HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու է Սերժ Սարգսյանը թուլացնում նախագահի ինստիտուտը

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, փորձելով հիմնավորել սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին դեմ լինելու դիրքորոշումը, ֆեյսբուքյան իր էջում նշել է, թե այս նախաձեռնության ողջ նպատակը նախագահի պաշտոնը իր ներկայիս լծակներով վերացնելն է, քանի որ, ըստ նրա, «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»: Օսկանյանը բացահայտում է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության թաքնված և առայժմ ամենաչքննարկվող կոնյունկտուրային կամ ներիշխանական շարժառիթը, որը, ի դեպ, եղել է վերջին երկու տարիներին ներքաղաքական գործընթացների հիմնական գեներատորը:

«Հաջորդ Սերժ Սարգսյանը», որին նկատի ունի նախկին արտգործնախարարը, ոչ այլ ոք է, քան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը երբեք չի թաքցրել վերադառնալու իր ցանկությունը: Օսկանյանը պարզապես չի կարող տալ նրա անունը, որովհետև դրանով կբացահայտի, որ նախ՝ Քոչարյանն իսկապես հաջորդ նախագահական ընտրություններով վերադառնալու հստակ նպատակ է ունեցել կամ ունի, և երկրոդ` որ սահմանադրական փոփոխություններին իր դեմ լինելը բացատրվում է հենց դրանով՝ Քոչարյանի վերադարձը կանխելու՝ Սերժ Սարգսյանի պլանների հետ չհամակերպվելու իրողությամբ: Բայց հարցն Օսկանյանը չէ, այլ գործող իշխանությունը և այն, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Քոչարյանի վերադարձը կանխելու համար դիմում այնպիսի ծայրահեղ և պետականության հիմքերին աղերսվող քայլի, ինչպիսին Սահմանադրության փոփոխությունն է և նախագահի ինստիտուտը բովանդակային առումով վերացնելը:

Դեռևս 2012-ի դեկտեմբերին՝ նախագահական ընտրություններից առաջ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր. «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»: Դրանով դեռ այն ժամանակ Քոչարյանը հասկանալի էր դարձրել, որ «երկու ղարաբաղցիների» միջև առկա է կոմպրոմիսային պայմանավորվածություն առ այն, որ առնվազն 2013թ. ընտրություններին Քոչարյանը չի հավակնելու իշխանության վերադարձին, ինչով փաստացի ապահովելու է Սերժ Սարգսյանի վերընտրությունը: Դա նաև ենթադրում էր, որ նույն սկզբունքով պայմանավորվածությունն է եղել նաև  դրանից հետո իշխանությունը սահուն կերպով Քոչարյանին հանձնելու շուրջ: Սակայն այն պահից սկսած, երբ գործող նախագահը շրջանառության մեջ դրեց Սահմանադրությունը փոփոխելու գաղափարը, երկրորդ նախագահի համար ակնհայտ դարձավ, որ իր «ղարաբաղցի» գործընկերը գնում է պայմանավորվածությունները խախատելու, այսինքն՝ իր վերադարձի կամուրջներն այրելու ճանապարհով: Այդ դժգոհությունը 2014-ի ապրիլին Քոչարյանն արտահայտեց հարցազրույցներից մեկում արած չափազանց թափանցիկ մի ակնարկով: «Ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից` չկառչելով որևէ պաշտոնից»,- ասել էր նա` հիշեցնելով 2005թ. իր իսկ նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, որոնք կարող էր օգտագործել իր վերարտադրվելու խնդիրը լուծելու համար և որոնցից, սակայն, չօգտվեց` առաջնորդվելով, թերևս, Սերժ Սարգսյանի հետ ունեցած` իշխանությունը վերջինիս փոխանցելու պայմանավորվածությամբ:

Քոչարյանի առջև դռները փակելու հիմնական արարը եղավ նրա քաղաքական հենարանը հանդիսացող և իշխանության վերադառնալու ցատկահարթակի դերը կատարող Գագիկ Ծառուկյանին քաղաքականապես և բարոյապես ոչնչացնելը, Քոչարյանին, մեծ հաշվով, իր հիմնական քաղաքական ռեսուրսից զրկելը: Դա արվեց այն նպատակով, որպեսզի խորհրդարանական կառավարման համակարգ նախատեսող և նախագահի ինստիտուտը զգալիորեն թուլացնող սահմանադրական փոփոխությունների դեմ ԲՀԿ-Քոչարյան տանդեմի շուրջ չձևավորվի դիմադրության մի այնպիսի առանցք կամ բևեռ, որն ի զորու է ոչ միայն տապալելու հանրաքվեն, այլև այդ պրոցեսը վերածելու Սերժ Սարգսյանին հեռացնելու և Քոչարյանին վերադարձնելու մասշտաբային գործընթացի: Արդյունքում իշխանությունն ունեցավ այդ փոփոխությունների դեմ հանդես եկող, բայց իրականում սկզբունքորեն իրար հակասող «Ոչ»-ի միանգամից երկու` հավասարաչափ թույլ, հետևաբար վերահսկելի բևեռ:

Սերժ Սարգսյանի գործողությունների տրամաբանությունը շատ պարզ է. եթե չկա նախագահի ինստիտուտ, Քոչարյանը կորցնում է ոչ միայն  իշխանության վերադառնալու շանսերը, քանի որ չունի քաղաքական հենարան` խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու և այդ ճանապարհով վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, այլև բավարար մոտիվացիա: Այլ կերպ ասած` նա փորձում է այնպես անել, որ Քոչարյանն անիմաստ համարի ընդհանրապես մեծ քաղաքականություն վերադառնալը: Խնդիրն այն է, որ անգամ իր ներկայիս «ջախջախված» իմիջով Քոչարյանը շարունակում է վտանգավոր լինել: Ըստ էության, հայաստանյան ներկայիս քաղաքական ներկապնակում Քոչարյանից բացի չկա որևէ այլ ֆիգուր, որն ունակ է քանդել ներկայիս իշխանական կոնյունկտուրան` հաշվի առնելով նաև Քոչարյանի հանդեպ այդ կոնյունկտուրայում դեռևս առկա կարոտախտը: Իսկ իշխանության պահպանման գրավականը Հայաստանում ոչ թե ընտրողների քվեն է, այլ կոնյունկտուրայի և վարչական ռեսուրսների միասնականությունը:

Թվում է, թե Սերժ Սարգսյանն ուներ և ունի դա թույլ չտալու այլընտրանքային տարբերակ` ի դեմս իշխանությունը վստահելի որևէ մեկին ժառանգելու մեխանիզմի: Սակայն Սերժ Սարգսյանը չունի իշխանության մոնոլիտությունն ապահովելուն ունակ այդպիսի որևէ թեկնածու: Սեյրան Օհանյանի շուրջ վերջին սկանդալները ցույց տվեցին, որ նա չափազանց թույլ և խոցելի է այդ պատասխանատու խնդիրը լուծելու համար, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չափազանց անկանխատեսելի է` իր երբեք չդադարեցրած երկակի խաղերով: Մանավանդ որ Աբրահամյանի նկատմամբ ևս իշխանության ներսում վերաբերմունքը միանշանակ չէ:

Քոչարյանի վերադարձի առումով Սարգսյանի հիմնական մտավախությունները կապված են նրա հետ ունեցած` իշխանության փոխանցման շուրջ պայմանավորվածությունները խախտելու համար «պատժվելու»  հեռանկարով: Սերժ Սարգսյանը, բոլորից լավ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի քինախնդիր բնավորությունը, գիտի, որ նա նման բաները երբեք չի ներում: Թեև չի բացառվում, որ առկա են նաև ավելի խորքային, քաղաքական, գուցե նաև աշխարհաքաղաքական շարժառիթներ: 

Սա, իհարկե, չի նշանակում, թե գործող նախագահի համար սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տապալումը նույնքան հավանական է, որքան դրա հաջողությունը: Սերժ Սարգսյանը մշտապես հայտարարել է, որ իր համար գործող Սահմանադրությունը և կիսանախագահական ներկայիս համակարգն ավելի նախընտրելի է: Սա նշանակում է, որ նախագահն ունի իշխանության վերարտադրությունը նաև գործող Սահմանադրության հենքի վրա կազմակերպելու գործողությունների այլընտանքային պլան: Հենց դրանով է պայմանավորված սահմանադրական փոփոխությունները համապետական հաջորդ ընտրություններից առնվազն մեկուկես տարի առաջ կազմակերպելու հանգամանքը. ուժերի վերադասավորման համար դեռ ժամանակ է մնում: Այլ հարց է` արդյոք ինքը` Ռոբերտ Քոչարյանն ունի՞ նման պահեստային տարբերակներ, և արդյոք գործող նախագահը դիտարկո՞ւմ է որևէ փուլում վերջինիս հետ լեզու գտնելու տարբերակը, թե՞ ոչ: Սա հարց է, որի պատասխանը, թերևս, գիտեն միայն երկու ղարաբաղցի վաղեմի գործընկերները... 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter