HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանադական ընկերությունը ցանկանում է գնել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը

Կանադական «Caldera Resources Int.» ընկերությունը մեծ ցանկություն ունի գնելու Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի: Այս մասին հայտնում է ընկերության կայքը:

«2009 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Caldera Resources Int.»-ին թույլատրել է մուտք ունենալ Լիճքվազ-Թեյի ոսկու ծրագիր, կատարել նմուշարկում: Այս որոշումից առաջ` այս ամսվա սկզբին, թույլատրություն էր տվել նաև Հայաստանի Բնապահպանության նախարարությունը. այս ամենի նպատակն է, որ ներկայացվի Հայաստանում ոսկու և պղնձի կորզման համար լուծազատման տեխնոլոգիա, որի նպատակահարմարությունը կոմերցիալ տեսանկյունից ապացուցված կլինի»,- նշված է «Caldera Resources Int.»-ի կայքում:
«Հետքը» անդրադարձել է այս խնդրին ««Սիփան-1»-ը զրկվել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիայից», «Ո՞վ է արդյունահանելու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկին»: Մենք նշել էինք, որ պաշտոնական տվյալներով` Լիճվազ-Թեյի հանքավայրում ոսկու պաշարը 17 տ է:

«Caldera Resources Int.» ընկերությունը նշում է, որ հաշվի առնելով ոսկու հանքավայրի հրակայուն լինելը` ցանկանում է վերոնշյալ ծրագիրն իրականացնել իր ռազմավարական գործընկերոջ` «BacTech Mining Corporation»-ի հետ: «BacTech Mining Corporation»-ը լուծազատման իր սեփական տեխնոլոգիաներն է տրամադրելու` ոսկու և ոչ ազնիվ մետաղների կորզման համար:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին  հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը գնել է «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում էր Մեղրու Լիճվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերի  շահագործման լիցենզիան: Այս գործարարը 2008 թվականին իրեն պատկանող  «Լուլիար»  եւ «Գ.Արշակյան» ՍՊԸ-ների միջոցով ստացել է մեկ տասնյակից ավել ոսկու հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ: Լիցենզիաները  հատկացրել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Ս.Համբարձումյանը այժմ բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների մի շեյխի հետ այդ լիցենզիաները վաճառելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter