Շուշիում արհեստագործական ուսումնարան է բացվել
Այսօր Շուշիում պաշտոնապես բացվել է Եզնիկ Մոզյանի անվան նորակառույց արհեստագործական ուսումնարանը: Այն շինարարական արհեստների մասնագիտական ուսուցման միակ կրթօջախն է Արցախում:
Կրթօջախը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ (ֆրանսահայ Եզնիկ Մոզյանի կտակի համաձայն) և Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ:
Հայաստան համահայկական հիմնադրամը հայտնում է, որ կրթօջախն զբաղեցնում է 4050 քմ մակերես: Այն կառուցվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով՝ հատուկ մասնագիտական հանձնաժողովի խորհրդատվությամբ: Ուսումնարանի նախագծի հեղինակն է ճարտարապետ Ալեն Դարոնյանը:
Ընդհանուրը 450 ուսանողի համար նախատեսված ուսումնական կենտրոնն ունի հանրակրթական առարկաների և շինարարական արհեստների ուսուցման համար անհրաժեշտ հարմարությունները՝ կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, գրադարան, օժանդակ սենյակ՝ նյութերի ու սարքերի պահեստավորման համար, ինչպես նաև ավտոմատացված կենտրոնական ջեռուցում և օդափոխություն:
Ուսումնարանի սաներն այստեղ կստանան եռամյա կրթություն: Հանրակրթական ուսմանը զուգահեռ նրանք կաշխատեն շինարարական ձեռնարկություններում և ձեռք կբերեն փականագործի, մետաղագործի, տանիքագործի, թիթեղագործի, զոդողի, ամրագործի, պատշարի, ներկարարի, սալիկապատող-հարդարողի, էլեկտրիկի, սանտեխնիկի, ջերմատեխնիկի մասնագիտություններ: Գործնական պարապմունքների վարպետ-մանկավարժները վերապատրաստվել են Ֆրանսիայում:
Ծրագրի համակարգող, Ֆրանսիայի հայկական հիմադրամի անդամ և Եզնիկ Մոզյան արհեստագործական դպրոցի հիմնարկի փոխնախագահ Ռոբերտ Այդաբիրյանին և Հերմինե Այդաբիրյանին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը շնորհել է Շուշիի պատվավոր քաղաքացու վկայագիր:
լուսանկարը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի
Մեկնաբանել