Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով նորանշանակ տնօրենին
Սեպտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով նորանշանակ տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը:
Պատվիրակության կազմում են եղել տարածաշրջանային նախկին տնօրեն Հենրի Քերալին, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լաուրա Բեյլին, ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը և գործառնությունների գծով պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, տեղակալներ Սերգեյ Ավետիսյանը և Էմիլ Տարասյանը, Հայկական զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է տիկին Թեմբոնին նոր նշանակման առթիվ, պատրաստակամություն հայտնել շարունակելու և հետագայում առավել խորացնելու Հայաստան-ՀԲ համագործակցությունը` համատեղ ջանքերով նոր ուղիներ փնտրելով զարգացման և բարեփոխումների գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու առումով:
Մերսի Թեմբոնն իր գոհունակությունն է արտահայտել տարածաշրջանում աշխատելու հնարավորության համար և հայտնել իր մեծ ոգևորությունը Համաշխարհային Բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերի իրականացման արդյունքների առնչությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը, լինելով փոքր, սահմանափակ բնական ռեսուրսներով, բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող երկիր, ունի մարդկային և մտավոր այնպիսի կապիտալ, որը կարող է դառնալ երկրի զարգացման կարևորագույն առանցքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ընդհանուր տնտեսության և ոլորտային զարգացման քաղաքականության հարցերի բավականին ընդգրկուն շրջանակ:
Արծարծվել են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված գործընթացներին, ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա խորացման հնարավորություններին, քաղաքացիական ավիացիայի բարեփոխումների ընթացքին, երկրում էլեկտրոնային հասարակության կայացման ուղղությամբ գրանցված նկատելի առաջընթացին վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ընդհանուր համակարգմամբ և ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերին:
Քննարկվել է նաև Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ միջազգային կառույցների և մասնավորապես ՀԲ կողմից իրականացվող կանխատեսումների հարցը: Նախարարը կարծիք է հայտնել, որ կանխատեսումներ անելիս պետք չէ գերագնահատել արտաքին տնտեսական ազդեցությունները և թերագնահատել երկրի ներքին պոտենցիալը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ կանխատեսումների նկատմամբ առավել զգուշավոր մոտեցումը բխում է երկու կողմերի շահերից:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել ձևավորված արդյունավետ գործընկերային հարաբերությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել