«Նաիրիտն» արդյոք կվերագործարկվի՞
Լիլիթ Թադևոսյան
Ո՞րն է կառավարության դիրքորոշումը «Նաիրիտի» վերագործարկման հարցում: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսպիսի հարց ուղղեց կառավարությանը՝ հավելելով, որ իր ձեռքի տակ կան երկու հայտնի ընկերությունների ուսումնասիրություններ, որոնք տվել են դրական եզրակացություն «Նաիրիտի» վերագործարկման մասին, և այս պարագայում ինչո՞ւ է կառավարությունը մեկ տարի հետո նոր ուսումնասիրություն խնդրում Համաշխարհային բանկից, և ինչպե՞ս կարող է պատահել, որ այդ նոր ուսումնասիրությունը հերքի առաջին երկու ուսումնասիրությունների արդյունքները:
Հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա նշեց, որ իրոք եղել է պատվեր երկու ընկերության կողմից «Նաիրիտ» գործարանի ուսումնասիրությունների վերաբերյալ, և նաև երրորդ անգամ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին, որպեսզի կատարեն ուսումնասիրություններ: Նրա խոսքերով իրենք ունեն բոլոր երեք ուսումնասիրությունների պատասխանները, առաջարկությունները, և դրանք հիմք են տալիս ՀՀ կառավարությանը որոշակի եզրահանգումների գալ:
Նախարարը նաև նշեց, որ իրոք ընկերության կողմից եղել է եզրակացություն, որ «Նաիարիտի» հետագա վերագործարկումն աննպատակահարմար է, բայց ՀՀ կառավարությունը դա վերջնական հիմք չի ընդունում, և քննարկումները շարունակվում են. վարչապետի կողմից շեշտվել է, որ կառավարութունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ վերգործարկման հետ կապված, բայց վերջին երկու-երեք տարիների ընթացքում որևէ կոնկրետ առաջարկություն որևէ ներդրողի կողմից չի եղել:
«Վերագործարկման համար նաև ուսումնասիրության եզրակացությունների հիքմում ընկած է, որ անհրաժեշտ են բավականին լուրջ ներդրումներ՝ 200-300 միլիոն դոլարի»,- ասաց նախարարը:
Արձագանքելով՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ առաջին երկու հետազոտությունները ցույց են տալիս, որ կառավարությունը չի ընդունել այն առաջարկները, որոնք ներկայացրել են: Այնուհետև նա առաջարկեց համադրել եզրակացությունները, ինչի արդյունքում երևում է, որ երկուսը ցույց են տալիս շատ հզոր եկամտաբերություն:
«Եկեք համադրենք, որ հասարակությունն էլ իմանա՝ ինչ է տեղի ունենում, այլապես, ստեղծվում է տպավորություն, որ հակառակ այդ հետազոտությունների՝ կառավարությունը շահագրգռված չի, որ գործարանը վերագործարկվի, կամ գտնվում է ինչ-որ ճնշումների տակ, կամ դիտավորյալ սնանկացնում է, որ կոռուպցիոն գործարքների մեջ մտնի: Մենք ուզում ենք, որ հանրությունը տեսնի կառավարության հստակ կամքը վերագործարկելու այս գործարանը, կամ էլ թող փաստերը բացի, ցույց տա, որ իսկապես բոլորի համար պարզ լինի, որ այստեղ չարամիտ մոտիվ չկա»,- ասաց Զուրաբյանը: Նա նաև հավելեց, որ շատ տգեղ բան է եղել, որ գործարանի աշխատակիցներին պարտադրել են հրաժարվել տուգանքներից, որ ստանան իրենց աշխատավարձերը:
Պատասխանելով՝ նախարարն ասաց. «Առաջարկությունները որոշ ընկերությունների կողմից, այդ թվում՝ Ձեր կողմից, որ 50-60 միլիոն դոլար ներդրումներով կարելի է գործարանը վերագործարկել, դրանք բացարձակ չհիմնավորված հայտարարություններ են: 50-60 միլիոն դոլարի ներդրումները չեն կարող ապահովել նույնիսկ «Նաիրիտի» մեկ կամ երկու ամսվա շրջանառու միջոցները»,- ասաց Երվան Զախարյանը:
Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերի տուգանքներն, ապա նախարարի խոսքերով ոչ մեկ ստիպողաբար քայլեր չի արել, դա եղել է աշխատողների կամքով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել