
Առողջապահության փոխնախարարի բիզնես շահերը
«Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում խոշոր գումարներ ստացող բժշկական հաստատություններից է: Տարիներ շարունակ կառավարությունն այս ընկերության նկատմամբ բավականին առատաձեռն է գտնվել: Պատճառն այն է, որ «Առողջ ապագա» ԲԿ-ի բաժնետերերը պատահական մարդիկ չեն: «Հետքն» արդեն անդրադարձել է, որ ընկերությունը 50/50 կիսում են Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կինը՝ Ժաննա Աղաբաբյանը և առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կինը՝ Լիլիթ Գասպարյանը: Վերջինս նաև Էջմիածնի պոլիկլինիկայի տնօրենն է:
«Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը վստահվել է փոխնախարարի 20-ամյա որդուն՝ Էդգար Պողոսյանին:
Կառավարության առաջին աջակցությունը՝ պաշտոնյաների կանանց ընկերությանը
2007թ. մարտի 1-ի N 248-Ն որոշումով կառավարությունը թույլատրել է առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 1334,6 քառ. մետր մակերեսով և 19 մլն 737 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով և սպասարկման համար անհրաժեշտ 1.5 հա հողատարածքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց:
Այդ ժամանակ նշված տարածքը վարձակալությամբ զբաղեցրել է «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն և կառավարության կողմից ձեռք բերված գույքն օտարվել է հենց վարձակալին: Գույքի գնահատված արժեքը եղել է 19 մլն 146 հազար դրամ, սակայն բարձրաստիճան պաշտոնատար այրերի կանանց ընկերությանը օտարվել է 14 մլն 360 հազար դրամով:
Այդ տարիներին Գալուստ Սահակյանը պատգամավոր էր, իսկ Վահան Պողոսյանը զբաղեցնում էր աոողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետի պաշտոնը:
«Առողջ ապագա» ԲԿ-ն՝ պետության բարձր հովանու ներքո
Առողջապահության նախարարությունը տրամադրել է «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի և առողջապահության նախարարության միջև կնքված 2009-2014թթ. պայմանագրերի պատճենները: Ըստ նախարարության՝ 2002-2008թթ. կնքված պայմանագրերի կրկնօրինակները չեն պահպանվել, կառավարության համապատասխան որոշման հիմքով դրանք ոչնչացվել են:
Վահան Պողոսյանը 2011թ. առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր: Թվում էր, թե պաշտոնյան պետք է կաշկանդված լիներ և կնոջը, կամ որ նույնն է՝ իր ընտանիքին պատկանող ընկերության հետ ի պաշտոնե չմտներ գործարքային հարաբերությունների մեջ: Սակայն, նշված տարում նա է «Առողջ ապագա» ԲԿ-ի հետ կնքել պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պետական պայմանագիրը: Այդ ժամանակ բժշկական կենտրոնի տնօրենը Վ. Պողոսյանի մորաքրոջ որդին էր, ով մոտ 4 տարի նաև բաժնետեր է եղել:
Պատահական չէ, որ Վահան Պողոսյանի նախարարություն մուտք գործելուց հետո «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի գործերը լավացել են, և տարեց տարի ավելացել է հատկացվող ֆինանսավորումը: Եթե երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համար ընկերությանը 2009թ. հատկացվել է մոտ 160 մլն դրամ, ապա 2015թ-ին՝ 273 մլն: Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ «Գյումրիի Ինֆենկցիոն-Հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ին 2009թ-ին հատկացվել է մոտ 64 մլն 605 հազա դրամ, իսկ 2015-ին՝ 64 մլն 500 հազար, գումարի չափը գրեթե չի փոխվել:
«Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին լավ աչքով նայելը պատահական չէ: Առողջապահության նախարարի հրամանով՝ բժշկական հաստատության կողմից պետական պատվեր տեղադրելու մասին հայտերը քննարկվում են նախարարի կողմից ստեղծված պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում ներառված են բացառապես նախարարության աշխատակիցներ: Կասկածից վեր է, որ ստորադաս աշխատողը դեմ չի գնա և բացասական կարծիք չի ներկայացնի փոխնախարարի տիկնոջ ընկերության ներկայացրած հայտի վերաբերյալ:
Բացի այդ՝ փոխնախարար Վահան Պողոսյանն է համակարգում նախարարության տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառներում` նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության, արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերը համակարգող խմբի, ինչպես նաև առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն», «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքները։
Ակնհայտ է, որ փոխնախարար Վահան Պողոսյանը շահերի բախման իրավիճակում է գտնվում, սակայն այս փաստը չի հուզում ոչ փոխնախարարին, ոչ էլ կառավարությանը:
Փորձեցինք զրուցել «Առողջ ապագա» ԲԿ-ի 20-ամյա տնօրենի հետ, սակայն ապարդյուն: Նա այդպես էլ ոչ մի անգամ «տեղում» չգտնվեց:
Մեկնաբանել