HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես բանտում հանդիպեցի Վարդան Պետրոսյանին

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից    

Ժամանակ առ ժամանակ իմ կյանքում տեղի են ունենում այնպիսի զուգադիպություններ, որոնք դժվար է պարզապես հավանականության տեսությամբ բացատրել: Ուզում եմ պատմել մի տարօրինակ, ավելին` միստիկ հանդիպման մասին, որը տեղի ունեցավ «Նուբարաշեն» կլոր բանտում դեռ անցյալ տարի: Մեծ էր տեսածիս, զգացածիս գայթակղությունը, և դրական էմոցիաներս ուզում էի կիսել ընթերցողի հետ, բայց բանտային այդ հանդիպման մասին չէի կարող գրել, քանի դեռ չէին անցել «վաղեմության ժամկետները»:

Հիմա, փառք Աստծո, Վարդան Պետրոսյանն արդեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չէ, բաց ռեժիմում է, գալու է աշխատանքի: Բացի այդ, այստեղ այլևս չի աշխատում այն աշխատակիցը, ով անցյալ տարի իսկապես պատահմամբ նույն ժամին ինձ ուղեկցել էր մի սենյակ, որտեղ…

Լա՛վ, ինտրիգը պահելու համար սկսեմ սկզբից:

Վարդան Պետրոսյանին առաջին անգամ հանդիպել եմ 4 տարի առաջ

Մեր սիրելի դերասան Վարդան Պետրոսյանի հետ առաջին անգամ հանդիպեցի դեռ 2011 թվականի նոյեմբերին այս կլոր գերեզմանոցի դահլիճում՝ իմ գործով թիվ ու համրանք չունեցող  դատական նիստերից մեկի ժամանակ: Հիշում եմ՝ այդ ժամանակ բոլորը խառնվել էին իրար: Շշուկներ էին տարածվել, թե Վարդան Պետրոսյանն իմ ազգականներից է, ու եկել է: Դե՛, մեր մտածողության համաձայն, հո չէր կարող անծանոթ մարդը, այն էլ հանրաճանաչ, սիրված դերասանը գալ ցմահ բանտվածի նիստին: Ինքս անկեղծ չէի հավատում, թե այդպես կարող է լինել: Մտածում էի՝ ես ուր, Վարդան Պետրոսյանն՝ ուր: Բայց դեռ չգիտեի, որ մարդկային ինչ վեհ արժանիքների տեր արվեստագետի հետ եմ շփվելու: Վարդան Պետրոսյանն ընդամենը կարդացել էր իմ «Իրական պատմություն» պատմվածքը, որը պատմում է Սողոմոնի ու իմ 2-րդ փախուստի ժամանակ 21 օր այս գերեզմանոցից դուրս թթվածին շնչելու մասին: Այդպես Վարդան Պետրոսյանը որոշել էր ծանոթանալ ինձ հետ:

Հենց այստեղ միգուցե առաջին անգամ կյանքում արվեստագետը տեսավ, թե ինչպես էր դատավորը աննկատ փորձում փախուստի փորձի համար նշանակված 6 ամիս պատիժը գրանցել իբրև 6 տարվա ազատազրկում: Անձամբ ականատես դարձավ, թե ինչպես մի քանի րոպեում դատարաններում կարող են մարդու ճակատագիր որոշել, մերժել քաղաքացուն առանց հիմքերի:

Միստիկ զուգադիպություն համար 1

Մեկ տարի անց` 2012-ի նոյեմբերի 29-ին, այսինքն` մահապատժի դատավճիռ կարդալու օրվանից ուղիղ 16 տարի անց, «Նուբարաշեն» բանտ այցելեցին հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ընդունող հանձնաժողովի անդամները՝ քաղաքագիտության և իրավունքի ինստիտուտի տնօրեն տիկին Լարիսա Ալավերդյանի գլխավորությամբ: Հանձնելով քննությունները` ընդունվեցի իրավագիտության ֆակուլտետ: Ճիշտ այդ նույն օրը դերասաններ Վարդան Պետրոսյանը և Կարինե Ջանջուղազյանը Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում բեմ բարձրացրեցին իմ ստեղծագործությունների հիման վրա ռեժիսոր Տիգրան Խզմալյանի բեմադրած յուրահատուկ ներկայացումը` «Մհերի դուռը» վերնագրով:

Միստիկ զուգադիպություն համար 2

Որոշ ժամանակ անց Վարդանն ինձ նվիրեց Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպը: Հեղինակի հետ Վարդանը ծանոթացել էր նրա մահից մի քանի տարի առաջ և իմանալով, որ նա վեպ է գրել Սիբիրի գաղութներում 20 տարվա տառապանքների մասին, որոշել էր այն տպագրել: Իմանալով այս յուրահատուկ նվերի մասին` հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանն ինձ առաջարկեց «Խարանը» թարգմանել ռուսերեն, մանավանդ, որ հեղինակը ժամանակին ցանկություն էր հայտնել՝ թող թարգմանի մեկն, ով ներսից է տեսել բանտը: Երբ արդեն թարգմանությունն ավարտեցի, իմացա, որ մաթեմատիկոս, ծրագրավորող Գուրգեն Մարտիրոսյանը հարցազրույց է տվել, պատմել, թե ինչպես ենք 18 տարի առաջ հանդիպել  «Նուբարաշեն» բանտի 52 խցում և ամիսներ շարունակ գտնվել այնտեղ: Երբ Գուրգենը իմացավ, որ «Խարանը» թարգմանել եմ` անմիջապես ասաց, որ ինքն է տպագրելու այն:

Իսկ 2013-ի հոկտեմբերից Վարդան Պետրոսյանը ողբերգության հետևանքով հայտնվեց բանտում: Անկարելի էր չնկատել միստիկ շղթան. բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում էին «Խարանին», ներսից էին ծանոթ կամ ծանոթանում բանտին…

Սակայն այսքանով չավարտվեցին միստիկ զուգադիպությունները…

Միստիկ զուգադիպություն համար 3

«Խարանի» ռուսերեն տարբերակի շնորհանդեսը նշանակված էր 2014 թ-ի ապրիլի 30-ին, ժամը 13:00-ին: Ինչպես սովորաբար անում եմ գրքերի շնորհանդեսների օրերին, այդ անգամ էլ հագնվել էի տոնական, մոտեցել քառաշետ ճաղերով պատուհանին, նայում էի երկնքին՝ մտքերով տեղափոխվելով Ողջերի աշխարհ: Ժամը 13-ից մի քիչ անցել էր, երբ  հանկարծ մոտեցան մեր խցին, բացեցին «վոլչոկը».

- Մհե՛ր, պատրաստվի՛, տանում ենք բուժ. մաս՝ կարդիոգրամմա անելու:

Երբ բացեցին բժշկի սենյակի դուռը, զգացի, որ բժիշկը զբաղված է: Հետաքրքրասերի պես առաջ եկա, տեսնեմ՝ բժշկուհու դիմաց նստած է Վարդան Պետրոսյանը: Ինձ ուղեկցողը շփոթվեց, ուզում էր դուռն արագ փակել, բայց արդեն ուշ էր. Վարդանն ու ես գրկախառնվել էինք.

- Վարդան ջան, ո՞նց ես, առողջականդ ո՞նց ա…

- Փառք Աստծո, կամաց-կամաց վերականգնվում եմ:

- Ա՛յ քեզ զուգադիպություն, գիտես չէ՞, հենց հիմա «Խարանի» շնորհանդեսն ա, մեր անուններն են երևի տալիս, բայց  չգիտեն, որ մենք էստեղ էս պահին տեսնվել ենք…

- Գիտե՛մ, գիտե՛մ, Մհե՛ր ջան, կյանքում պատահական ոչ մի բան չի լինում:

- 10, 15, 20 տարի անգամ իրար կողք գտնվող խցերի դատապարտյալները համարյա երբեք չեն հանդիպում իրար, իսկ մենք հանդիպեցինք, էն էլ սենց օրով…

Բանտի աշխատակիցներն իրար էին խառնվել, ճշտում էին՝ ոնց կարող էր նման զուգադիպություն լինել, ուզում էին պարզել, թե ում «մեղքով» էր նման բան տեղի ունեցել: Ինձ բուժ. մաս բերողն ասում էր.

- Ինձ ասել են` բե՛ր Մհերին, ես էլ բերել եմ:

Բժիշկն իր հերթին էր, կարծես, արդարանում: Մտածում էին նկատողություն չստանալու մասին:

- Մհե՛ր  ջան, հանկարծ հոդված չգրես սրա մասին, գիտես, որ պատահականություն էր, բայց դե՛ արի ու ապացուցի - հետ վերադառնալուց ասաց բանտի աշխատակիցը, ով վերջերս դուրս է եկել աշխատանքից: Ու ես հիմա հանգիստ Ձեզ հետ կիսում եմ բանտում ունեցած իմ եզակի վառ տպավորությունը:

Չգիտեմ՝ կյանքում էլ ինչ միստիկ զուգադիպություններ են ինձ սպասվում, բայց հաստատ գիտեմ մի բան. Վարդանի ու ազատության պայքարում ինձ օգնության ձեռք մեկնած մարդկանց միջոցով Աստված հաղորդագրություն է ուղարկում, որ լսում է ձայնս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter