HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Նոր Հայկաջուրը վերջապես խմելու ջուր կունենա

Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղուց Նոր Հայկաջուր թեքվող ճանապարհի անմիջապես կողքին Խաչենի ջրատարից հոսող ջրի մի մասը թափվում է մի փոքր ջրափոսի մեջ այնտեղից էլ հոսում դեպի ներքևի բնակավայրեն ու դաշտերը։ Այդ ջրատարից մի խողովակով էլ ոռոգման ջուրը հասցնում է հայկաջուրցիներին։ Արդեն երրորդ տարին է՝ այս ջուրն են խմում գյուղացիները։

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի ղեկավար Ռուդիկ Դանիելյանի խոսքով՝ 2012 թ․ Նոր Հայկաջուրում խմելու ջուրն արդեն խիստ պակասություն էր անում, իսկ 2013 թ․ այն ընդհանրապես կտրվեց։

«Երկար ժամանակ ահազանգելուց հետո որոշում կայացվեց ջրի խնդիր ունեցող վերևի Նոր Կարմիրավան գյուղում արտեզյան ջրհոր փորել։ Ես էն գլխից դեմ էի, քանի որ նախ՝ մեր գյուղում խորհրդային տարիներից մեկի տեղ մի քանի ջրհոր կա, մնում էր մաքրել ու պոմպ տեղադրել, երկորդ՝ մտավախություն ունեի, որ Նոր Կարմիրավանի մոտակայքում գտնվող Կաշենի հանքավայրի պատճառով այդ ջրերը վաղ թե ուշ աղտոտվելու են։ Ճիշտ է թափոնները կոնսերվացվում են, բայց ջրերի աղտոտվելու մտվախությունը միշտ կար»,- ասաց գյուղապետը։

2013 թ․, այնուամենայնիվ, գործարկվեց Նոր Կարմիրավանի արտեզյան ջրհորը, միացումներն արվեցին, բայց, պրն Դանիելյանի խոսքով, հայկաջուրցիներն այդպես էլ չստացան խոստացված խմելու ջուրը։ Տեխնիկական թերացումները վերացնելուց հետո 4-5 ժամ ջուրը եկավ, հետո նորից ի սպառ կտրվեց։

Նոր Հայկաջուրի հիմնական դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը Մարտակերտից է, և ամեն օր դպրոց գալուց մեծ տարաներով 30 աշակերտների համար խմելու ջուր է բերում։

«Դպրոցում երեխաները մաքուր ջուր են խմում, իսկ ահա տանն արդեն ոռոգման ջուր։ Դա է միգուցե պատճառը, որ երեխաները երբեմն աղքային խնդիրներ են ունենում»,- ասում է դպրոցի տնօրենը։

Առ այսօր գյուղի ջրի միակ աղբյուրը Խաչենի ջրատարն է, որն էլ այս ամառ վթարվել էր, և Մարտակերտի փրկարար ծառայությունը օրումեջ հրշեջ մեքենայով խմելու ջուր էր բերում գյուղացիների համար։

«Այս ամառ էնպիսի կատաստոֆիկ վիճակ էր, որ հրդեհը հասել էր գյուղի մեջտեղը, ջուր չունեինք, որ հանգցնեինք»,- հիշում է գյուղապետը։

Շուշիից Նոր Հայկաջուր հարս եկած Մարինեն, երեխաներից մեկին գրկած, մյուսի ձեռից բռնած, այրված հողե արահետներով ինձ ուղեկցում է իրենց տուն։ Այրված հողի վրա աշնանային անձրևներից հետո միայն տեղ-տեղ կանաչ մոլախոտերի թփեր են աճել։ Մարինեն պատմում է, որ այս ամառ հրդեհներից իրենք էլ են ահագին տուժել։

«Կրակը մեր բակն էր հասել։ Հասցրեցի միայն երեխաներին վերցնեմ ու տուն մտնեմ։ Մի կաթիլ ջուր չունեինք, որ կրակը մարենք։ Ամուսինս ինչքան կարողացավ հողով հանգցրեց կրակը, բայց, ցավոք, այգու մի շարք տնկիներ չհաջողվեց փրկել»,- ափսոսանքով ասում է նա։

Երբ տեղ հասանք, Մարինեն, ցույց տալով բակում դրված տարաներն, ասաց, որ քանի դեռ չեն սկսել անձրևները, ջուրը մաքուր է։

«Անձրևոտ եղանակներին իսկական կեղտաջուր է գալիս ու ջրից ձկան հոտ է գալիս։ Երբ ջուրը մաքուր է լինում, կարողանում եմ ճաշ եփել ու հացի խմոր անելու համար օգտագործել։ Հնարավարություն դեպքում ամուսինս հարևան գյուղերից է խմելու ջուր բերում։ 3 երեխաներից երկուսն արդեն սովորել են, մեզ հետ առանց եռացնելու են խմում, իսկ 1,5 տարեկան տղայիս միայն եփած ջուր եմ տալիս»,- ասում է Մարինեն։

Զրուցակիցս պատմում է, որ ամիսներ առաջ 3-ամայա աղջիկը՝ Ռուզաննան, աղիքային հիվանդություն ուներ։ Մարինեն ենթադրում է, որ պատճառը ջուրն էր։ Երեխային բժշկի չի տարել, տնային պայմաներում է բուժել։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղում ջրից լուրջ աղիքային վարակի դեպքեր չեն գրանցվել։

Գյուղի միակ խանութի տերը՝ Իննա Երեմյանն, ասում է, որ ամենասպառվող ապրանքները շշալցված խմելու ջուրն է և հյութերը։

Ասածն ապացուցելու համար Իննան բացում է սառնարանը և ասում․ «Տեսնում եք՝ ջուր ընդհանրապես չունեմ, մնացել է մի քանի շիշ հյութ։ Փոքր երեխաներ ունեցողները վախենում են երեխաներին ոռոգման ջրից տան, անգամ եռացնելուց հետո։ Չեմ հասցնում ջուրը ստանալ, անմիջապես վերջանում է։ Ուր որ է առաքիչը պիտի գա, ես էլ անմիջապես զանգում եմ հաճախորդներիս, որ գան տանեն»։

Գյուղապետն ուախությամբ է փաստում, որ վերջապես այսքան ահազանգելուց հետո ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի անմիջական հանձնարարականով մոտ 1 ամիս առաջ սկսվել են գյուղի ներքին ջրացանցի կապիտալ վերանորոգման աշխատանքններն ու գյուղի տարածքում գտնվող արտեզյան ջրհորներից մեկի վերագործարկաման աշխատանքերը։ Կառավարությունը 35 մլն դրամ է հատկացրել Նոր Հայակաջուրը խմելու ջրով ապահովելու խնդիրը լուծելու համար։

Ըստ գյուղապետի՝ ռուսաստանաբնակ իրենց համագյուղացու աջակցությամբ էլ 50-տոննայանոց տարա են ձեռք բերել, որտեղ էլ հավաքվելու է գյուղացիներին մատակարարվող ջուրը։ Ռուդիկ Դանելյանը վստահ է, որ այն կբավարարի 35 ընտանիքներին շուրջօրյա խմելու ջուր ապահովելու համար։

Աշխատանքներն ընթանում են, և, ըստ շինարարների հաշվարկների, ամենաուշը հոկտեմբերի վերջին հայկաջուրցիները վերջապես խմելու ջուր կունենան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter