HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. ծխախոտը, որի վտանգը Կոջոյանը «մեղմեց» գեղագիտությամբ

Աննա Բաբաջանյան

Ծխախոտի տուփերի վրա սովորաբար զգուշացվում է, որ ծխելը վնասակար է առողջությանը: Սակայն նկարիչ Հակոբ Կոջոյանն իր ժամանակին դա «հերքելու» համար այնքան հեռուն գնաց, որ վտանգը «մեղմեց» գեղագիտությամբ:

Կոջոյանը համարվում է  ժամանակակից  հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրը, սակայն քչերը  գիտեն, որ նա զբաղվել է նաեւ ծխախոտի տուփերի ձեւավորմամբ: Խորհրդային միության տարիներին նկարչին Երեւանի ծխախոտի գործարանից պատվիրել էին նկարազարդել ծխախոտի տուփեր: Փաստորեն, Կոջոյանն այս մշակույթի միջոցով նոր խոսք է ասել Հայաստանի արդյունաբերական դիզայնի ոլորտում: Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի տուն-թանգարանում այսօր էլ պահվում են ծխախոտատուփերից մի քանիսը, որոնցից ամեն մեկն իր գեղագիտական արժեքով մեկ առանձին  ցուցանմուշ է:

Հայտնի է, որ Կոջոյանը շատ է սիրել զարդանկարչությունը, վարպետորեն տիրապետել է հայկական զարդանկարչությանը. դա երեւում է թե´ գրքերի, թե´ հենց ծխախոտատուփերի վրա արված նրա նկարազարդումներից: Թանգարանում ցուցադրվում են “Армения”, “Павильон Армении“, «Հոբելյանական» անվանումները կրող ծխախոտերի  տուփերը: Վերջինիս ներսում, օրինակ, կարելի է կարդալ. «Բաց է թողնված Հայաստանում Սովետական իրավակարգի հաստատման քսանհինգ-ամյակի առթիվ»: Այսինքն` ենթադրվում է, որ այն թողարկվել է 1945-ին:

Կոջոյանի արվեստի փոքրիկ այս գործերը տարիներ շարունակ եղել են վաճառքում եւ իրենց կողմն են գրավել ոչ միայն մոլի ծխողներին, այլեւ նրանց, ովքեր հետաքրքրված էին տուփերի գեղարվեստական մասով եւ ամեն նոր տեսակի ծխախոտի թողարկման հետ սպասում էին հերթական անակնկալին:  

Տուփերի մասին իր տպավորությամբ կիսվել է, օրինակ, Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը: Պարզվում է` գրողը նախընտրել է հենց Կոջոյանի նկարազարդումներով ծխախոտներից ծխել. «Այն տարիներին ծխախոտը լինում էր միայն տեղական եւ մոսկովյան արտադրության, հիշում եմ, օրինակ,  “Масис ” եւ “ Друг” սիգարետները, պապս նախընտրում էր  “Давид Сасунский”, “Армения”, ծխախոտները` շատ գեղեցիկ տուփերով` ձեւավորված Հակոբ Կոջոյանի կողմից»,- կարդում ենք  գրականագետի հուշերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter