HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գինեգործ Վահեն

Էդիկ Բաղդասարյան, Դավիթ Բանուչյան

«Գինու» Վահեն, «Կարասի» Վահեն, այսպես են ասում գինեգործ Վահե Քուշգերյանի մասին խոսելիս։ Նա Հայաստան է եկել Միացյալ Նահանգներից, մինչ այդ գինեգործությամբ էր զբաղվում Իտալիայում։ Վահեն Հայաստանում է ապրում արդեն վեց տարի։  

Վահեն Հայաստանում բնակվող ինձ ծանոթ սփյուքահայերից ամենաշարժունն է։ Անընդհատ հանդիպումների մեջ է, խաղողի այգիներում է, գինու գործարաններում, դասընթացներ է կազմակերպում, գինիների համտես, սարքավորումներ է բերում Հայաստան։ Նա նաեւ բոլորին հասանելի է։ Նրա հետ հետ խորհդակցում են գինեգործները, խաղողագործները, զանազան պաշտոնյաներ։ Վահեին կատակով ասում եմ, որ ինքը հայկական գինու մաֆիայի պարագլուխն է։ Նա հայկական գինու մասին գիտի ամեն ինչ. կարող է ասել, թե տվյալ գինին քանի մետր բարձրության վրա գտնվող այգուց է, խաղողի որ տեսակից է։ Գիտի՝ որ գինեգործի գինին արժե համտեսել, ով ինչպիսի սարքավորումներ է օգտագործում, որքան արտահանում կամ իրացնում հայաստանյան շուկայում, որ ռեստորանում գինու ինչ տեսականի են առաջարկում։

Վահեն իր շուրջն է հավաքել պրոֆեսիոնալ մարդկանց մի խմբի եւ լծվել  Հայաստանում գինեգործության զարգացմանը։ Խումբն ուսումնասիրում է հայկական խաղողագործության եւ գինեգործության պատմությունը։ Հայկական խաղողի հետեւից խմբի անդաամներն այս տարի մեկնել էին Իրան. ասում է` հայկական խաղողի նոր տեսակներ են հայտնաբերել։  

Արդեն մի քանի տարի Վահեն աշխատում է նաեւ Ղարաբաղում. գինեգործներին օգնում է կարգավորել գինու արտադրությունը, խաղողի նոր այգիներ հիմնել։ Նա խորհուրդ է տալիս՝ ինչ տնկիներ դնել, որ տեսակը հողատարածքի որ թեքության եւ ինչ բարձրության վրա տնկել: Նա գիտի գինու եւ խաղողի գաղտնիքները. կարող է ասել` սարալանջի երեկոյան փչող սառը քամին ինչ համ կտա այդտեղ աճեցրած խաղողի գինուն։ 

Նա համեմատում է տարբեր երկրների գինիներն ու համոզված է, որ ամենալավ գինին Հայաստանում կարող է լինել՝ արեւային մեծաթիվ օրերի շնորհիվ։ Վահեին կարելի է հանդիպել նաեւ տարբեր նախաձեռնություններում, բողոքի ցույցերում, ընտրությունների ընթացքում դիտորդություն անելիս։ Երբեմն նա հուսահատվում է։ Բայց կարճ են տեւում իր մոտ այդ պահերը, հետո նորից ոգեւորվում է, ասում է՝ շրջապատում լավ մարդիկ են, եւ նրանց հետ էլ փոխելու ենք երկիրը։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter