HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Իջևանի հին քաղաքապետի նոր «ֆինտերը»

Նոյեմբերի 13-ին Իջևանի քաղաքապետի ընտրություններն են, իսկ վաղը հին-ներկա քաղաքապետը խիստ ուշագրավ օրակարգով ավագանու նիստ է հրավիրել

Տարիներ շարունակ Իջևանի քաղաքապետարանի բյուջեն հնդկական «սուրբ կով» էր հիշեցնում: Ոչ ոք իրավունք չուներ բյուջեի մասին տեղեկություն ունենալու: Ավագանու անդամներն անգամ դատարանի որոշմամբ մի տեղեկանք էլ չկարողացան «պոկել» քաղաքապետից: 12 տարվա քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ոչ թե այս կամ այն պատգամավորի գլուխը շշով ջարդելով է հանրությանը հայտնի, այլ ավագանու նկատմամբ իր բուռն, անմնացորդ ատելությամբ: Եվ պատահական չէ, որ նա տարիներ շարունակ քաղաքը «տնօրինել է» առանց ավագանու նիստերի:

Բայց ժամանակները փոխվում են, հիմա ավագանուն «խիստ է սիրում», քանի որ վերջապես այնտեղ «թվային գերակշռություն» ունի:

Ու հիմա` ընտրություններից երեք օր առաջ' նոյեմբերի 10-ին, հանկարծ որոշել է ավագանու նիստ անել: Եվ ի՞նչ է օրակարգում. է՜լ մի քանի տասնյակ բնակարաններ անհատույց օտարելու մասին, է՜լ անհատույց հողամասեր հատկացնելու մասին, է՜լ անօրինական, ինքնակամ շինությունները, ինքնակամ օգտագործվող հողամասերը օրինականացնելով անհատույց տրամադրելու մասին..., է՜լ երկար ժամանակ կատարած աշխատանքների դիմաց չվճարված աշխատավարձի պարտքերի վճարում...

Մի խոսքով, քաղաքապետի «առատության եղջյուրներից» բարության մանանա է թափվում խեղճուկրակ ժողովրդի գլխին: Դուք կարծում եք, թե սա ընտրություններից առաջ ընտրակաշառքի մի ձև՞ է: Ոչ, սխալվում եք, սա քաղաքապետի սովորական գործառույթներից է, որ տարիների ընթացքում պիտի աներ: Չնայած Իջևանում ասում են, թե սրանով մի 100-150 ձայն Վարուժանը կպոկի իր ուժեղ մրցակցից:

Իսկ միակ մրցակիցը քաղաքացիական նախաձեռնությամբ քաղաքապետի թեկնածու դարձած ավագանու անդամ Վարդան Ղալումյանն է: Միակը, ով որոշել է քաղաքապետի դեմ իր թեկնածությունը դնել և անպայման հաղթել: Ի դեպ, Վարդանն այն եզակի մարդկանցից է, ով ավագանու անդամ լինելով' տարիներ շարունակ պայքարել է քաղաքապետի անօրինական ու «փակ» գործունեության դեմ:

Մենք փորձեցինք քաղաքապետից ճշտել, թե որն է այսքան «տռուզ» օրակարգով ավագանու նիստ գումարելու պատճառը, բայց Վ.Ներսիսյանը «անհասանելի» էր: Խոսեցինք նրա հակառակորդի' Վարդան Ղալումյանի հետ:

- Դե, ընտրություններից 3 օր առաջ մարդկանց բարիքներով բավարարում է,- ասաց նա,- հողի օտարման գները հանեք-համեմատեք շուկայական գների հետ, և ամեն ինչ պարզ կլինի: Տարիներով մարդկանց երևի սպասեցնել է տվել, որ էս օրը սեփականացնի ու մարդկանց աչքին «բարեգործ» երևա: Ձայների խնդիր է, պարզ չէ՞:

Ով ինչ ուզում է ասի, Վարուժան Ներսիսյանը քաղաքական սուր հոտառություն ունի: Երբևէ որևէ կուսակցության մեջ չմտած (կոմունիստներին չհաշված) քաղաքապետը վերջերս իշխող Հանրապետական կուսակցության անդամ դարձավ և քաղաքական «կռիշի» հարցն էլ լուծեց: Ու հիմա, երբ բոլորը հրաժարական են տալիս և գնում ՀՀԿ-ի շտաբ, որպեսզի վերջապես արդար ընտրություններ անեն, աչք են փակելու իրենց նորաթուխ անդամի խորամանկ «ֆինտուֆլյուշկի»' ավագանու նիստի բովանդակության վրա:

Հետգրության փոխարեն. մեր թղթակիցները երկու օր է' Իջևանում են: Հարցումներ են անցկացնում փողոցներում, շուկաներում, նաև որոշ հիմնարկներում: Վախի մթնոլորտ է քաղաքում: Մարդիկ խուսափում են հարցերին պատասխանել, բա որ հանկարծ Ներսիսյանն իմանա, որ իրենք Ղալումյանին են նախընտրում:

Այնուամենայնիվ մեր թղթակիցներին հաջողվեց 33 մարդու հարցնել, թե ում են ընտրելու: Ներկայացնում ենք արդյունքները:

13 հոգի վախից հրաժարվեց պատասխանել:

11 հոգի անվերապահ ընտրելու է Վ. Ղալումյանին:

4 հոգի կընտրի Վ. Ներսիսյանին:

5 հոգի պատասխանեց, որ ընտրությունների չի գնա, որովհետև մեկ է' ընտրությունները կեղծելու են, և քաղաքապետը չի փոխվելու:

Այսօր մեր թղթակիցները կվերադառնան Երևան, և մենք նախընտրական Իջևանի մասին առավել մանրամասն կներկայացնենք վաղվա համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter