Առողջապահության ոլորտում համագործակցության նոր հնարավորություն՝ Իրանի հետ
Այսօր հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահության և ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունների միջև մի քանի հուշագրեր և համաձայնագրեր են ստորագրվել, որոնց շրջանակներում որոշակի աշխատանքներ էին տարվում։
Անցած տարեվերջին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել էին ստորագրել նոր Փոխըմբռնման հուշագիր, որը համագործակցության նոր ուղղություններ կներառի: Իրանական կողմը ՀՀ առողջապահության նախարարին 2015թ. դեկտեմբերին հրավիրել է Թեհրան` Հուշագիրը ստորագրելու և երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով:
«Համոզված եմ, որ նոր Հուշագիրը համագորածակցության նոր հարթակ և նոր որակ կապահովի»,- ասել է նախարարը` դեսպանին շնորհակալություն հայտնելով երկու երկրի առողջապահական համակարգերը միմյանց ավելի մերձեցնելու, ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ փոխհամագործակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։
Մոհամմադ Ռեիսին վստահություն է հայտնել, որ Արմեն Մուրադյանի այցը ԻԻՀ արդյունավետ կլինի, և նոր Հուշագիրըերկու երկրի առողջապահության և դեղագործության ոլորտներում համագործակցության նոր հեռանկար կբացի։ Նա շեշտեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմը պատրաստակամ էունեցած փորձը հաղորդելու Հայաստանի գործընկերներին։
Կարևորելով հարևան երկրի փորձը` Արմեն Մուրադյանը նշել է, որ Հայաստանը ևս դեղագործության, բժշկական խիստ զարգացած առանձինծառայությունների, բժշկական կրթության ոլորտներում ուսանելի ձեռքբերումներ ունի։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում առավել արդյունավետ համագործակցություն կծավալվի։ Հաշվի առնելով տարածաշրջանային համաճարակաբանական իրավիճակը` նախարարն առաջարկեց նոր Հուշագրում ներառնել նաև այդ ոլորտը։
Արմեն Մուրադյանը նաև տեղեկացրել է, որ հայաստանյան կողմը ներկայացրել է նոր Փոխըմբռնման հուշագրի նախագծի վերաբերյալ իր նկատառումները և հույս ունի, որ դեկտեմբերյան այցի ընթացքում այն կստորագրվի։ Նախարարը Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող դեսպանին աշխատանքային նոր հաջողություններ մաղթեց` ընդգծելով նրա ներդրումը ընդհանուր նպատակների իրականացման գործում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել