HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Աշտարակ կաթը» չի վճարում գյուղացիների պարտքը. նրանք «պատանդ» են վերցրել ընկերության մեքենան

Պրիվոլնոյե գյուղի բնակիչները չեն թողնում «Աշտարակ կաթի» մեքենան դուրս գա գյուղից, մինչև ընկերությունը չվճարի 46 մլն դրամի պարտքը:

Արդեն երեք օր է, ինչ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչները հավաքված են «Աշտարակ կաթ» ընկերության կաթի մթերման կետի առջև: Նրանք պահանջում են կաթի հանձնման դիմաց գոյացած պարտքը, որն ընկերությունն արդեն 3 ամիս է չի վճարում: Ինչպես «Հետքին» հայտնում են գյուղացիները, ընկերությունը մոտ 100 տնտեսության պարտք է 46 մլն դրամ: Իրենք դադարեցրել են կաթի հանձնումը, ավելին՝ դատարկել են ընկերության մեքենայի մեջ եղած կաթը, և չեն թողնելու բեռնատարը տեղից շարժվի, քանի դեռ իրենց պարտքն ամբողջությամբ վճարված չէ:

Պրիվոլնոյեի գյուղապետ Վազգեն Սարուխանյանը գյուղում չէր: Ինչպես նշում են գյուղացիները՝ նա իրենց «անտեր է թողել ու փախել»: Դեռևս հունիս ամսից գյուղի բնակիչներն ամեն օր կաթ են հանձնել գործարանին և գումար չեն ստացել: Վերջին օրերին ընկերությունը 700 հազար դրամ է բերել գյուղ, ինչը դարձել է կռվի ու քաշքշուկի առարկա, քանի որ այն հնարավոր չի եղել բաժանել մարդկանց միջև:

Պրիվոլնոյեի բնակիչների հիմնական եկամտի աղբյուրը կաթն է: «Աշտարակ կաթին» 1 լիտր կաթը հանձնել են 100 դրամով: Սեպտեմբերի 1-ից գինը դարձրել են 120 դրամ, սակայն գյուղացիների պնդմամբ այն ձևական բնույթ է կրում, քանի դեռ նախորդ 3 ամիսների պարտքերը չեն կարողանում վճարել:

Գյուղացիները պայմանագիր ունեն «Աշտարակ կաթի» հետ, ըստ որի ընկերությունը յուրաքանչյուր 15 օրը մեկ պետք է վճարի՝ ստացած կաթի դիմաց: Նրանք պնդում են, որ նույն պայմանագիրը սահմանում է, որ եթե վճարումը 3 օրից ավել ուշանա, ապա ընկերությունը պարտավոր է նրանց տոկոսներ վճարել, ինչը նույնպես խախտվում է: Գյուղացիները պատրաստվում են դատի տալ ընկերությանը՝ պայմանագրի կետերը խախտելու համար:

«Հետքն» այսօր չկարողացավ պարզաբանում ստանալ «Աշտարակ կաթ» ընկերությունից: Երկուշաբթի կփորձենք պարզել, թե ինչն է կուտակված պարտքերի պատճառը և երբ է ընկերությունը պատրաստվում վճարել գյուղացիներին:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter