
Մարալիկցի ընտրողները բողոքում են ԿՀԸ-ի ընդունած որոշման դեմ
Մարալիկում քաղաքապետի ընտրությունների առնչությամբ նշում էին, որ սպասվում է թեժ պայքար թեկնածուների՝ գործող քաղաքապետ Արտակ Գեւորգյանի եւ քաղաքապետարանի գույքահարկի բաժնի տեսուչ Արտակ Ավդալյանի միջև: Ժամը 10-ից հետո արդեն ակնհայտ էր, որ հիմնական պայքարն ընթանում է նույնականացման քարտ ունեցող ընտրողների եւ հանձնաժողովականների միջեւ:
Ընտրատեղամաս հասած շատ ընտրողներ, տեղեկանալով, որ չեն կարող ընտրել նույնականացման քարտերով, որպես այլընտրանք առաջարկում էին ընտրություն կատարել միջազգային անձնագրերով: Թիվ 36/2 ընտրատեղամասում ընտության եկած մի մարալիկցի վրդովված հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել ընտրություններին, քանի որ ՀՀ-ում գործող, պետության տրամադրած անձը հաստատող փաստաթղթերից ոչ մեկն այս պահին չի համարվում օրինական եւ ինքը ստիպված է վազվզել լուսանկարվելու, իսկ հետո ժամանակավոր ինչ-որ թղթի կտոր անձնագրային բաժնից ստանալու համար:
Թիվ 36/1 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էմմա Հովսեփյանը ընդվզող մարալիկցիներին ամեն անգամ բացատրում էր, որ դա իրենց որոշումը չէ, այլ՝ ԿՀԸ-ի, եւ որ այդ որոշումը կայացվել է առավոտյան ու իրենք տեղեկացվել են միայն ժամը 10-ին՝ ընտրություները սկսվելուց երկու ժամ անց: Այս ընտրատեղամասում, ըստ ընտրացուցակների, ընտրելու իրավունք ունի 1730 ընտրող, ժամը 15:30-ի դրությամբ ընտրություններին մասնացել է 690 ընտրող,նրանցից 3-ը հասցրել է նույնականացման քարտով ընտրություններին մասնակցել մինչեւ ժամը 10-ը, երկրորդ անձի օգնությամբ ընտրություն է կատարել 34 ընտրող:
Քաղաքապետի երկու թեկնածուներն էլ օրվա երկրորդ կեսին իրենց ընտրությունը կատարել են այս ընտրատեղամասում: Մարալիկի քաղաքապետի ընտրություններին, ըստ ընտրացուցակների, մասնակցելու է 5500 ընտրող:
Մեկնաբանել