոհարը երբեմն դերասաններից անհնարին բաներ էր պահանջում։ Տիկնիկների միջոցով ստացվում է ցույց տալ ամենաանհավանական բաներն անգամ»,-ասում է Էդգարը։

Իսկ ամեն ինչ սկսվեց շատ պատահական։ 2012թ․ Երևանից տեղափոխվելով Արցախ՝ ռեժիսոր ամուսինները սկսեցին աշխատել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Այնպես ստացվեց, որ թատրոնը ծրագրով պետք էր մանկական ներկայացում պատրաստեր։

«Ռեժիսորը, ով պետք էր «Բրեմենյան երաժիշտները» բեմադրեր, ինչ-որ պատճառներով չկարողացավ անել, և մենք որոշեցինք փորձել։ Բյուջեն սահմանափակ էր, իսկ քանի որ, ըստ իմ մտահղացման, պետք է ներկայացումը տիկնիկային լիներ, որոշեցի ձեռի տակ ունեցած նյութերից տիկնիկներ պատրաստել։ Այդ ներկայացումը 7 անգամ խաղացինք տարբեր շրջաններում ու Ստեփանակերտում»,- հիշում է Գոհարը։

Դրանից հետո էլ, ինչպես պատմում են ամուսինները, իրենք սկսեցին մտածել սեփական թատերախումբ ունենալու մասին։ Գոհարը սկսեց տիկնիկներ պատրաստել սեփական միջոցներով, իսկ Էդգարը հանձն առավ Անդերսենի «Խոզարածը» հեքիաթի մոտիվներով «Արքայադստեր հարյուր համբույրը» պիեսը գրել։

Այդ ընթացքում արդեն ամուսինների ստեղծած «Երեք խնձոր» շրջիկ թատերախումբը շահեց «Awesome Faundation»-ի դրամաշնորհը, որի միջոցներով «Արքայադստեր հարյուր համբույրը» ներկայցումը ցուցադրեցին չորս սահմանամերձ գյուղերում՝Թալիշում, Մատաղիսում, Խրամորթում և Ուղտասարում։

«Իմ մանկությունն անցել է Եղեգնաձորում և այդ հետպատերազմյան տարիներին ես գիտեի, որ կա տիկնիկային թատրոն, բայց թե դա ինչ է, այդպես էլ ես մանուկ ժամանակ չտեսա։ Հիմա մենք մեր թատերախմբով ուզում ենք այնպես անել, որ այսօր ոչ մի երեխա, մանավանդ գյուղից, կարոտ չմնա ուրախության ու հեքիաթի»,- ասում է Գոհարը։

Բացի հիմնական ներկայացումներից, տոն օրերին Գոհարն ու էդգարը ծաղրածուի շորեր են հագնում, մի քանի տիկնիկ վերցնում և Ստեփանակերտի ու Բերձորի գիշերօթիկ դպրոցի սաների համար զվարճացնող շուներ կազմակերպում։

Օրերս էլ «Երեք խնձոր» շրջիկ թատերախումբը Էդգարի գրած «Ով աշխատնի, նա էլ կուտի» ներկայցումն են ցուցադրել Կովսականի և հարակաից գյուղերի երեխանների համար։

«Քաշաթաղի շրջանի Դիցմայրիի դպրոցը գտնվում է ԼՂՀ ԱԳՆ հովանավորության ներքո։ Նախարարությունն էլ հենց աջակեցեց մեզ, որպեսզի այդ ներկայցումը ցուցադրենք Դիցմայրիի երեխանների համար։ Բայց քանի որ գյուղը դահլիճ չուներ, որոշեցինք երեխաններին բերել Կովսական և հրավիրել նաև հարակից գյուղերից՝ ցանկացողներին»,-ասում է Էդգարը։

Մինչ այսօր «Երեք խնձոր» շրջիկ թատերախումբը ներկայցումների համար տոմս չի վաճառել։ Նրանք փորձում են իրենց ուժերով գտնել հովանավորներ կամ հիմնադրամներ, ովքեր աջակցում են իրենց տարբեր բնակավայրերում ներկայցումներ խաղալու համար։

«Մեր երզանքը «անիվների վրա տուն» ունենալն է, որ շրջենք գյուղերով, ճանապարհին դաշտում աշխատողներին տիկնիկներով ողջունենք, հետո մարդկանց էստի համեցեք կանչենք, հավաքենք գյուղամիջում ու մեր ներկայցումը խաղանք»,- ասում է Գոհարը։

 «Երեք խնձոր» շրջիկ թատերախումբն արդեն նոր ներկայացում է պատրաստում և Գոհարի հավաստմամբ այն կլինի այլ ֆորմատով և մեծ. հնարավոր է արդեն սեպտեմբերի վերջին ներկայացման առաջնախաղը կկազմակերպեն հեռավոր գյուղերից մեկում։

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter