
Առողջապահության հայ և շվեդ նախարարները քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիա կատարած երկօրյա այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
Շվեդիայի առողջապահության նախարարի հրավերով այցի նպատակն է քննարկել երկկողմ համագործակցության լայն hնարավորությունները:
Հայ մասնագետներն այցելել են Ուպսալայի համալսարանական հիվանդանոց, ինչպես նաև «Սկանդիոն» պրոտոնային թերապիայի կլինիկա: Սկանդինավյան երկրներում առաջինն ու միակ ճառագայթային բուժման այլընտրանքային տարբերակ հանդիսացող կլինիկան գործունեության ընթացքում լուրջ ձեռքբերումներ է արձանագրել քաղցկեղի բուժման գործում:
Միաժամանակ կայացել է այց Ուպսալայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, ինչպես նաև հանդիպում Հայաստանի հետ համագործակցության գործում հետաքրքրված կազմակերպությունների (Ericcson, Elekta) հետ, որոնք էլեկտրոնային առողջապահության ոլորտի առաջատարներն են:
Նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում նույնպես քայլեր են իրականացվում առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ: Այս ոլորտում արդեն զգալի աշխատանքներ են իրականացվել: Շվեդիայում էլեկտրոնային առողջապահության բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները հնարավորություն կտան ուսումնասիրել շվեդական հարուստ փորձը և այն հաջողությամբ կիրառել մեր երկրում:
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայ համայնքի, տեղի հայ բժիշկների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել մասանագիտական գիտելիքներով և կարողություններով աջակցել Հայաստանին։
Մեկնաբանել