
Վարդաձոր համայնքում շահագործվել է խմելու ջրի ներքին ցանցը
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում այսօր տեղի է ունեցել գյուղի խմելու ջրի ներքինցանցի շահագործման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես իր խոսքում նշել է ծրագրի ֆինանսավորող շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի նախագահ Ժակ Մարտենը, Արցախում կազմակերպությունն աջակցում է հիմնականում ջրագծերի կառուցմանը, և Վարդաձորն այդ ծրագրում արդեն տասներորդ գյուղն է: «Մեզ հետ նոր պատվիրակներ են ժամանել Արցախ, և, հուսով ենք,որ նրանք ևս մասնակից կդառնան հետագա ծրագրերի իրականացմանը»,- ասել է բարերարը:
Իր հերթին համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը նշել է, որ տասնամյակներ ի վեր գյուղը խմելու ջրի խնդիր է ունեցել: «Այսօր Վարդաձորում կենսական կարևորության հարց էլուծվել, և այդ առթիվ, համայնքի բնակչության անունից, ուզում եմ շնորհակալություն հայտնել ԼՂՀ կառավարությանը, «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամին, ծրագրի աջակից Ժակ Մաթոսյանին և «SPFA» կազմակերպության պատասխանատուներին»,- ասել է Ս. Սառաջյանը:
Այնուհետև, ինչպես տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Վարդաձորի դպրոցականների մասնակցությամբ տեղի է ունեցել մշակութային միջոցառում: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր արտերկրից:
Մեկնաբանել