
Պոլիտեխնիկի ռեկտորն առաջարկում է ընդունելությունը կազմակերպել մեկ քննությամբ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն այսօր, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանը, մտահոգություն է հայտնել ընդունելության քննությունների հետ կապված և առաջարկել է կազմակերպել ընդունելությունը մեկ քննությամբ՝ հիմնականում «Մաթեմատիկա» առարկայից, իսկ որոշ դեպքերում առարկայի ընտրությունը թողնել դիմորդին «Ֆիզիկա» կամ «Մաթեմատիկա»։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Աշոտյանը տեղեկացրել է, որ նախարարությունում արդեն քննարկվում է այդ հարցը՝ հեշտացնել տեխնիկական և տեխնոլոգիական մասնագիտությունների ընդունելությունը։
Համալսարանի ռեկտորն առաջարկել է նաև երկարացնել ՀԱՊՀ հեռակա ընդունելության համար նախատեսված դիմումների ժամկետները։ Նշել է նաև, որ անհրաժեշտություն կա վերանայել համալսարանի կանոնադրությունը։
Աշոտյանը առաջարկել է Պոլիտեխնիկականի ֆինանսական վիճակը բարելավելու համար օգտվել հիմնադրամի ընձեռած հնարավորությունից, ինչպես նաև ուշադրությունը սևեռել հատկապես միջազգային ծրագրերի, բուհի առևտրայնացման և հիմնադրամների վրա։
Հանդիպմանը անդրադարձել են նաև ՀԱՊՀ մասնաճյուղերին։ «Մասնաճյուղերում անհրաժեշտ է վարել այնպիսի քաղաքականություն, որ շրջաններում ինժեներական կրթությունը պահպանվի և առաջընթաց ապրի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել