Միջազգային շուկայում մետաղների գների անկման հետեւանքները Լոռիում արդեն զգում են
Լոռու մարզի հանքարդյունաբերության ոլորտի ճգնաժամային վիճակին վերաբերող «Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
-Ինչ գնահատական կտաք Լոռու մարզի արդյունաբերության ներկա վիճակին:
-Մարզի արդյունաբերության վիճակն այս պահին այնքան էլ ոգևորող չէ` կապված համաշխարհային շուկայում մետաղի գների անկման հետ: Ճգնաժամի բացասական ազդեցությունն անմիջապես նկատվում է մարզի տնտեսության վրա: Արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի շահագործվում Ստեփանավանի «Սագամար» ՓԲԸ-ին պատկանող ոսկու հանքավարը: Այստեղ նաև հանքաքարի մեջ ոսկու պարունակությունն է կանխատեսվածից մի փոքր քիչ: Գործարանը շահութավետ չի կարողանում աշխատել և ընկերությունն իր 400 աշխատողներից հանքի և ֆաբրիկայի աշխատողներին 2/3-ով տուն է ուղարկել: Մնացածը բնականոն աշխատում են:
-Իսկ ինչ վիճակում են Ախթալայի ԼՀԿ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն և Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
-Նույն վիճակն այս ընկերություններում է տիրում: Ես վերջերս հանդիպեցի «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփականատիրոջ և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինության հետ: Գագիկ Արզումանյանը մեզ ներկայացրեց «Վալլեքս» խմբի մարզի տարածքի ընկերությունների վիճակը: Ասաց նաև, թե ինչ է սպասվում Ալավերդու պղնձաձուլական գործարանին: Արզումանյանի ասելով, եթե ճգնաժամն այս տեմպերով շարունակվի, ընկերությունը, պղնձաձուլական գործարանում, ըստ իրենց հաշվարկների, կարող է տարեկան 4-5 մլն դոլարի վնաս կրել: Սա, իհարկե, մեզ մտահոգում է, որովհետև լավերդու պղնձաձուլական գործարանում աշխատում են շուրջ 610 աշխատողներ: Գործարանի փակումը աղետալի կլինի գործազրկության մեջ հայտնվող այս մարդկանց համար, քանի որ այլընտրանքային աշխատատեղ մենք չենք առաջարկում: Մենք «Էյ-Սի-Փի»-ի տնօրինության հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք և առայժմ բանակցում ենք, միգուցե «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ կապված իրենք գործարանում ինչ որ փոփոխություններ կատարեն, ասենք ընդլայնվի պղնձաձուլական գործարանի մեխանիկական արտադրամասը, որտեղ աշխատանքի կտեղավորվեն կրճատվող աշխատողները:
-Մարդիկ խոսում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ևս նախատեսում է 400 աշխատատեղերի կրճատում: Տեղյա՞ կ եք այդ մասին:
-«Թեղուտ» ՓԲԸ-ում նույնպես պղնձի և մոլիբդենի գների անկման հետ կապված լուրջ խնդիրներ կան: Բացի այդ՝ իմ տեղեկություններով, սեպտեմբերից «Թեղուտ» ՓԲԸ-ն լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել` կապված վարկերի մարման հետ: Չեմ ուզում հավատալ, որ Թեղուտ ՓԲԸ-ն միանգամից 400 աշխատող կկրճատի, մտածում եմ, որ այդ կրճատումները կկատարվեն աստիճանաբար: Մենք պետք է փորձենք կրճատվողներին այլընտրանքային աշխատանք առաջարկել:
- Մի կողմից հանքարդյունաբերությունը իրեն չի արդարացնում, մյուս կողմից, մարզում, մասնավորապես Թումանյանի տարածաշրջանում լայն թափով արդյունահնաման նպատակով երկրաբանական նոր ուսումնասիրություններ են ընթանում: Ինչ է սպասվում այդ ուսումնասիրությունների դրական արդյունքերի դեպքում:
-Նախ ուսումնասիրություններ կատարել, դեռ չի նշանակում հանքը բացել: Բնական պաշարներն ուսումնասիրելուց հետո նոր որոշում կկայացվի` հանքը շահագործում են , թե `չէ:
-Դժբախտաբար, քննարկումներին հանքարդյունբերողները չեն թաքցնում` դրական ցուցանիշներ լինելու դեպքում, այդ հանքերը բացելու իրենց մտադրությունը: Դուք համաձայն ե՞ք ուսումնասիրված բոլոր հանքերը բացել:
-Բոլորը չեմ կարծում, որ հնարավոր կլինի բացել, օրինակ Ֆիոլետովոյում ներդրողի ցանկությունը մեծ էր, բայց քանի որ համայնքը դեմ էր, աշխատանքերը դադարեցվեցին: Էնպես չի , որ բոլոր հանքերը կարող են բացել, շատ կարևոր է համայնքի կարծիքը:
-Ծաղկաշատ համայնքի գյուղացիները այս պահին դեմ են իրենց մոտ լեռնահետախուզական աշխատանքեր կատարելու «Թեղուտ» ՓԲԸ-ի առաջարկին: Այս դեպքում, դուք կաջակցե՞ք նրանց:
-Անկասկած, իհարկե: Ոչ միայն ես, նաև կառավարությունը կկանգնի այն բնակիչների կողքին, ովքեր հիմնավոր պատճառներ ունեն հանքի շահագործմանը դեմ կանգնելուն: Հանրային կարծիքը հարգելու օրինակ ունենք նաև Թռչկանի մասով: Էնպես չի, որ կառավարությունը աչք է փակում հանրային կարծիքի հարցում:
- Հաղպատ համայնքում, որտեղ տուրիզմը մեծ քայլերով զարգանում, նույնպես «Թեղուտ» ՓԲԸ- կողմից նախատեսվում է կատարել երկրաբանական ուսումնասիրություններ: Կհամաձայնե՞ք Հաղպատում հանք շահագործելու հետ:
-Առաջին անգամ եմ լսում, որ ինչ որ մեկը Հաղպատում փորձում է հանք շահագործել:
-Հաղպատը նույնպես մտնում է «Ծաղկաշատ-Ախետք» հանքային դաշտի մեջ:
-Եթե հանքարդյունաբերությունը պետք է խանգարի Հաղպատի զբոսաշրջության զարգացման ձեռքբերումներին, բնականաբար մենք ինքներս կփորձենք ինչ որ բանով օգտակար լինել:
Համենայնդեպս ես Հաղպատի մասին առաջին անգամ լսեցի:
Տա Աստված որ մենք պղնձի և ոսկու շատ պաշարներ ունենանք: Բայց դա չի նշանակում, թե դրանք բոլորը պետք է բացել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել