
Օձունի նորակառույց սպանդանոցը չի շահագործվում. Լոռու մարզում ամեն օր անասունների բակային հակասանիտարական մորթ է կատարվում
Օձունի նորակառույց սպանդանոցը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կառուցված հանրապետության 5 սպանդանոցներից մեկն է:
Սպանդանոցի շինարարությունը և ծրագրային սարքավորումների տեղադրումը ավարտվել է 2015 թ.-ի փետրվարին, սակայն այն առ այսօր չի շահագործվում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և օձունցի անհատ ձեռնարկատեր Խասիկ Տիտանյանի միջև 2012թ. դեկտեմբերի 19-ին կնքած պայմանագրի համաձայն` Խասիկ Տիտանյանը իր ֆինանսական միջոցներով վերակառուցել և ժամանակակից սպանդանոցային պայմաններ է ստեղծել իր սեփականությունը հանդիսացող Օձունի նախկին հացի գործարանի շենքում: «Վերակառուցման շինաշխատանքերի համար «Պրոկրեդիտ» բանկից վերցրած 20մլն. դրամ գումար եմ ներդրել: Վարկի մարումը դեռ ընթացքի մեջ է: Անասուններ ունեինք , տնտեսություն ունեինք, լրիվ ծախել ենք, ներդրում ենք արել: Գյուղատնտեսության նախարարության ասելով` 130 հազար դոլարի (65 մլն. դրամ) ծրագրային սարքավորումներ են տեղադրվել սպանդանոցում, սակայն այն չենք կարողանում շահագործել»,- ասում է անհատ ձեռնարկատեր Խասիկ Տիտանյանը:
Վերջինս Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանի մայրն է: Սպանդանոցի ծրագրային սարքավորումների ֆինանսավորումը կատարել է Հունաաստանի կառավարությունը: Շինմոնտաժային աշխատանքերը 2014թ. նոյեմբերից մինչև 2015թ. փետրվարը կատարել է Հունաստանի HATZIAOKIMIDIS S.A ընկերությունը:
«Մենք 40 տարի առաջ Օձունի վարչական տարածքում ավելի մեքենայացված սպանդանոց ենք ունեցել, քան այսօրվա սպանդանոցը: Այստեղ մորթը կատարվելու է ձեռքով: Աշխարհի ոչ մի սպանդանոցում այս թվին ձեռքով անասունի մորթ չի արվում»,- դժգոհեց գյուղապետ Ա. Տիտանյանը :
Տնօրեն Սեյրան Տիտանյանի ասելով` սպանդանոցի հոսքագծի մոնտաժային աշխատանքերը հույն մասնագետների կողմից կիսատ, պռատ է կատարվել:
«Մի անգամ փորձնական միացրին, չաշխատեց, էդպես էլ թողեցին, ասացին ֆինանսավորումն ավարտվել է, հույն մասնագետները գնացին ու գնացին»,- հայտնեց տնօրենը:
Արսեն Տիտանյանի ասելով` Օձունի սպանդանոցը կարող է աշխատել միայն այն դեպքում , երբ կառավարությունն արգելի մարզի անասունների բակային մորթը:
Սպանդանոցի շահագործման հետ կապված ՀՀ գյուղատնտեսության նախարարի 1-ին տեղակալ Գրիշա Բաղիյանը «Հետքին» պարզաբանեց. «Օձունի սպանդանոցի սեփականատերը ինքը պետք է շահագրգռված լինի սպանդանոցի շահագործման համար: Մենք բակային մորթերը չենք կարող արգելել: Շահագործման ընթացքում գյուղացին պետք է տեսնի, որ սպանդանոցում իր անասունին մորթելը ավելի շահավետ է և տանի այնտեղ մորթելու: Պետք է մրցակցություն լինի: Սպանդանոցի տնօրենը ճիշտ է ասել , սպանդանոցում կան հոսքագծերի անսարքություններ, դա պետք է վերացնի սպանդանոցի սեփականատերը»:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 19-ի «Սպանդանոցների զարգացման աջակցության» պայմանագրի 4.3 կետով` նախարարությունը պարտավոր է ընկերությանը տրամադրել պայմանագրով նախատեսված ծրագրային գույքը: Թե ինչու է ծրագրային գույքի անորակ մոնտաժման պատասխանատվությունը դնում սեփականատիրոջ վրա, Գ. Բաղիյանը չպատճառաբանեց:
Վերջինս, սակայն, հայտնեց, որ գյուղնախարարության կողմից սպանդանոցների գործունեության վերաբերյալ ռազմավարություն է առաջիկայում ներկայացվելու կառավարությանը: «Հաստատվելուց հետո սպանդանոցները կաշխատեն այդ ռազմավարությամբ»,- հայտնեց Գ.Բաղիյանը:
«Մենք մրցակցությանը չենք դիմանա, անասունի մորթ անելու դեպքում սպանդանոցում պետք է ծախսվի հոսանք, ջուր, էներգիա, պետք է բժիշկ և լաբորատորիա աշխատի, կարո՞ղ ենք մենք մրցակցել էն մարդու հետ, ով մի թփի տակ անասուն է մորթում ու իր «Վոլգա» ավտոմեքենայի կեղտոտ բագաժնիկով տեղափոխում է շուկա»,-հակադարձեց գյուղապետ Ա. Տիտանյանը: Հիշեցնենք որ «Հետքը» անցած տարիներին պարբերաբար ահազանգել է տարածաշրջանում մսամթերքի հակասանիտարական սպասարկման մասին:
Օձունն իր վարչական տարածքում ունի բեկարի հոր, որը նախատեսված է սատկած և բրուցելոզով, սիբիախտով ու այլ վտնգավոր հիվանդություններով հիվանդ անասունների համար: Այդ անասունները պետք է էդ հորի մեջ պահվեն, որպեսզի վարակը չտարածվի:
«Ես կարող եմ ասել, որ մոտավորապես 2010թ.-ից էդ հորի մեջ ոչ մի անասուն չի գցվում: Բոլոր տեսակի հիվանդ անասունները իրացվում են մարզի շուկաներում: Ես շատ զարմացած եմ , թե ինչով է ընդհանրապես զբաղված մեր երկրի սննդի անվտանգության տեսչությունը»,- հայտնեց Օձունի գյուղապետը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը այսօր մեզ հայտնեց, որ մարզում այս պահին հաշվառված են 78 493 խոշոր, 33 504 մանր եղջերավոր անասուններ և 9965 խոզեր: Ըստ Գ.Հակոբյանի` Թումանայանի տարածաշրջանում գրանցված են 17 785 խոշոր , 7478 մանր եղջերավոր անասուններ և 4499 խոզեր. «Մարզում ամեն օր կատարվում են բակային մորթեր , սպանդանոց չունենք»,- հայտնեց Գ.Հակոբյանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել