
Հնդկաստանը և Չինաստանը լոնդոնյան բորսայից գնել են ամբողջ ոսկին
Ռուսաստանի Դաշնության լեռնային հանքաարդյունաբերության եւ մետալուրգիական ամենախոշոր հոլդինգների տնօրեն Պիտեր Խամբրոն պնդում է, որ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) այլևս ոսկի չկա, այն սպառվել է:
BloombergTV-ին տված հարցազրույցի ժամանակ Խամբրոն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հնդկաստանը և Չինաստանը գնում են լոնդոնյան շուկայում առկա ամբողջ ֆիզիկական ոսկին:
«Հնդկաստանը և Չինաստանը ահռելի քանակությամբ ոսկի են ձեռք բերում: Գործնականում լոնդոնյան շուկայում հնարավոր չէ գտնել ֆիզիկական ոսկի, որը կարելի է բեռնել և տեղախոխել գնորդի մոտ: Մենք միշտ պատվերներ ենք ստանում Ռուսաստանի Դաշնությունից` Հնդկաստան և Չինաստան ոսկի մատակարարելու համար, քանի որ իրական, այսինքն` ֆիզիկական ոսկի շատ քչերը ունեն»,- ասել է Խամբրոն: Նա նաև մտահոգություն է հայտնել արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
BullionStar.com ընկերության սինգապուրյան գրասենյակի ղեկավար Թորգնի Փերսոնը նշում է, որ այս տեղեկությունը հաստատում է նաև A-Mark ընկերությունը, որը թանկարժեք մետաղներ վաճառող ամենախոշոր դիլլերն է աշխարհում:
Ընկերությունը հաստատել է այն փաստը, որ իրենք դադարել են մատակարարման կանադական «Թխկու տերևի» արծաթյա մետաղադրամների և մի շարք այլ ոսկե և արծաթե մետաղադրամների պատվերներ ընդունել:
A- Mark-ը նշել է նաեւ, որ ոսկու սակավությունը ինչպես մեծածախ, անյպես էլ մանրածախ շուկայում աշխարհի ֆինանսական շուկաների համար շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:
«Եթե ոսկու մատակարարման համար «թղթային» պայմանագրերի գինը չսկսի աճել, մեզ մեծ անախորժություններ են սպասվում: Եթե խնդիրներ սկսվեն խոշոր ծավալի պատվերների մատակարարման հատվածում, օրինակ` մեկ կիլոգրամանոց ոսկյա ձուլակտորների կամ հազար ունցի արծաթյա ձուլակտորների, բոլորին պարզ կդառնա, որ արքան տկլոր է»,- հենց այսպես է նշվում ընկերության հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Financial Times-ի կողմից հրապարակված ինֆորմացիայի համաձայն` Լոնդոնում կտրուկ աճել է ոսկու ընդունման տոկոսադրույքը: Ոլորտի մասնագետները այս աճը բացատրում են դիլլերների պահանջարկի հետ, քանի որ նրանք թանկարժեք մետաղի կարիք ունեն, որն այնուհետև ուղարկվում է Շվեյցարիա` վերամշակող գործարան, որից հետո ոսկին ընդունում է այն տեսքը, որով ուղարկվելու է Հնդկաստան և Չինաստան:
Mitsubishi ընկերության վերլուծաբան Ջոն Բատլերը հայտարարել է, որ տոկոսադրույքի աճը վկայում է շուկայում ֆիզիկական ոսկու դեֆիցիտի մասին։
Մեկնաբանել