HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մանուկյան. «Մեր «ոչ»-երի մեջ ավելի շատ դրական բան կա, քան ձեր «այո»-ի մեջ»

Լիլիթ Թադևոսյան
«Ընդհանրապես իմացեք, որ մեր «ոչ»-երի մեջ ավելի շատ դրական բան կա, քան ձեր «այո»-ի մեջ»,- այսօր ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱԿ խմբակցությունն առաջարկել էր, որպեսզի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ քննարկումը հեռարձակվի հանրային հեռուստաընկերությամբ, ինչին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն սկզբում արձագանքեց՝ ասելով, թե ուղիղ եթերի համար ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի ԱԺ նիստը: 
Արամ Մանուկյանը հարց ուղղեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, թե նա, որպես մասնագետ, ինչպես նաև հանձնաժողովը վարձատրվո՞ւմ են այս աշխատանքի համար, թե՞ վարձահատույց լինելու են հանրաքվեից հետո:
«Հաջորդը, Դուք ասում եք և հիմնավորապես մնացիք այն տեսակետին, որ սրանք փոփոխություններ են, ոչ թե նոր սահմանադրություն: Մինչդեռ մենք հակառակն ենք պնդում՝ երկու առումով, բովանդակային առումով այս նախագծի մեջ պետական մակարդակով բոլոր օղակները,  բոլոր պետական մարմինները ձևավորման նոր փուլ են մտնում: Ի՞նչն էր պատճառը, որ սա չեք համարում նոր Սահմանադրություն, էլ չեմ ասում ծավալը: Գործող Սահմանադրության ծավալը երկու անգամ քիչ է, քան այն, ինչ որ դուք առաջարկում եք: Չի կարող  փոփոխությունը լինել երկու անգամ ավելի շատ, քան այն, ինչը գործում է: Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ սա համարեք նոր Սահմանադրություն, երբ կոնցեպցիան ամբողջապես նոր է»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Նա նաև ցանկացավ իմանալ, թե եթե ընդունվի այս Սահմանադրությունը, տեսականորեն կա՞ հնարավորություն, որ Սերժ Սարգսյանը լինելու է երկրի թիվ մեկ ղեկավարը:
Պատասխանելով հարցերին` Վարդան Պողոսյանն ասաց, որ ինքը և սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամ որևէ վարձատրություն չեն ստացել. հանձնաժողովն աշխատում է հասարակական հիմունքներով և որևէ վարձատրություն չի ակնկալում:
Խոսելով ծավալի մասին՝ Վարդան Պողոսյանն ասաց, որ իսկապես շատ մեծ փոփոխություններ են առաջարկվում, բայց դա չի նշանակում, որ խոսքն անպայման նոր Սահմանադրության մասին է:
Ինչ վերաբերվում է փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանի՝ երկրի թիվ մեկ ղեկավարը դառնալու մասին հարցին, Վարդան Պողոսյանն ասաց, որ ինքը  չի կարող տեսականորեն պատասխանել այդ հարցին, որովհետև Սահմանադրությունը  չի գրվում որևէ անձի կամ ուժի համար: Բայց այդուհանդերձ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական հանձնաժողովի ձևավորումից հետո ասել էր, որ խորհրդարանական  համակարգին անցնելուց հետո բացառում է իր` որպես վարչապետ, որպես նախագահ, ինչպես նաև որպես ԱԺ նախագահ ընտրվելու հնարավորությունները:
Արձագանքելով՝ Արամ Մանուկյանն ասաց, որ հոսանքի սակագնի թանկացման մասին հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց հոսանքի գնի սուբսիդավորման մասին և քաղաքացիական ու քաղաքական խմբերը սպասում էին աուդիտի արդյունքներին, բայց չէր անցել մի քանի ամիս, և նա հերքեց իր ասածը:
«Այսինքն՝ էդ «հորս արև»-ը չի աշխատում: Ես իրեն չեմ հավատում»,- ասաց Արամ Մանուկյանը և կրկնեց իր հարցը, թե  հնարավո՞ր է՝ Սերժ Սարգսյանը լինի թիվ մեկ քաղաքական դեմքը:
Պողոսյանն էլ կրկնեց իր պատասխանը և հավելեց, որ այդ երեք պաշտոններից բացի այլ պետական պաշտոն Սահմանադրությամբ նախատեսված չէ, որի միջոցով հնարավոր է լինել համար առաջին դեմք, իսկ ինչ վերաբերում է հավատալ չհավատալուն, ապա դա պատգամավորի իրավունքն է:

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Յարգելի՛ խմբագրութիւն, Ստորեւ բերուած նախադասութեան մէջ ՈՐՊԷՍԶԻ շաղկապի փոխարէն պէտք է կիրարկել ՈՐ շաղկապը, քանի սա ուղիղ խնդիր երկրորդական նախադասութիւն է եւ նպատակի պարագայ չէ: Այս սխալը յաճախ կը գործէք դժբախտաբար: «Ավելի վաղ ՀԱԿ խմբակցությունն առաջարկել էր, որպեսզի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ քննարկումը հեռարձակվի...»:
Վահրամ
Մի այլ քերականական սխալ - «Ինչ վերաբերվում է փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանի՝ երկրի թիվ մեկ ղեկավարը դառնալու մասին հարցին...» ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է.......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter