«Հայացք». դե ինքներդ որոշեք՝ Հայաստանում սննդամթերքն անվտա՞նգ է
Արթուր Հովհաննիսյան
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում աշխատանքի 100 օրվա կապակցությամբ կառավարությունում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ Աբրահամ Բախչագուլյանը: Թերևս ավելորդ է ասել, որ մամուլի ասուլիս հրավիրվում է ոչ թե ինքնանպատակ, սոսկ ասուլիս հրավիրելու և ընդհանուր, լղոզված ինչ-որ բաներ ասելու, այլ լրագրողներին ու նրանց միջոցով հասարակությանը որոշակի տեղեկություններ հաղորդելու համար: Ցավոք, պարոն Բախչագուլյանի խոսքը հաճախ զուրկ էր որոշակիությունից: Ահավասիկ...
- Խնդիրները կան, խնդիրները շատ են, և խնդիրները լուծելու համար պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել,- ասաց Ա. Բախչագուլյանը:
Ո՞ր խնդիրները, ի՞նչ համակարգային մոտեցման մասին է խոսքը: Անորոշության բազմաթիվ օրինակներից ևս մեկը.
- Հանդիպում ենք ունեցել շուկաների տնօրենների հետ, փորձել ենք քննարկել այն բացերը, որոնք առկա են շուկաներում, նաև առաջադրանք ենք տվել շուկաների տնօրեններին բացերի վերացման ուղղությամբ, և ներկա փուլում իրականացվում է այցելություն' տվյալ բացերի վերացման վերաբերյալ մեր արձանագրածի հետ կապված,- ասաց ծառայության պետը:
Մարդ Աստծու, ո՞ր բացերի մասին է խոսքը, ի՞նչ առաջադրանք եք տվել: Միայն հետո մեր հարցերի միջոցով բանախոսից տեղեկացանք, որ հանդիպել են Արաբկիրի շուկայի և ԳՈՒՄ-ի շուկայի տնօրենների հետ, քանի որ մսի իրացմանը վերաբերող միջոցառումը չի լուծել խնդիրը, կա շղթա, որ պետք էր հասկանալ, և արդեն հասկացել են, գործողություններ այդ դաշտում իրականացվելու են:
- Կենդանական ծագման սննդամթերքի վերաբերյալ պետք է հասկանալ' ինչպես է այդ սննդամթերքը գոյանում, ինչպես է այն տեղափոխվում, ինչպես է այն իրացվում, ինչպես է այն պահպանվում արդեն սպառողի մոտ, և հանրային իրազեկման խնդիրը նաև պահպանության վերաբերյալ հարցերի բարձրացումն է,- ասաց Ա. Բախչագուլյանը:
Ապշել կարելի է' ծառայությունը նո՞ր պետք է հասկանա կամ հասկանար վերը նշվածը: Ծառայության աշխատակիցները երբևէ չէի՞ն տեսել անասունների բակային մորթերը կամ գոնե չէի՞ն լսել դրանց մասին, մարդատար ավտոմեքենաների բեռնախցիկներով մսի տեղափոխմանը և շուկայամերձ վաճառակետերում հակահիգիենիկ պայմաններում իրացմանը տեղյակ չէի՞ն... Եթե այս ամենը, մեղմ ասած, տխուր չլիներ, թերևս զավեշտալի կհամարեինք:
Ինչ վերաբերում է սպառողի մոտ սննդամթերքի պահպանությամբ մտահոգվելուն, ապա ծառայությունը եթե միջոցներ ունի, թող բարի լինի զբաղվել մինչ այդ եղած խնդիրների լուծմամբ, որոնք, կարծում ենք, ավելի կարևոր են, քանզի բոլորն էլ գիտեն, որ, օրինակ, միսը տաք միջավայրում կամ ճանճերի գրոհի ներքո չի կարելի պահել, սառնարանում կամ սառցարանում միսն ու կարագն իրար չպետք է կպնեն և այլն:
- Մենք լսել ենք շուկաների տնօրեններին, նրանց հուզող խնդիրները, փորձել ենք միասին որոշել այն շրջանակը' կենդանական ծագման սննդամթերքին և բուսական ծագման սննդամթերքին ներկայացվող պահանջների հետ կապված, որոնց վերաբերյալ գործողությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,- տեղեկացրեց ծառայության պետը:
Ընդգծենք, որ հիշյալ սննդամթերքներին ներկայացվող պահանջների շրջանակը ՀՀ օրենսդրությամբ է որոշված, և պարոն Բախչագուլյանն ու շուկաների տնօրենները չէ, որ պետք է միասին որոշեն դա:
Ծառայության ղեկավարի տեղեկացմամբ' ս. թ. նոյեմբերի 1-ից սննդամթերքի անվտանգության հետ կապված գործառույթներն իր ղեկավարած ծառայության կողմից իրականացվում են արդեն լրիվ ծավալով, և հսկողության են ենթարկվում ոչ միայն կենդանական և բուսական ծագման, այլև սննդամթերքների ցանկում առկա բոլոր սննդամթերքները:
- Ծառայության առջև դրված խնդիրը ոչ թե ստուգում իրականացնելն է, ըստ իս, այլ սննդամթերքի անվտանգության ապահովումն է,- ասաց Ա. Բախչագուլյանը:
Կարծում ենք, բոլորին էլ պարզ է, որ առանց ստուգման հնարավոր չէ ապահովել սննդամթերքի անվտանգությունը, և հուսանք, որ «ոչ միայն»-ի փոխարեն «ոչ թե» ասելը ծառայության պետի կողմից ընդամենը լեզվական սայթաքում է և ոչ թե ստուգումների քանակը սահմանափակելու միտումի արտահայտություն: Դա վերջնականապես պարզ կլինի տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, երբ արդեն համապատասխան վիճակագրական տեղեկություններ կլինեն ու հնարավոր կլինի համեմատություն կատարել: Սակայն արդեն իսկ առկա տվյալները մտահոգիչ են.
- Մոտ 21 կազմակերպությունում' արտադրություն, իրացնող կազմակերպություններ և հանրային սննդի օբյեկտներ, ստուգում ենք իրականացրել, մոտավորապես մեկուկես միլիոն դրամի չափով համապատասխան տնտեսավարող սուբյեկտները ենթարկվել են վարչական տույժի, թվով 7 արտադրություն ենք կասեցրել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների և բնագավառների' և՛ արտադրության, իրացման փուլում, և՛ հանրային սննդում,- տեղեկացրեց Ա. Բախչագուլյանը:
Ակնհայտ է, որ Հայաստանում, որտեղ սննդամթերքի անվտանգության և որակի հետ կապված խախտումները զանգվածային բնույթ ունեն, առկա իրավիճակը, առանց չափազանցության, կարելի է բնութագրել որպես խայտառակ ու տագնապալի: Այս իրավիճակում անցած 10 ամսում կամ, թեկուզ, պարոն Բախչագուլյանի պաշտոնավարության 100 օրում ընդամենը 21 ստուգում, այսինքն' մոտավորապես 4 օրվա ընթացքում 1 ստուգում իրականացնելը չափազանց անբավարար ցուցանիշ է: Իսկ ի՞նչ սննդամթերքի արտադրություն է կասեցվել: Ի պատասխան այս կապակցությամբ մեր հարցի' ծառայության ղեկավարն ասաց.
- Կասեցրել ենք հացամթերքի արտադրություն, որն իրականացնում էր գործողություն, որը չէր բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից: Կասեցրել ենք կաթնամթերքի արտադրություն' «ARMFOOD»-ի հետ կապված:
Օրինախախտ տնտեսավարողներից մեկն էլ Էրեբունի համայնքում բաստուրմայի և սուջուխի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր է եղել: Տնտեսավարողների անունների, ինչպես նաև մյուսների գործունեության ոլորտների վերաբերյալ հարցին ծառայության պետը պատասխանեց, թե չի հիշում:
Հիշյալ ծառայության, դրանից էլ առաջ տեսչության նախկին ղեկավարների պես, Ա. Բախչագուլյանը խոստովանեց, որ հացի արտադրության ոլորտում խնդիր կա: Հավելենք, որ խնդիր կա նաև հացի իրացման ոլորտում, այդ խնդիրներին Հայաստանում տարիներ շարունակ լուծում չի տրվում, ինչը, կարծում ենք, հուշում է կոռուպցիայի մասին:
- 2012 թվականի միջոցառումների ծրագրում ծառայությունը նախաձեռնել է հացի տեխնիկական կանոնակարգի մշակում, մենք այսօր չունենք նման կանոնակարգ' հացի արտադրության, հացի տեղափոխման ստանդարտների վերաբերյալ,- ասաց ծառայության պետը:
Բայց չէ՞որ մինչև նոր կամ ՀՀ համապատասխան կանոնակարգի առկայությունը հինը' խորհրդային տարիներին եղածը պետք է գործի կամ պետք է գործեր, և եթե այն իսկապես չեղյալ է համարվել, ապա ո՞ւմ թեթև ձեռքով ու շահագրգռությամբ: Այս փաստը և ոլորտի գրեթե բարձիթողի վիճակը չե՞ն հուշում արդյոք, որ Հայաստանում «հացի մաֆիա» ասվածն այնքան էլ հորինովի չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել