
Ձիթհանքովի աղիքային հիվանդությունների պատճառը ջուրն է
Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում արձանարգված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի առիթով Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից:
Ջրագծի ամբողջական ուսումնասիրման ժամանակ պարզ է դարձել, որ այն սնում է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ ևս։ Նախարարության մասնագետների խմբերը Արագածոտնի մարզի այդ համայնքներում ևս հայտանբերել են հիվանդներ, ովքեր գանգատվել են ստամոքսաղիքային երևույթներից: Նրանք տարբեր տարիքի են, բոլորի մոտ հիվանդությունն արտահայտված է թեթև ընթացքով:
Տեղում իրականացված ջրի քիմիական, և մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրվել են շեղումներ, իսկ հիվանդների մոտ լաբորատոր հաստատվել է շիգելոզ (դիզինտերիա): Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 17 հիվանդ, որոնց վիճակն այսօր գնահատվում է միջին ծանրության, ունեն լավացման դրական տեղաշարժ:
Նախարարությունը նշում է, որ «Հայջրմուղկոյուղի» կազմակերպության հետ խստացվել է հսկողությունը խմելու ջրի ցանցի նկատմամբ՝ ապահովելով լիարժեք վարակազերծում՝ գերքլորացում: Իրավիճակի գնահատման և նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել են բակային համայցեր: Բոլոր հիվանդների տնային օջախներում իրականացվել է ախտահանում՝ կոնտակտ-կենցաղային գործոնով հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Բնակչության շրջանում աղիքային վարակների կանխարգելման հարցերի շուրջ իրականացվել է բժշկահիգիենիկ կրթում:
«Համադրելով հիվանդների և խմելու ջրի ցանցի նմուշների լաբորատոր հետազոտությունների, ինչպես նաև համաճարակաբանական վերլուծությունների տվյալները կարելի է եզրակացնել, որ հիվանդության արձանագրման պատճառը ջուրն է»,- հայտնում է ԱՆ-ը` հավելելով, որ նախարարությունը թունավորումների բոլոր դեպքերի ժամանակ հիվանդներին տրամադրում է անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել