HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Սողանքի հետեւանքները դեռ հաղթահարված չեն

Հոկտեմբերի 2-ին Հայաստան-Վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած սողանքից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն բնական տարերքի հետեւանքների զգալի մասը հաղթահարված չէ:

Փրկարարները հողի եւ քարի հսկա զանգվածի տակ հայտնաբերել եւ  դուրս են բերել սողանքի 5 զոհերի  մարմիները, տրանսպորտային միջոցները: Դեռեւս հողի տակ է գտնվում Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ Սերգեյ Բաբաջանյանին պատկանող 1997 թվականի արտադրության «Օպելը»:

Սողանքից զոհված 5 անձանց ընտանիքներին կառավարությունը հատկացրել է մեկական միլիոն դրամ ֆինանսական աջակցություն: Սակայն դեռեւս կատարված չէ Տավուշի եւ Լոռու մարզպետներին տրված վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հանձնարարականը, որ պետք է ֆինանսական փոխհատուցում տրվի սողանքից նյութապես տուժածներին: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ սողանքից տուժել է մարզի բնակիչներին պատկանող 12 տրանսպորտային միջոց: Ասենք, որ «տուժել» բառն այստեղ տեղին չէ, հողի տակից հանված մեքենաները մետաղի ջարդոն են, լավագույն դեպքում որոշ պահեստամասեր կարող են պիտանի լինել:

Չնայած բյուջեից  ֆինանսական փոխհատուցման համար գումար է տրամադրվել, սակայն մարզպետարանում դեռեւս հստակեցված չէ այդ գումարի բախշման սկզբունքը. արդյոք գումարը մեքենաների տերերին հավասարաչափ է տրվելու, թե ըստ սողանքի տակ հայտնված մեքենաների շուկայական արժեքի:

Սողանքի գոտում ներկայումս հողի եւ քարի զանգվածի հեռացման աշխատանքներ չեն կատարվում, դրանք ընդհատված են հոկտեմբերի 12-ից: Սողանքի վայրն անանցանելի է, փակ՝ երթեւեկության համար, այժմ Հայաստան ապրանքներ ներկրող խոշոր բեռնատարները` «ֆուռերը», Բագրատաշենից Երեւան են հասնում սողանքի գոտին շրջանցող, ավելի երկար՝ Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով:

Սակայն գործում է նաեւ Այրումի սողանքի վայրը վերին հատվածով շրջանցող, Այրում մտնող խճապատ ճանապարհը: Սողանքի գոտու վերեւի մասով ձգվող այդ ճանապարհը վաղուց գոյություն ունի: Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն սողանքից հետո այդ ճանապարհի բարեկարգման նպատակով որոշակի աշխատանքներ է կատարել: Սակայն շուրջ 1500 մ երկարությամբ ճանապարհը վտանգավոր է, քանզի նեղ ոլորաններ ունի, ուր մեքենաները հարկադրված են կանգնել` դիմացից եկող մեքենային զիջելով ճանապարհը:

Երկու տեղ ոլորանները շատ նեղ ու վտանգավոր են: Մի տեղում էլ վարորդները, բարձունքը հաղթահարելով, տեսադաշտ չեն ունենում, որպեսզի  նկատեն հանդիպակած մեքենան: Ճանապարհն  այդ հատվածում շատ նեղ է,  կողքին՝ հենց ճանապարհին կպած, գտնվում է Այրում քաղաքի բնակիչ Վաչիկ Անանյանի անասնագոմը: Արդեն իսկ վրացական մի ավտոմեքենա այդ տեղանքում ընկել է ճանապարհից դուրս եւ հայտնվել Վաչիկ Անանյանին պատկանող «Ժիգուլու» վրա:

Վ. Անանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր գոմն ինքնակամ կառույց է: Նրա խոսքերով` գոմը կառուցվել է  20 տարի առաջ, սակայն այրումցիներն ասում են, որ  կառույցը 7-8 տարվա վաղեմություն ունի: Ներկայումս այդ խճապատ ճամփով շատ աշխույժ երթեւեկ է կատարվում, չնայած նեղ ճանապարհը  վտանգավոր է: Մենք այդ ճանապարհին ոչ միայն մարդատարներ եւ «ԿամԱԶ»-ներ տեսանք, այլ նաեւ Հայաստան մարդատար մեքենաներ տեղափոխող բեռնատարներ:

Հավաստի տեղեկություններով` այժմ պատրաստ է սողանքից քանդված նախկին, հիմնական ճանապարհի վերականգնման նախագիծը, որը դեռ պետք է համապատասխան փորձաքննությունն անցնի: Հավանաբար, հիմնական ճանապարհի վերականգնումը կսկսվի գարնանը: Դա նշանակում է, որ ձմռանը շրջանցիկ խճապատ վտանգավոր ճանապարհը բանուկ է լինելու: Հարկ է ինքնակամ կառուցված գոմը քանդել, ոլորաններում էլ ճանապարհի լայնացման աշխատանքներ իրականացնել:

Նշենք նաեւ, որ սողանքի գոտին շրջանցող ճանապարհի բարեկարգման, հոկտեմբերի 2-ից 12-ը սողանքի վայրից հողի եւ քարի զանգվածի հեռացման աշխատանքների համար Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ընկերությունը դեռեւս պետբյուջեից գումար չի ստացել:

Ներկայումս Հայաստան ապրանքներ ներկրող «ֆուռերը» երթեւեկելով Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան ճանապարհով` վտանգներ են ստեղծում Հովք գյուղի տարածքում, ճանապարհին առկա սողանքային գոտու ակտիվացման համար: Այդ ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը ձգվում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, խոշոր բեռնատարներն էլ մեծ թիրախ են ադրբեջանական հենակետերի համար:

Նշված հատվածը գտնվում է լեռնային, թեք տեղանքում, ինչի պատճառով ձմռանը մեծ բեռնատարները խնդիրներ են ունենում ոլորաններն անվտանգ հաղթահարելու համար: Հավանաբար, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս կազմող, Այրումի սողանքից տուժած  ճանապարհի վերականգնման աշխատանքների մեկնարկն արագացնելու համար անհրաժեշտ է, որ այս առթիվ Սահակաշվիլին մեկ անգամ եւս քննադատի Հայաստանի կառավարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter