«Արդյոք սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի վերարտադրման համար են արվում». Տ. Ուրիխանյան
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ՀՀ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախագիծը ներկայացնող Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին հարց ուղղեց, թե գործող Սահմանադրության ո՞ր դրույթը չի տալիս հնարավորություն ՀՀ սոցիալական ծառայություններին՝ նկատելու Վաղարշյան փողոցում 40 աստիճան շոգի ժամանակ կանգնած հաշմանդամ մարդուն, որը փող է մուրում՝ գոյություն պահպանելու համար: Կամ գործող Սահմանադրության մեջ ի՞նչն է խանգարում չնշանակել հանցագործներին բարձրաստիճան պաշտոնների: Բացի այդ՝ Տիգրան Ուրիխանյանը ցանկացավ իմանալ, որ եթե այս նախագիծն այդպիսի «փրկության» նախագիծ էր, ապա ինչու այն մի քանի տարի առաջ չբերվեց:
Վարդան Պողոսյանը պատասխանեց միայն վերջին հարցին՝ նշելով, որ կիսանախագահական համակարգն իր մեջ իսկապես պարունակում է լրջագույն խնդիրներ:
Նա նշեց, որ կառավարման այսպիսի պայմաններում անհնար է իրականացնել որոշակի խնդիրներ՝ առանց ցնցումների:
«Քաղաքականության մեջ շատ բաներ են հնարավոր և կարելի էր մտածել 2008-ին էլ նման փոփոխություններ անցկացնել, բայց որևէ մեկը այդ փոփոխությունների առաջարկը չէր կարող շատ լուրջ ընդունել, որովհետև Սահմանադրությունը 2005 թվականին էր փոփոխվել»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Արձագանքելով՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ անշուշտ իր համար այս հարցը ավելի շատ քաղաքական է, քան իրավական, և իրենք միշտ դեմ են եղել անարդյունավետ կառավարող իշխանությունների համար վերարտադրվելու հնարավորություն ստեղծելուն:
«Արդյոք սա կապված չէ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ, որ սահմանադրական արգելքը իրեն հնարավորություն չի ընձեռում վերարատադրել: Հնարավոր չէ՞ 2018 թվականի հունիս-հուլիսին դա անել»,- հարցրեց Ուրիխանյանը:
Ի պատասխան՝ Վարդան Պողոսյանն ասաց, որն ինքը բազմիցս առիթ ունեցել է խոսելու, որ այդ թեզը չունի անհրաժեշտ հիմնավորում: Պողոսյանի խոսքերով՝ խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանը իրականացնում է սահմանդրական փոփոխություններ միայն իր իշխանությունը երկարացնելու համար, որևէ հիմքից զուրկ են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել