Հայրենիքից հեռանալու և վերադարձի ճանապարհը
Արմինե Ղուկասյան
Տունը ավազի վրա
«Ծննդավայրս ինձ համար միայն բնակավայր չէր: Ես կապված էի նրան իմ ապրած տարիներով, հիշողություններով, ստեղծած ընտանիքով ու ինձ զգում էի պաշտպանված ու վստահ: Իմ հողի վրա գրել էի կենսագրությունս որպես մանկավարժ, տնօրեն, ղեկավար, ու կարծում էի, որ ոչինչ չի կարող բաժանել այն ամենից, ինչ թանկ է ու հարազատ ...»,- պատմում է Սեւան մի քանի օրով հյուրընկալած 63-ամյա Հայկ (անունը փոխված է) Մկրտչյանը: Նա արդեն տասնութ տարի բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ), ՌԴ քաղաքացի է եւ իր ընտանիքի այսօրն ու վաղը տեսնում է այդ երկրում:
1996 թ. նա դարձավ գործազուրկ կորցնելով ոչ միայն աշխատանքը, այլեւ հավատը, ինչ - որ բան կրկին փորձելու հույսը: Դա նրա համար նոր կարգավիճակ էր, որի ճիրաններից դուրս գալու միակ ելքը արտագնա աշխատանքն էր: 50-ամյակի շեմին նա փորձում էր ամեն ինչ սկսել նորից, որովհետեւ իր քաղաքում ձեռնարկման բոլոր միջոցներն ապարդյուն էին:
«Առաջին մի քանի տարիներին փորձում էի իմ տեղը գտնել այն հողում եւ միջավայրում, որն ինձ համար ե՛ւ նոր էր, ե՛ւ օտար: Փորձությունները հաղթահարում էի ամեն օր: Աշխատանքին զուգահեռ ես հաստատում էի իմ տեղը, որը թեեւ իմը չէր, սակայն կամաց-կամաց ընդունում էր ինձ: Ղեկավարել եմ 40 հոգանոց կոլեկտիվ: Այժմ թոշակառու եմ, աշխատում են կինս եւ զավակներս,- իր անցած տարիներին է անդրադառնում Մկրտչյանը, ապա շարունակում,- չզարմանաք, սակայն օտար հողը ինձ համար դարձել է երկրորդ տուն: Ունեմ շատ ընկերներ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթածներ են: Եկել են 1-2 տարով, եկել ու մնացել են այստեղ ստեղծելով ամեն ինչ, դառնալով տեղի քաղաքացիներ, որին հասնելու համար քիչ գումար ու ջանք չեն ներդրել»:
Անցյալ դարի 90-ական թթ.-ից սկսած սեւանցի շատ ու շատ ընտանիքներ սոցիալ – տնտեսական վայրիվերումների, բարոյահոգեբանական մթնոլորտի խաթարման պատճառով կորցրեցին բնականոն ապրելու իրենց իրավունքը: Տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկությունների, գործարանների փակվելը, սեփականաշնորհման գործընթացը, գործազրկության մեծ ալիքը, ցածր ու ժամանակին չվճարվող աշխատավարձերը, անպաշտպանվածության զգացումը սեփական տանը, սոցիալական բեւեռացումը լուրջ հիմքեր էին, գոնե ժամանակավորապես, տունն ու քաղաքը թողնելու ու արտագնա աշխատանքի մեկնելու:
Երկու տասնամյակ անց էլ գործազրկությունը մնում է օրախնդիր, որի պատճառով շատերը կրկին նախընտրում են օտար ափերը:
Սեւանի զբաղվածության տարածքային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն` 2015թ. հունվարի 1-ի դրությամբ կենտրոնում գրանցվել է 2163 գործազուրկ, աշխատանք փնտրողների թիվը 2206 է: 2015թ. 1-ին կիսամյակում գրանցված գործազուրկների թիվը եղել է 2133, աշխատանք փնտրողներինը 2277: Իհարկե, սա իրականության ամբողջական պատկերը չէ:
«Սեւանի տարածքում 2015թ. հունվարի 1-ի տվյալներով՝ գործազրկության ցուցանիշը կազմում է 13,7%,- ներկայացնում է Սեւանի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Սամվել Ենոքյանը: - Մեր աշխատանքներն էլ չեն սահմանափակվում միայն գրանցումներ կատարելով: Պասիվ ծրագրին` գործազուրկներին նպաստներ տրամադրելուն եկել են փոխարինելու ակտիվ ծրագրերը` «Մասնակի փոխհատուցում գործատուին», «Միանվագ փոխհատուցում գործատուին», «Աշխատանքային պրակտիկա», «Սեզոնային զբաղվածության միջոցով աջակցություն հողօգտագործողներին», «Այլ վայր» եւ այլն: Սրանք սոցիալական ոլորտում իրականացվող պետական ծրագրերն են, որոնք թիրախավորված են, հասցեական եւ նպատակ ունեն աշխատանքով ապահովել գործակալությունում գրանցված գործազուրկներին»:
Սրանք ծրագրեր են, որոնք փորձում են մեղմել գործազրկության պատկերը, սակայն դրանք եւս ի վիճակի չեն կասեցնելու այն ալիքը, որն արտագնա աշխատանքից վերածվում է արտագաղթի:
«ՀՀ աշխատանքային շուկայի վերլուծության» տվյալների համաձայն` Հայաստանից մեկնելու հիմնական պատճառներն են` աշխատատեղերի բացակայությունը` 22,6%, այլ պետություններում գտնվող ընտանիքի անդամներին միանալը` 20,5%, բարձր վարձատրվող աշխատանքի բացակայությունը` 24,1%, մասնագիտական աշխատանքի բացակայությունը` 2,9%:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը միգրացիոն իրավիճակը բաժանել է 3 փուլի: «Առաջին փուլը 1992-1995 թթ. էին, երբ մեկնողների եւ ժամանողների 250 հազար բացասական սալդո էր արձանագրվում: Հաջորդ փուլը 1995-2000 թթ. էին, երբ բացասական սալդոն նվազեց, բայց դեռեւս բավականին մեծություն էր կազմում տարեկան տատանվելով 45-60 հազարի շրջանակներում: Երրորդ փուլում բացասական սալդոն սկզբում նվազեց եւ հասավ զրոյականի, որից հետո 2004-2005 թթ. աճը նկատելի էր»:
«Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Գագիկ Թորոսյանի կատարած ուսումնասիրության արդյունքներով` 1995 թ·-ից մինչեւ 2001 թ·-ը, մեծ հաշվով, միգրացիայի 3-րդ փուլն էր, այս շրջանում մեկնում էին հիմնականում սոցիալ-տնտեսական դրդապատճառներով, ոչ մշտական բնակության նպատակով: Բայց, սովորաբար, նրանց «ժամանակավորն» այնքան էր երկարում, որ արտագաղթ էր դառնում:
Հոգեբանական տեսանկյունից արտագաղթի հիմքում գոյատեւման, գոյության պայքարի խնդիրն է ֆիզիկական եւ հոգեկան, եւ իշխանությունները չպետք է արդարացում փնտրեն, քանի որ այս երեւույթը հաճախ պայմանավորված է աշխատատեղերի բացակայությամբ: Արտագաղթը նաեւ փորձություն է: Սոցիալական, իրավական, բարոյական ներկայիս վիճակը անվստահություն է առաջ բերում, որոնք դառնում են նաեւ ընտանիքի փլուզման պատճառ: Այս երեւույթը ժամանակային սահմաններ չունի եւ առաջ է բերում անորոշություն ապրած կյանքի նկատմամբ:
Արտագաղթի համար մարդիկ պատրաստ են ամեն ինչի կեղծում են անձնագրերը, ապօրինի հատում երկրի սահմանները, հանձնվում եւ երկար տարիներ ապրում փախստականների համար նախատեսված ճամբարներում: Փոխելով բնակավայրը արտագաղթողները հույս ունեն գտնել ավելի լավ պայմաններ կյանքի, սեփական «ես»-ի ինքնահաստատման համար:
Միգրացիան հայերի համար նոր երեւույթ չէ, սակայն Հայաստանի անկախացումից հետո այն ընդունեց զանգվածային բնույթ եւ շարունակվում է մինչ օրս: Այն կատարվում է օրինական եւ անօրինական ճանապարհներով:

«Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական ընկերությունը, որն զբաղվում է միգրացիոն հոսքերի կառավարմամբ, իր հերթական զեկույցում նշում է. «ՀՀ–ում տնտեսությունը գնալով զարգանում է, սակայն չի նվազում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Նրանք իրենց խնդիրների լուծումը տեսնում են դրսում: Շարունակվում է մտայնությունը, որ արտերկրում կարելի է գտնել լավ աշխատանք, բարեկեցիկ պայմաններ լավ ապրելու համար, եւ հետեւաբար նման մտքերը մեր հայրենակիցներին բերում են նրան, որ արժանավայել կյանք նրանք կունենան միայն դրսում: Հազարավորները լքում են երկիրը չունենալով տարրական գիտելիքներ տվյալ երկրի միգրացիոն օրենքների մասին:
Մինչեւ 2000 թ. արտահոսքի պատճառները տարաբնույթ էին: 2000 թ·-ից սկսած մինչ օրս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միգրացիոն հոսքը կրում է ընդգծված պատճառականություն: Հարցումները վկայում են, որ միգրացիոն գործընթացում գերակա դիրք է գրավում տնտեսական դրդապատճառներով բնակչության արտահոսքը: Որպես միգրացիայի հիմնական դրդապատճառ համարվում են աշխատանքի հետ առնչություն ունեցող հանգամանքներ աշխատատեղերի (այդ թվումª մասնագիտական) բացակայությունը կամ սղությունը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը եւ ինքնուրույն տնտեսական գործունեությամբ զբաղվելու բարդությունները»:
Վիճակագրական թվերի ու յուրաքանչյուր դրդապատճառի հետեւում մարդկային ճակատագրեր են, որոնք անկախ պետական մեծ ու փոքր ձեռնարկների, յուրովի են ապրում արտագաղթը, կտրվում են այս հողից իրենց տնից, օտար ափերում կառուցում նոր տուն, որը թեկուզ ավազի վրա, բայց շատերի համար ապահով ապրելու երաշխիք է:
Գնացի, տեսա Փարիզն ու վերադարձա…
Ինչպես վկայում են հետազոտությունները` Հայաստանից մեկնած չորրորդ միգրանտը կարող է տեղավորվել «մշտապես վերադարձողների» խմբի մեջ: Սակայն այս դեպքում էլ վերադարձողները բախվում են վերինտեգրման մի շարք խնդիրների հետ:
Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը նշում է. «Տարբեր երկրներում մեր հայրենակիցներն անկանոն վիճակում են գտնվում: Վաղ թե ուշ նրանց առաջ խնդիր է դրվում լքելու այդ երկիրը, կան նաեւ կամավոր վերադարձողներ, եւ պետությունը պետք է աջակցի այդ գործընթացին ...»
Սկսած 1992թ.-ից Հայաստանը լքած բնակչության թիվը տատանվում է 900 հազարից-1 միլիոնի սահմաններում: Արտագաղթի նման չափերը եւ դրա բացասական հետեւանքներն այդ երեւույթի կարգավորումը դարձրին պետության համար առաջնահերթ կարեւորության խնդիր: Կառավարության որոշմամբ՝ 1999 թ.-ին ստեղծվեց Կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչություն: Պետական մտածողության կոնկրետ դրսեւորումն ունի գործառույթների իր ոլորտը: 2002 թ. Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությանը կից հիմնադրվեց եւ սկսեց գործել միգրանտների սպասարկման կենտրոնը, որն իրականացնում է մի շարք միջոցառումներ անօրինական միգրացիայի բոլոր դրսեւորումների ուղղությամբ:
Պետական մակարդակով իրականացվող քայլերին զուգահեռ Հայաստանում 2003 թ. գործում է «People in need» («Մարդը կարիքի մեջ») չեխական բարեգործական ընկերությունը, որը մի շարք ծրագրերին զուգահեռ իրականացրել է «Անօրինական միգրացիայի կանխարգելումը Հայաստանից» ծրագիրը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության «Անկանոն միգրացիայի կանխարգելում եւ կանոնավոր միգրացիայի խթանում» ծրագիրն էլ նպատակ ունի աջակցել քաղաքակիրթ եւ կարգավորված միգրացիայի ապահովմանը, օգնություն ցուցաբերել դժվարին կացության մեջ հայտնված միգրանտներին:
ՄՄԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի փաստարկմամբ` ոչ մի պետական կառույց չի կարող ասել, թե քանի հոգի է մեկնել արտերկիր աշխատելու, կամ քանիսն են արտերկրից վերադարձել Հայաստան կամավոր կամ արտաքսվելու պատճառով:
Ոչ քանակական, սակայն կամավոր վերադարձի պատճառները, համաձայն ԵՄ Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանում միգրացիայի վերաբերյալ տնային տնտեսությունների մասին հետազոտության զեկույցի` ընտանիքի վերամիավորումն է, ամուսնությունը, միգրացիոն ծրագրի ավարտը, հյուրընկալվող երկրում աշխատանքի բացակայությունը, աշխատանքի առաջարկը ՀՀ-ում, կրթությունը կամ որակավորումը, այլ պատճառներ:
Չնայած ծրագրերի բազմազանությանը` տասնյակ ընտանիքներ լավ կյանքի ու ապագայի հույսով երեկ եւ այսօր թողել ու թողնելու են քաղաք ու տուն լրացնելով արտագաղթողների հոծ բանակը:
Լավ ու ապահով տանիք կառուցելու ակնկալիքով Հայաստանից 2008 թ·-ին հեռացավ նաեւ սեւանցի Ալիսա Դավթյանը: Երկու տարի շարունակ նա Ֆրանսիայում, Փարիզից ոչ հեռու գտնվող գյուղաքաղաքում, փորձում էր ստանալ կացության թույլտվություն: 2010 թ·-ին Ալիսան հերթական անգամ համոզվեց, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես պատկերացնում էր Հայաստանում, ինչպես իրեն ներկայացրել էին արտերկրում ապրող ընկերները: Նա որոշեց վերադառնալ Հայաստան:
Հայաստան վերադառնալու ճանապարհին նա գտավ աջակիցներ: Ֆրանսիայում գործող Սոցիալական օգնության հայկական ընկերակցության «Վերադարձ ակունքներին» նախագծի շահառուներից մեկն էլ նա դարձավ:

«Իմ կամավոր վերադարձի 1-ին քայլը ընկերակցությունից ստացած 2000 եվրո գումարն էր, որն ապահովելու էր իմ ճանապարհածախսը եւ Հայաստանում մեկ տարվա ապրուստավճարս: Հայաստանում արդեն տեղեկացա, որ Ֆրանսիայից իմ տվյալները փոխանցվել են Ֆրանս-Հայկական զարգացման հիմնադրամին,- պատմում է իր ոչ հեռավոր անցյալը Ալիսան եւ շարունակում,- 2011թ·-ին արդեն իմ մասնագիտական կարողությունները, որոնք այդպես էլ չէի հասցրել Ֆրանսիայում օգտագործել, հնարավորություն ունեցա իմ քաղաքում նորովի բացահայտել: Ես դերձակ եմ, եւ կարի փոքրիկ արտադրամաս ունենալն իմ երազանքն էր»:
Ֆրանսիայում անկանոն վիճակում հայտնված անձանց կամավոր վերադարձը Հայաստան խրախուսելու համար Սոցիալական օգնության հայկական ընկերակցությունը ծրագիր է իրականացնում: Ընկերակցության հայաստանյան կողմը` Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը (ՖՀԶՀ) «Վերադարձ ակունքներին» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց· 7000 եվրոյի սահմաններում նրանց տրվում է գույք, սարքավորումներ, նյութեր բիզնես մեկնարկի համար:

2005 թ·-ին մեկնարկած «Վերադարձ ակունքներին» նախագծի շրջանակներում Հայաստանում` իր փոքրիկ քաղաքում, նոր կյանք ու ապահով ապագա կառուցելու նպատակով Ալիսա Դավթյանին ՖՀԶՀ-ն օգնել է պատրաստել բիզնես պլան, հիմնել իր փոքրիկ ձեռնարկությունը:
2500 եվրոյի շրջանակներում նրան տրամադրվել են 3 հատ կարի մեքենա, արդուկ, արդուկի սեղան, էլեկտրական մկրատ, կարի համար անհրաժեշտ պիտույքներ: 2012 թ·-ին էլ հիմնադրամի ներկայացուցիչների` կարի արտադրամաս այցի ժամանակ եղել է միայն մեկ պայման` զարգացնել բիզնես աշխատանքը: Արդեն 4 տարի Նաիրյան 137 հասցեում գտնվող այս փոքրիկ ձեռնարկությունում չի դադարում մարդկանց հոսքը. լավ դերձակի կարիք միշտ էլ կա:
«Չգիտեմ, թե ինչպես կդասավորվեր կյանքս հեռավոր Ֆրանսիայում, սակայն մի բան հաստատ գիտեմ, որ սա հենց այն էր, ինչ ես էի երազում՝ լինել հարազատներիս կողքին, զբաղվել սիրածս գործով, ունենալ ապահովության զգացում: Հիմա էլ իմ փորձով ծանոթներիս ու մոտիկներիս խորհուրդ եմ տալիս` գնալուց առաջ ամեն ինչ ծանր ու թեթեւ անել, ոտքի վրա որոշումներ չկայացնել…»,- ասում է Ալիսա Դավթյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել