
Համաշխարհային ճգնաժամը սևանցի կահույքագործին հարկադրեց բռնել տունդարձի ճամփան
Պապ Հայրապետյան
Փափուկ կահույքի պաստառապատման ու երեսապատման արտադրամասը, որտեղ իր գործունեությունն է ծավալել Արմանը, գտնվում է Սեւան քաղաքի բանուկ թաղամասերից մեկում` ճանապարհի հարեւանությամբ: 2012թ.-նն էր, երբ նա Հունաստանից վերադարձավ Սեւան ու իր բիզնեսը հիմնեց: Կյանքի ալեկոծությունների մեջ ինքն էլ չհասկացավ, թե ինչպես մի օր հայտնվեց Սալոնիկում: Սովորում էր Սեւանի Մխիթար Սեբաստացի համալսարանում եւ բազմաթիվ երազանքներ ուներ: Բայց, 2002-ին ամուսնացավ ու քանի որ կնոջ ծնողները վաղուց Հունաստանում էին` ինքն էլ մեկնեց այնտեղ, սկսեց աշխատել կահույքի արտադրամասում:
«Սկզբում շատ դժվար էր, դժվար նաեւ այն առումով, որ ես լեզու չգիտեի: Դրա հետ կապված այդ տարիներին բազմաթիվ զավեշտալի դեպքեր են պատահել իմ կյանքում: Հաճախ է եղել, որ երբ մուրճ կամ մկրատ են ուզել` ես լեզուն չհասկանալով այլ գործիքներ եմ տվել: Բայց դիմացա, համառեցի` լավ հասկանալով, որ այլեւս հետդարձի ճանապարհ չկա, մանավանդ որ տեղեկանում էի, թե Հայաստանում ինչ վիճակ է` դժվար է աշխատանք գտնել եւ մարդիկ մի կերպ են յոլա գնում: Բացի այդ, միշտ աչքիս առաջ էին այն դժվարությունները, որ ես հաղթահարել էի այստեղ հասնելու ճանապարհին»,- պատմում է Արմանը:
- Հե՞շտ էր աշխատանքի տեղավորվելը:
- Շատ դժվար եւ եթե չլիներ աներս, որ ամեն քայլափոխի իմ կողքին էր, ես չէի կարող որեւէ բանի հասնել: Մեծ երկիր, չունես գրանցում, չունես որեւէ մասնագիտություն, չկա վստահություն քո նկատմամբ, քեզ` որպես եկվոր, այլ աչքով են նայում եւ նաեւ բազում այլ դժվարություններ: Սկզբում չնչին վարձատրություն էի ստանում` 100 եվրո, հետո` 200-300, ապա` 1000 … Հազիվ էի ծայրը ծայրին հասցնում: Եթե մենակ դու ես ընտանիքում աշխատում` չես կարող հասցնել: Կինս նույնպես շխատանքի անցավ այդ հույնի` Յուրղոսի , մեկ այլ ընտանեկան բիզնեսում` վարսավիրանոցում: Հետո ծնվեցին երեխաներս եւ հարկ էր աշխատել ու աշխատել: Ես շնորհակալ եմ իմ հույն գործատիրոջը, նրա ընտանիքին, ովքեր մեզ աշխատանք տալով` նաեւ անգամ մեկ օր մեզ թարս աչքով չնայեցին: Ընդհակառակը, հույս էին տալիս եւ օգնում ինչով հնարավոր էր: Այս առումով իմ բախտը կարծես բերել էր: Մնացածը կախված էր ինձանից. կարող ես` սովորիր եւ քո հացը դու ինքդ վաստակիր:
- Երեխաներդ` Սուրենը եւ Մելինեն Հունաստանում են ծնվել: Միջավայրն իր ներգործությունը չունեցա՞վ նրանց կրթության ու դաստիարակության վրա:
- Տղաս` Սուրենը, մինչեւ դպրոց գնալը հունարեն գրեթե չէր խոսում: Մեր ընտանիքում այդպես էր դրվածքը` եթե հայ ես, ուրեմն հայերեն պետք է խոսես: Նույնը աղջկաս պարագայում էր: Հետո նրանք հունական դպրոց գնացին, բայց շաբաթ եւ կիրակի օրերին պարտադիր հաճախում էին տեղի հայկական եկեղեցուն կից գործող հայկական դպրոց: Գործ կար, այն էլ` մեծ ծավալի եւ կարողանում էինք մարդավայել ապրել: Հետո, 2009-ին սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը կլանեց նաեւ Հունաստանը եւ այն էլ ի~նչ չափով: Վտանգի տակ դրվեցին շատ բիզնեսներ, այդ թվում նաեւ այն արտադրամասը, որտեղ աշխատում էի: Ճիշտ է, մեր արտադրամասը չփակվեց, բայց ծանր կորուստներ սկսեց կրել: Հույներն այլեւս վախենում էին գումար ծախսել եւ սկսեցին մեծ չափի խնայողություններ անել: Ապրելն օտար ափերում դարձավ այլեւս անիմաստ, երբ աշխատում ես ու աշխատում եւ չես կարողանում քո հոգսը հոգալ: 2012-ի օգոստոսին հարկադրված բռնեցինք տունդարձի ճամփան: Հայրենիք վերադարձավ նաեւ աներոջս ընտանիքը:
Սեւանում գտնվելու առաջին իսկ օրը մտածեցի իմ բիզնեսը դնելու մասին: Աներոջս պատկանող կիսակառույց տարածքում սկսեցի զբաղվել այն նույն գործով` ինչ Սալոնիկում: Սկզբում գործիքների, սարքավորումների հարցը լուծեցի, հետո` հումքի: Դժվար է այստեղ աշխատելը: Պահանջվող նյութը ձեռք բերելու համար պետք է հաճախակի Երեւան գնալ: Իսկ այնտեղ` Եվրոպայում այլ է վիճակը: Անգամ սովորական գյուղում էլ պահանջվածը կգտնես: Դե, պատկերացրեք, դու այն գումարը չունես, որ մեծ քանակությամբ գնես եւ բերես: Տեղ հասնելուն պես լինում է պատվեր եւ պետք է նորից Երեւան գնաս: Կամ մեկ այլ խնդիր: Սալոնիկում, օրինակ, խանութից կամ շուկայից կարող ես գնել այնքան, որքան քեզ պետք է, թեկուզ մի փոքր կտոր` կտրում են եւ տալիս են: Այստեղ այդպես չէ: Գնացել ես, օրինակ, սպունգ ես ուզում, չափը տալիս ես, ասում է ամբողջությամբ պետք է վերցնես: Ասում եմ` ինձ այսքան է պետք: Մնում է անդրդվելի:
-Ստացվո՞ւմ է բիզնեսդ:
- Այո: Գոհ եմ: Թեեւ չկա այն, ինչը տեսել եմ Հունաստանում, բայց կարողանում եմ աշխատել: Արմանը պատմում է, որ հսկայական տարբերություն կա հույն եւ հայ հաճախորդների միջեւ` հատկապես պահանջարկի առումով: Հույնը` նայելով իմ հավաքածուն ասում էր` ա’յ սա եմ ուզում, այս տեսքով եմ ուզում: Իսկ մեր հայ հաճախորդները գալիս են եւ ինձանից են հարցնում, թե դու ո՞ր մեկը կառաջարկես: Հին խոսք կա. ասում են` ճաշակին ընկեր չկա: Պատրաստում ես, հետո, թե դուրս չի գալիս: Այնտեղ բնակչությունը վճարունակ էր, որից ելնելով էլ` մեծ էր պահանջարկը, բարձր էր նաեւ հաճախորդի ճաշակը: Արտադրամասում առաջնայինը որակն է: Եթե հումքը որակով է եւ դու հոգի ես դրել, արտադրանքն էլ որակով կլինի: Այստեղ վերանորոգվում է հիմնականում հին կահույք, պատրաստվում է նաեւ նորը: Բայց գերազանցապես գերակշռում է վերանորոգումը: Հնարավորության հարց է. մարդիկ գերադասում են ավելի քիչ գումարով նորացնել հինը. քան` նորը գնել:
- Ինչո՞ւ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը չի զարգանում:
- Պատճառները շատ են, բայց կա նաեւ մեկը, որը կարեւոր է եւ կախված է մեզանից: Օրինակ, պատրաստել ես կահույք եւ այն քո վրա նստել է, ասենք, 100 հազար դրամ: Հունաստանում հաճախորդից դրա դիմաց կպահանջես 130 հազար դրամից ոչ ավել, այստեղ` նվազագույնը 200-250 հազար դրամ, եթե ոչ ավելի: Այսպես չի կարելի: Պետք է առաջնորդվել հետեւյալ սկզբունքով` քիչ, բայց` միշտ…
- Քեզ վստահո՞ւմ են: Կա՞ տարբերություն առաջին եւ հետագա օրերի հետ համեմատած:
- Շա~տ: Ճիշտ է, մարդիկ ճանաչում էին ինձ` բայց չգիտեին իմ աշխատանքը: Հիմա տեսնում են, գնահատում եւ վստահում: Մի հոգի էլ ասի լավ է` փոքր քաղաք է, լսում են եւ գալիս են: Առաջին մեծ գործը, որ կատարեցի այստեղ` ընկերոջս պատվերն էր, նրա համար նոր կահույք պատրաստեցի: Շատ հավանեց: Իսկույն հետեւեցին նոր պատվերները: Այսօր հաճախորդների պակաս չունեմ եւ նույնիսկ չեմ հասցնում բոլոր պատվերներն ընդունել: Շարժ կա եւ դա ինձ ուրախացնում է: Երբ նոր էի եկել այստեղ, տեղեկանում էի, որ մարդիկ վարկ են վերցնում եւ մեքենա են գնում: Հիմա պատկերն այլ է. մարդիկ վարկ են վերցնում եւ տուն են վերանորոգում, կահույք են գնում, բիզնես են դնում: Սա շատ լավ է:
- Քո բիզնեսի դժվարությունների մասին չես խոսում:
- Երբ մտա այս տարածք, կարելի է ասել չորս պատերն էին: Ձեռքիս գումարն էլ քիչ էր` ընդամենը 500 հազար դրամ: Բոլոր խնայողությունները ծախսվել էին Հունաստանում: Կարգի բերեցի շինության մի մասը, սարքավորումներ, հումք գնեցի: Փառք Աստծու, աշխատանք կա, պատվերների պակասից չեմ դժգոհում, բայց «նիսեն» ուղղակի խեղդում է: Մարդը գալիս է պատվերը տանելու` ասում է մեկ-երկու օրից կտամ: Հո չե՞ս կարող մերժել: Բայց բիզնեսը զարգացնելու համար գումար է պետք: Այսօր գումարի մեծ խնդիր ունեմ եւ պատրաստվում եմ դիմել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը` «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում օգնություն ստանալու խնդրանքով: Լսել եմ, որ այդ ծրագիրը բացառապես նախատեսված է հայրենիք վերադարձող միգրանտներին աջակցելու համար եւ մինչեւ 10 հազար եվրո տալիս են: Հույս ունեմ, որ գործը գլուխ կգա եւ այս դեպքում արդեն բիզնեսս հաստատապես նոր արմատներ կգցի մայր հայրենիքում, կկարողանամ նաեւ նոր աշխատատեղերի խնդիր լուծել: Կարիք կա նաեւ ընդարձակել տարածքը: Ես ուրախ եմ, որ հիմա Հայաստանում եմ եւ իմ երկրի համար եմ աշխատում: Հաստատապես որոշել եմ մնալ այստեղ եւ կարծում եմ` ժամանակն է, որպեսզի օտար ափերում աշխատող հայ մարդը վերադառնա եւ իր երկիրը ծաղկեցնի: Միայն թե այդ երկիրը նրան պետք է հոգատարությամբ շրջապատի եւ ասպարեզ տա:
Սեւան
Մեկնաբանել