HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ թե պետք է փոխել Սահմանադրությունը, այլ պետք է քաղաքական կամք դրսևորել, որ սահմանադրական նորմերը գործեն». Գագիկ Ջհանգիրյան

Լիլիթ Թադևոսյան

«Մեր այս քննարկումն ինձ հիշեցնում է մի ժողովրդական ասացվածք. ժողովուրդն ասում է ՝ «Ջուրն եկել ջաղացը տարել է, մենք չախչախին ենք ման գալիս»: Հիմա, կարծեք թե այս երկրի բոլոր պրոբլեմները հանգուցալուծվում կամ բոլոր պրոբլեմների համար մեղավորը Սահմանադրությունն է, որ մենք բոլոր գործ ու անելիք թողած՝ փորձում ենք բարեփոխել Սահմանադրությունը»,- ՀՀ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա իր ելույթում մի շարք հարցեր հնչեցրեց` մասնավորապես ասելով, թե «մի՞թե Սահմանադրությունն է մեղավոր, որ տնտեսական ու սոցիալական այսպիսի վիճակ է, որ աղքատությունը տարիներ շարունակ 35-36 տոկոսից չի իջնում, որ ահագնացող չափերի արտագաղթ կա, որ այս երկրում արդարություն չկա, որ քաղաքացիները պաշտպանված չեն, որ պետական բյուջեի նույնիսկ իշխանական մարմինները վատնումների, յուրացումների հսկայական չափեր են արձանագրում, որ կոռուպցիան համակարգային բնույթ է կրել»:

«Հիմա, մենք բոլորս այս բոլորը մոռացել ենք ու բարեփոխում ենք Սահմանադրությունը, ու որպեսզի իմ դատողությունները չասեն՝ սուբյեկտիվ է կամ ոչ հիմնավոր, ես պետք է փորձեմ իմ խոսքը կառուցել մեր իրավաբան-հեղինակների կողմից մշակված սահմանադրական փոփոխություների հայեցակարգից որոշ հղումներ կատարելով՝ հենվելով այդ հայեցակարգի վրա և նաև Վենետիկի հանձնաժողովի՝ նախագծի վերաբերյալ տրված եզրակացության մի քանի դրույթների վրա: Ընդհանրապես  իրավական համակարգում, եթե որոշում եք բարեփոխել ինչ-որ օրենք, նախ և առաջ այդ օրենքը պետք է կյանքում իրագործվի, կենսագործվի, աշխատի, որպեսզի մենք տեսնենք, թե որ դրույթն է, որ խանգարում է հասարակական հարաբերությունների հետագա զարգացմանը, որն է հնացել և այդ փոփոխությունները ինչ ուղղությամբ պետք է կատարվեն»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշեց, որ այս խնդրին անդրադառնալիս կարևորում է հայեցակարգում տեղ գտած այսպիսի մի դատողություն և մեջբերում է ուղղակի խոսքով, որպեսզի որևէ այլ տարընթերցում չլինի:

«Հետևողականորեն չի իրականացվում Սահմանադրության` փոփոխման ոչ ենթակա 2-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով: Ճիշտն ասած, սրանից հետո կարելի է էլ որևէ փաստարկ չբերել, եթե ժողովուրդը զրկված է իր սահմանադրական հիմնական առաքելությունից՝ ազատ ընտրությունների միջոցով  իշխանություն ձևավորելու իր առաքելությունից: Հիմա ես ինչ ուզում է խոսեմ` ինչ կառավարման համակարգ ուզում եք մենք որդեգրենք, այստեղ լիազորությունների ինչ բաժանում ուզում եք անենք, այդ իշխանությունը ժողովրդին չի պատկանում, ժողովուրդը դա չի ձևավորել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության մի շարք հոդվածներ չեն կիրառվում և կարգախոսային բնույթ են ստացել:

Գագիկ Ջհանգիրյանը նաև հավելեց, որ ոչ թե պետք է փոխեն Սահմանադրությունը, այլ պետք է քաղաքական կամք դրսևորեն, հետամուտ լինեն, որ սահմանադրական նորմերը գործեն, աշխատեն, ապրեն այդ սահմանադրության կանոններով, հետո որոշեն՝ ինչն են բարեփոխում, ինչպես են բարեփոխում:

Խոսելով մեկ այլ դրույթի մասին՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Գործող նախագահը 2012 թվականի հունիսի 30-ի կարգադրությամբ հաստատում է իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և այդ ծրագրերից բխող միջոցառումների ցանկը: Միջոցառումների ցանկն ավարտվում է 2016 թվականի վերջին, այսինքն՝ 2012 թվականի հունիսին իշխանությունը իրավական և դատական բարեփոխումների ծրագիր է ընդունում միջոցառումների, այդ ի՞նչն է միջոցառումը՝ օրենք-օրենսգիրք և այլն, և այդ ծրագրով որևէ հիշատակում, որևէ նշում, հիշեցում, անդրադարձ Սահմանադրական փոփոխությունների մասին չկա: Ուրեմն մի բան պետք է եզրակացնել, որ այս բարեփոխումների անհրաժեշտությունը իշխանության համար, իմ կարծիքով, ծագել է հընթացս և չգիտեմ, թե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով»:

Խոսելով մեկ այլ խնդրի մասին, որը վերաբերում է քաղաքական մենաշնորհին, Գագիկ Ջհանգիրյանը, խոսքը հատկապես ուղղելով քնարկմանը ներկա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, ասաց, որ իրենց քննարկմանը ներկայացված նախագծով ոչ միայն չի հաղթահարվել քաղաքական մենաշնորհի խնդիրը, այլև մենաշնորհի խնդիրը նրանք բարձրացրել են ու դարձրել են սահմանադրական սկզբունք:

«Այս պարագայում ինչ կապ ունի կառավարման համակարգի ձևի փոփոխությունը, ինչ կարևոր է՝ մենք մի առաջնային մանդատ ունեցող մարմին ենք ընտրում, թե երկուսն ենք ընտրում, եթե այդ բոլոր մարմիները մի քաղաքական ուժի ազդեցության տակ են լինելու: Ինձ թվում է` մեր իրավական գիտնականները, այդ հայցեկարգի մշակման ժամանակ դուք  շատ ավելի անկաշկանդ, ազատ, ավելի ինքուրույն եք գործել, քան թե նախագիծը մշակելիս, որովհետ շատ բաներ, որ արձանագրել եք հայեցակարգում, նախագծում հակառակ ծայրահեղությանն եք եկել: Այսինքն՝ սա նշանակում է, որ, այստեղ պատվերն է փոխվել, ոչ թե դուք եք մեղավոր: Հիմա, եթե մենք ունենում ենք քաղաքական մենաշնորհ և դա դարձնում ենք սահամանադրական սկզբունք, բնական է, որ սահմանադրական նորմերը շարունակելու են չգործել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Այնուհետև  պատգամավորը Վենետիկի հանձնաժողովից մեջբերեց Իտալիայի օրենքում քվերակությունների երկրորդ փուլի Հայաստանին առնչվող հատվածը. «Այս համակարգը երկար փորձի պտուղ է: Չի կարելի ենթադրել, որ այն հեշտությամբ փոխառելի է այլ երկրների կողմից, որոնք նոր են ընդունում խորհրդարանական համակարգը և առաջին անգամ են փորձարկում: Բա սրանից ավելի ուղիղ էս փորձագետներն էլ ի՞նչ ասեն: Փորձագետի հետ բանակցելը ո՞րն է, եթե փորձագետի հետ բանակցում են, ուրեմն կաշառում են, փորձագետն ինքը ինքնուրույն է և սկզբունքային տեսակետ ու եզրակացություն պիտի տա, փորձագետի հետ բանակցել չի կարելի»: 

Ուշադրություն հրավիրելով ևս մեկ կարևոր հանգամանքի վրա` Գագիկ Ջհանգիրյանը անդրադարձավ Վարդան Պողոսյանին՝ ասելով, որ վերջինս էլ իր խոսքում նշեց, որ խորհրդանական համակարգի կառավարման անցման կարևոր նախադրյալներից մեկը կայացած քաղաքական համակարգի առկայությունն է: Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ սա մի քիչ «հավի ու ձվի» պատմության նման է, «բայց պետք է դա լինի չէ՞, որ գնան պառլամենատականին»:

«Հայեցակարգի հեղինակները խոստովանում են` մեզանում առկա խնդիրները ի թիվս այլոց, պայմանավորված են քաղաքական մշակույթի ցածր մակարդակով, կուսակցական համակարգի ոչ բավարար կայացվածությամբ: Եթե ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, պիտի ասենք, որ Հայաստանում երկու-երեք քաղաքական ուժից կամ կուսակցությունից բացի հստակ գաղափարախոսություն ունեցող, հստակ քաղաքականություն իրականացնող և վարող ուժեր չկան:

Ավելին՝ կուսակցությունից կուսակցություն ցատկելը,  խմբակցություններից թռնելը, դաշինքից դաշինք փախչելը՝ դարձել է  հին քաղաքական ավանդույթ է, և այս պարագայում մենք գնում ենք խորհրդարանական համակարգի»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Իր խոսքի վերջում Գ. Ջհանգիրյանն ասաց, որ  բազմաթիվ դրական նորմեր էլ են նախատեսված, բայց, իր խոսքերով՝ ինչպես ասում են «շան գլուխը թաղված է» հետևյալ հարցի մեջ, եթե քաղաքական մենաշնորհն այս նախագծով վերարտադրվում է, այս բոլորն ուղղակի համեմունքն են, որովհետև իշխանության խնդիրը մնում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, հնարավոր է մեկ անհատի ձեռքում, և դա որևէ դրական բան չի փոխելու իրական կյանքում, ուստի ինքը դեմ է քվեարկելու այս նախագծին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter