
Մի սենյակ և երկու մահճակալ` 5 հոգու համար
Ստեփանակերտի կենտրոնական թաղամասերից մեկում Պետրոսյանների բազմազավակ ընտանիքի փոքրիկ դարպասով ներս մտնողը չի կողմնորոշվում՝ փլատակներից որ մեկում են մարդիկ ապրում։ Տարիներ առաջ երկրաշարժից տուժած երբեմնի տան ավերակների կողքին կառուցված փոքրիկ տնակը, որ ժամանակին կոշկակարի արհեստանոց էր, այսօր 4 անչափահասների տունն է։
Սենյակում պատի տակ երկու մահճակալ է դրված, երկու սեղան, որից մեկի վրա հաց են ուտում, իսկ մյուսի վրա փոքրիկ հեռուստացույցն է և վերջերս այստեղից-այնտեղից հավաքած մոշից պատրաստած մուրաբաների տարաները։ Աթոռի վրա դրված հայելու վերևից կախված է հացի տոպրակը, իսկ տան մեջտեղում դրված էլեկտրական վառարանի վրա թեյնիկ է եռում։
Մի քանի ամիս է, ինչ Պետրոսյանները էլեկտրականություն և ջուր ունեն. մի տարի առաջ անջատել էին պարտքերի պատճառով։
«Բարի մարդիկ հայտնվեցին և օգնեցին մեզ ջրի ու լույսի հարցում։ Թե չէ մինչև հիմա ստիպված կլինեինք աղբյուրից ջուր կրել և մոմի լույսի տակ երեկոներն անցկացնել։ Երկու տարի է, ինչ այստեղ ենք ապրում։ Ծնողներիս տանն եմ մեծացրել 5 երեխաներիս։ Երբ որ հայրական տունըվերջնական փլվեց, եղբայրս այս տնակը մեզ զիջեց, որ փողոցում չմնանք։ Հետևի սենյակն այսօր արդեն պիտանի չէ, պատը փլվել է ու անձրևաջրերը տունն են թափվում»,-ասում է տիկին Էմման։
Այն հարցին, թե ինչպես են 5 հոգով 2 մահճակալին տեղավորվում, զրուցակիցս ասում է, որ շատ ժամանակ աթոռին նստած է լուսացնում, այն դեպքում, երբ առողջական խնդիրներ ունի։
«Սկզբում ամուսինս օգնում էր երեխաների հարցում։ Դե քանի որ ինքն էլ կռված, կանտուզյա է ստացած, առողջությունը գնալով վատացավ, երեխաներին էլ աչքաթող արեց ժամանակի ընթացքում»,- պատմում է բազմազավակ մայրը։
Այս երկու տարիների ընթացքում Պետրոսյանների ընտանիքը ոչ մեկին չի դիմել բնակարանի հարցով։ Միայն վերջերս հետևելով ծանոթների խորհրդին նամակ է գրել մի շարք կառույցների բնակարանի հարցում աջակցելու խնդրանքով։ Առ այսօր ոչ մի պատասխան չի ստացել։
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Հետք»-ին տեղեկացրին, որ Էմմա Պետրոսյանի նամակը ներկա դրությամբ ուսումնասիրվում է աշխատակազմի բնակարանային վարչության կողմից և մոտ ժամանակներս լուծում կտան հարցին։
Տիկին Էմման ասում է, որ լսել է հարևաններից՝ իբրև իրենց փողոցի տներն էլ տարհանման պլանի տակ են։ Կինը հույս ունի, որ ծնողների ավերակի փոխարեն իրենց կփոխհատուցեն։
Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի տրամարդած տեղեկության՝ Պետրոսյանների տունը, ինչպես նաև նույն Նելսոն Ստեփանյան փողոցի վրա գտնվող մի շարք տներ վաղուց տարհանման պլանի տակ են։
«Բանն այն է, որ այդ տները կառուցվել էր Ստեփանակերտի պուրակի տարածքում ու տարիներ շարունակ խոսվում է այդ տները տարհանելու մասին։ Սակայն մինչ այսօր այդ շինությունները բնակիչների սեփականություն չի համարվում և սեփականության վկայական չունեն։ Ներկա դրությամբ դեռ հստակ տեղեկություն չկա, թե երբ կտարհանեն»,-տեղեկացրին քաղաքապետարանից։
Բազմազավակ ընտանիքն այսօր գոյատևում է երեխաներին հասնող մոտ 50 հազար դրամ նպաստով։
«13-ամյա Էրիկս դասերից հետո գնում քարից էլ հաց ա քամում բերում։ Եթե նրա ժամանակավոր վաստակը չլինի, միայն նպաստով ապրել չէինք կարող»,-ասում է տիկին Էմման։
Բազմազավակ ընտանիքի ավագ աղջիկն ամուսնացած է, մյուս աղջիկը՝ 17-ամյա Ալիսան, դպրոցը թողել է, որպ արհեստ սովորի, տղաներից երկուսը՝ Էրիկն ու Տիգրանը, դպրոց են հաճախում։ Իսկ ահա 7-ամյա Ալենն էլ դպրոցական հագուստ չունենալու պատճառով մինչ այսօր դպրոց չի գնում։ Տիկին Էմման վստահեցրել է, որ բարի մարդիկ են գտնվել և խոստացել հագուստ տրամադրել ու մոտ ժամանակներս Ալենը դպրոց կգնա։ Իսկ ահա ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցության մասին Էմման տեղեկացավ մեզանից միայն։
ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ յուաքանչյուր առաջին դասարնցու միանվագ տրամդրվել է 20 հազարական դրամ, դպրոցական պայուսակ և գրենական պիտույքներ։
«Կան ծնողներ, որ ժամանակին չեն գրանցել իրենց երեխաներին, բայց ամեն դեպքում ուշացումով էլ գրանցելու դեպքում, ինձ թվում է, առանց խնդրի նրանք կստանան իրենց հասանելիք օգնությունը»,-ասաց փոխնախարարը։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել