
Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաների ընկերությունները հաղթող են ճանաչվում մարզի մրցույթներում
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ոռոգման ցանցի հետագծի ճշտման և ջրագծի անցկացման, ինչպես նաև Արամուս համայնքի նոր թաղամասի խմելու ջրագծի կառուցման նպատակով Կոտայքի մարզպետարանն այս տարվա օգոստոսին, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` բանակցային ընթացակարգով «Աննար» ՍՊԸ-ի հետ կնքել է երկու պայմանագիր: Նշված ընկերությունը 100%-ով պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին և ընկերության ընտրությունը պատահական չի եղել:
Նույն աշխատանքներն իրականացնելու համար, բանակցություններին մասնակցել է նաև «Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ն, որի հայտի գինը Ջրվեժի դեպքում 99 հազար 800 դրամով է գերազանցել «Աննար» ՍՊԸ-ի առաջարկած գումարին, իսկ Արամուսի դեպքում` 189 հազար 800 դրամով: Մարզպետարանը համապատասխանաբար 14 500 200 և 9 550 200 դրամով պայմանագրերը կնքել է քաղաքաշինության վարչության պետի ընկերության հետ:
«Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ն էլ պատահական մարդու չէ: Ընկերության միակ բաժնետերը` Լիանա Հունանյանը, Կոտայքի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Կոմիտաս Հունանյանի կինն է: Նշենք, որ «Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ի տնօրենն էլ Կոմիտաս Հունանյանի հայրն է:
Նույն ծածկագրով հայտարարված բանակցությունների ժամանակ հայտարարվել է նաև մարզի Աղավնաձոր համայնքի ջրամատակարարման համակարգի հիմնանորոգման ծրագրի մասին, որին մասնակցել են նույն` «Աննար» ՍՊԸ-ն և «Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ն: Այստեղ էլ հաղթել է «Մարմար-Էտուալ» ընկերությունը: Ակնհայտ է, որ մարզպետարանի պաշտոնյաներին պատկանող «Աննար» և «Մարմար-Էտուալ» ընկերությունների «հաղթանակը» ձեռք է բերվել պայմանավորվածությունների արդյունքում:
Կոտայքի մարզպետարանը, որպես գնման ընթացակարգի ընտրության հիմնավորում նշել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, ըստ որի` «գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ»:
Պետական մարմիններն իրենց ծանոթ-բարեկամների ընկերություններին հաղթող դարձնելու համար հաճախ են դիմում օրենքի այդ հոդվածի օգնությանը` այդպես էլ չհիմնավորելով, թե որտեղ է կայանում ընտրված ընկերության հեղինակային և հարակից իրավունքների, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությունը:
Ջրվեժի համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Անահիտ Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ոռոգման ջրագծի կառուցումը իրականացվում է երկու փուլով` մի մասը պետական միջոցներով, մյուս մասը` համայնքի:
«Պետության միջոցներով կազմվել է նախահաշիվ, բայց բյուջեի սղության պատճառով ամբողջ ծրագիրն իրենք չեն իրականացրել: Մարզպետարանը իրականացրել է ծրագրի մի մասը, մնացած մասը թողել է համայնքին: Մենք էլ որոշել ենք շարունակել, որովհետև Ջրվեժի համար ոռոգման ցանցի կառուցումը շատ կարևոր է»,- ասում է Անահիտ Մարգարյանը:
Համայնքապետարանի աշխատակցի խոսքով` պայմանագրի նախահաշվային գինը 28 մլն դրամ է, որից մոտ 15 մլն իրականացնում է մարզպետարանը: Ջրվեժի համայնքապետարանը ծրագրի իր մասն իրականացնելու համար ևս պայմանագիրը կնքել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի ընկերության հետ: Այս դեպքում պայմանագրի գինը կազմում է մոտ 13 միլիոն դրամ:
«Առաջին մասը իրականացնում է նույն ընկերությունը, որը ընտրվել է մարզպետարանի կողմից: Չեմ ուսումնասիրել, չգիտեմ ինչպես է եղել, ինչ արդյունքներով: Քանի որ մենք այդ ծրագրի շարունակողն ենք հանդիսանում, նույն ընկերության հետ ենք իրականացնում ծրագրի շարունակությունը: Այդ ընկերությունն է սկսել, իրականացնում է մինչև որոշակի հատված, ուստի մեկ ուրիշի հետ շարունակելու դեպքում խնդիրներ կարող էին առաջանալ»,- նշում է Ա. Մարգարյանը` անուղղակի բացահայտելով, որ համայնքապետարանը ի սկզբանե ընտրելու էր հենց «Աննար» ՍՊԸ-ին:
Համայնքապետարանի գնումների պատասխանատու Արմինե Պետրոսյանն էլ ասաց, որ համայնքապետարանի մասով ծրագիրն իրականացնելու համար հայտարարություն են հրապարակել, 5 ընկերությունների էլ ուղարկվել է առաջարկը, սակայն ստացվել է միայն «Աննար» ՍՊԸ-ի առաջարկը, որն էլ հաղթող է դարձել:
Մեկնաբանել