HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. հայկական բազմաձայն երգի առաջին համերգի «հնչյունները»` ազդագրում

Աննա Բաբաջանյան

Ազգային երաժշտական մշակույթի զարգացման ուղին եղել է երկար եւ խոչընդոտներով լի: Հիմա արդեն մեզ համար, թերեւս, դժվար կլինի պատկերացնել, որ, օրինակ, հայ երաժշտության պատմության մեջ քառաձայն երգեցողության առաջին համերգը, որի կազմակերպումն այնքան մեծ ջանքեր էր խլել, իսկական տոնախմբություն էր մեր ժողովրդի համար: Գրականության եւ արվեստի թանգարանում ցուցադրվում  է մի ազդագիր, որի վրա կարդում ենք. «1885, ուրբաթ 15 մարտի, առաջին անգամ կը լինի խմբերգական հանդէս որ կը կատարէ 15 հոգուց բաղկացած խումբը վարչութեամբ Կարա-Մուրզայի»:

Հենց վերջինս, գիտակցելով, որ հայերի շրջանում անհրաժեշտ էր բարձրացնել երաժշտության հասարակական նշանակությունը, տանել երաժշտական  լուսավորական  աշխատանք, մատչելի դարձնել համաշխարհային երաժշտական արվեստի գործերը, առաջնային համարեց  քառաձայն երգեցողության տարածումը` ստեղծելով երգչախմբեր եւ ծավալելով համերգային գործունեություն: Երեք տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո վերջապես հաջողվեց ստեղծել առաջին քառաձայն երգչախումբը եւ տալ հայկական  բազմաձայն երգի առաջին համերգը: Դա, ինչպես նշված է ազդագրում, տեղի ունեցավ Թբիլիսիում` Արծրունու թատրոնում,  եւ որպես պատմական իրադարձության սկիզբ`  մտավ հայ երաժշտության պատմության մեջ:

Ազդագրի վրա նշված ցանկն ուսումնասիրելով` կարելի է տեսնել, որ համերգի ողջ ծրագիրը բացառապես կազմված էր ազգային-հայրենասիրական երգերից` մշակված քառաձայն երգչախմբի համար: Երգչախումբն ուներ արական կազմ եւ բաղկացած էր 15 հոգուց: Հայտնի է նաեւ, որ երգչախմբի անդամները հանդես են  եկել ազգային տարազով: 

Երգչախմբի համերգային գործունեությունն աստիճանաբար ընդլայնվելով, ընդգրկել է ոչ միայն Անդրկովկասի, այլեւ` Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Հարավային Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հայաբնակ վայրերը: Հայկական երգը հնչում էր այնպիսի տեղերում, որտեղ հանգամանքների բերումով հայերը հեռացել էին սեփական մշակույթից եւ մոռացել մայրենի լեզուն:

Սակայն այն բանի համար, որ ձեւավորվեր երգչախումբը, իսկ դրա պատմական դարձած ազդագիրն էլ հետագայում դառնար ցուցանմուշ, հարկավոր էր հաղթահարել մի շարք դժվարություններ: Դրանց մասին մենք կարդում ենք Կարա-Մուրզայի թողած մի գրության մեջ. «Քառաձայն երգեցողությունը իրապես հաղթություն տարավ: Ես վարձատրված եմ: Հիմա հրավիրում եմ շարունակել, ով կամի ինձ հետ կամ առանձին միեւնույն է: Ռամիկն ինձնից շնորհակալ է: Պահպանողական կուսակցությունը միայն ճնշում գործեց  եւ վեհափառը երկու  հակասական կարծիքներ հայտնելով`  Սբ. Էջմիածնում գործը դարդարեցրեց: Բայց քառաձայնը ամեն տեղ դուրս է մղում  միաձայն երգը: Այդ արդեն ուրախալի է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter