
Մարալիկում չեն թույլատրում նույնականացման քարտով մասնակցել ընտրություններին
Այսօր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ՏԻՄ ընտրություններ են. մարալիկցիներն ընտրություն են կատարելու առաջադրված երկու թեկնածուների՝ ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանինի եւ ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանի միջեւ: Մարալիկում մեկնարկած քաղաքապետի ընտրություններից երկու ժամ անց սկսվել են խնդիրները՝ կապված նոր անձնագրերի հետ: Ընտրատեղամասերում չեն թույլատրում նույնականացման քարտերով ընտրողներին մասնակցել ընտրությունների՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ հաստատող կնիք դնել: Մարդկանց առաջարկում են գնալ Մարալիկի անձնագրային բաժին եւ տեղեկանք բերել, որոշներին էլ խորհրուդ են տվել ընտրությունների գալ հին անձնագրերով, եթե այս ընթացքում չեն հասցրել դրանք հանձնել:
Մարալիկի բնակիչ Սիրեկան Աղաբաբյանը հակառակն է ապացուցում: Առավոտյան նա մասնակցել է ընտրությունների թիվ 36/03 ընտրատեղամասում: Ցույց է տալիս նույնականացման քարտը, որի վրա պարզ երեւում է դրված կնիքը՝ ապացույց նրա, որ անձը մասնակցել է ընտրություններին եւ երկրորդ անգամ քվեարկելու իրավունք չունի: «Ես չեմ հասկնա, թե ինչխ եղավ, օր երկու ժամ առաջ հնարավոր եղավ էս նոր անձնագրերով ընտրել, հըմի չի թույլատրվի: Լավ էլ կնիքը դրել են, լավ էլ կերեւա, ես էլ նորմալ գնացել, քվես տվել եմ իմ նախընտրած թեկնածուին, դուրս եմ եկել: Թե հըմի ինչի պրոբլեմ սարքին, չենք հասկնա»,-տարակուսում է Սիրեկան Աղաբաբյանը:
Մեկնաբանել