«Աշտարակ կաթը» խոստանում է մեկուկես ամսում վճարել պարտքը
«Հետքը» երեկ գրել էր, որ Պրիվոլնոյե գյուղի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ չթողնելով «Աշտարակ կաթ» ընկերության կաթ մթերող մեքենան դուրս գա գյուղից, քանի դեռ ընկերությունը չի վճարել կաթի դիմաց գոյացած 46 մլն դրամ պարտքը:
Այսօր «Աշտարակ կաթ» ընկերության գործադիր տնօրեն Միքայել Ափյանը «Հետքին» հայտնեց, որ ամենաշատը մեկուկես ամսում ընկերությունն ամբողջ պարտքը կվճարի. «Ոչ թե մեկուկես ամիս հետո կլուծենք այդ հարցը, այլ այդ ընթացքում: Հենց այսօր վարորդը գումարով գնացել է այնտեղ, որ մեքենան վերցնի գա, գումարի մի մասն էլ տա: Եթե իրենք մեքենան այսօր էլ չթողնեն գա, ուրեմն խառնակչություն անող կա այնտեղ»,- ասում է Միքայել Ափյանը:
Մեր հարցին, թե պարտքի ո՞ր մասն են այսօր մարելու, Ափյանը պատասխանեց, թե դա կոնֆիդենցիալ տեղեկություն է համարում: Պրիվոլնոյեի գյուղապետ Վազգեն Սարուխանյանից պարզեցինք, որ «Աշտարակ կաթի» վարորդը ոչ թե այսօր, այլ վաղը պիտի գնա գյուղ՝ իր հետ տանելով 3 մլն դրամ:
Սարուխանյանը նշեց նաև, որ ինքը ոչ մի տեղ չի փախել, գյուղում է՝ բողոքողների կողքին: Ընկերությունը 2.5 մլն դրամ էլ գյուղապետին է պարտք. «Ոնց որ ձեզ են ասում, որ կտան, էդպես էլ ինձ են ասում: Ինձ էլ հենց նոր զանգել, ասել են, որ պայմանավորվենք, գրաֆիկ կազմենք, հետո ամեն անգամ 1.5 մլն ուղարկելով՝ կմարենք վերջացնենք: Ես արդեն ում հավատամ՝ չգիտեմ»,- ասում է գյուղապետը:
«Աշտարակ կաթի» գործադիր տնօրենը նշում է, որ կաթի մթերման իրենց բոլոր կետերն ունեն պարտքեր, որոնք առաջացել են կաթի արտադրության կտրուկ աճի հետևանքով. «Դեռևս մայիս ամսին մենք պարզեցինք, որ տեղական կաթի գինը շատ բարձր է՝ համեմատած դրսի շուկայի փոշու հետ: Բոլորին էլ ավելի ձեռնտու է փոշի բերել, փոշով աշխատել: Որոշել էինք քիչ մթերել այս տարի: Այն ժամանակ գյուղացիները բողոքեցին մինչև նախարարություն, որ մեր կաթը թող վերցնեն: Մենք ահագին կաթ ենք վերցրել ու պանիր ենք սարքել: Այդ պանիրը երկու-երեք ամիս հասունանում է, որից հետո արդեն 15 օր է, ինչ սկսել ենք արտահանել ԱՄՆ: Վաճառքից առաջացած գումարները պետք է գան, ու արդեն գալիս են, մենք էլ սկսենք իրենց վճարել: Այնպես չէ, որ սպասում ենք այդ գումարը գա: Այսօրվանից էլ սկսած վճարելու ենք: Ուղղակի մենք մտանք իրենց դրության մեջ, հիմա էլ իրենք պետք է մտնեն մեր դրության մեջ ու մեկուկես ամիս սպասեն»,- ասում է Միքայել Ափյանը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Հետքին» հայտնեց, որ իրենք կապվել են ընկերության տնօրինության հետ և պայմանավորվել, որ առաջիկա օրերին գրաֆիկով մաս-մաս կվճարեն գյուղացիներին: Մեր հարցին, թե արդյո՞ք նախարարությունը մայիսին ստիպել է «Աշտարակ կաթին» չնվազեցնել կաթի մթերման չափը, փոխնախարարը պատասխանեց. «Մենք ընկերությանը պարտադրելու կամ ստիպելու ոչ մի լծակ չունենք, ուղղակի քանի որ գյուղացիների մոտ իրացման խնդիր կար, բոլոր կաթ վերամշակող ընկերություններին նախարարությունը հորդորել է, որ կաթը մթերեն գյուղացիներից: Եւ եթե տեղյակ եք, մայիս-հունիս ամիսներին կաթի գինը բավականին ընկել է՝ կապված հենց կաթի փոշու էժան լինելու հետ: Այսինքն՝ այդտեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում: Ինչ տարբերություն կաթի փոշով, թե էժան կաթով»,- ասում է Ռոբերտ Մակարյանը:
«Աշտարակ կաթի» գործադիր տնօրեն Ափյանի խոսքերով՝ իրենք ամեն տարի վարկ են վերցնում բանկերից, կաթի մթերման գումարը վճարում են, հետո պանիրը վաճառում ու վարկն են մարում: Այս տարի վարկ չեն կարողացել վերցնել և շրջանառու միջոցներ հայթայթելու խնդիր են ունեցել, ինչն էլ հանգեցրել է այս իրավիճակին:
Պրիվոլնոյեի գյուղապետ Վազգեն Սարուխանյանը նշեց, որ իրենք պահանջում են նաև բարձրացնել կաթի մթերման գինը, քանի որ այն հիմա 120 դրամ է և շատ ցածր է. «Մենք պատահական թիվ չենք կրակելու, բայց պիտի բարձրացնեն, այնպիսի գին դնեն, որ և մեզ ձեռնտու լինի, և իրենց, թե չէ որ ասեմ 200 դրամ, ո՞վ կտանի այդ գնով»,- ասում է գյուղապետը:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասում է, որ սեզոնայնությունից ելնելով՝ կաթի գինն ինքնըստինքյան կբարձրանա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել