HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքում կավարտվեն ճանապարհաշինական երկու ծրագրեր

Գեղարքունիքի մարզում մինչև այս տարվա ավարտը կավարտվեն ճանապարհաշինական երկու ծրագրեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: Առաջինը Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող հանրապետական նշանակության 21 կմ երկարությամբ ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգումն է: Այստեղ աշխատանքները մեկնարկել էին դեռևս հունիսի 18-ին:

Ճանապարհաշինարարները հարթեցնող շերտի վրայից տեղադրում են ասֆալտի վերին շերտը: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՃՇ» ԲԲԸ-ի աշղեկ Լեոնիդ Գևորգյանի խոսքով՝ եթե հիմնանորոգվող ճանապարհի հիմքը լավը լինի, ապա ճանապարհը երկար կծառայի:

4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածի 2.5 կմ-ում արդեն ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները: Ճանապարհահատվածի որոշ հատվածներում տեղադրվել են ջրահեռացման նոր խողովակներ: Ճանապարհն ավարտուն տեսքով վարորդներին կհանձնվի նոյեմբերին, իսկ մինչ այդ ճանապարհի ողջ երկայնքով պետք է վերականգնեն իջատեղերն ու մուտքերը: Կտեղադրվեն ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, երթևեկելի մասը կնշագծվի: Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՄԳ Պրոմիլ» ընկերությունը:

Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները կատարվում են «ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից:

Հաջորդ ծրագիրն իրականացվում է Սևան քաղաքում և Վարսեր համայնքում: Քաղաքի հրապարակը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով:

Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊ ընկերությունը: 3,6 կմ ընդհանուր երկարությամբ հատվածում հիմնանորոգվել է նաև միջպետական մայրուղուց Սևան մտնող ճանապարհահատվածը: Օրերս կավարտվի նաև Սևանից Վարսեր համայնք գնացող ճանապարհի ասֆալտապատումը:

Սևան քաղաքից Վարսեր համայնք գնացող ճանապարհի ասֆալտապատմանը զուգահեռ աշխատանքներ են ընթանում նաև Վարսեր համայնքում: Գյուղամիջով անցնող հիմնական ճանապարհի որոշ հատվածներ արդեն ասֆալտապատվել են, փոխվել են մայթեզրի քարերը, մի քանի հատվածներում դեռ ջրահեռացման համար նախատեսված վաքերն են տեղադրում:

Հիմնանորոգվում են նաև Վարսերի դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհը, գյուղի մի հատվածը մյուսին կապող կամուրջը: Այստեղ նախ կամրջի հիմնապատերն են ամրացնում երկաթբետոնե շապիկով, որից հետո կփոխեն բազրիքները, ապա կհեռացնեն կամրջի հին ծածկը՝ նորը տեղադրելու համար: Արդեն ասֆալտապատվել է նաև գյուղի վերջնամասը:

Հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետը 3 տարի է: Ճանապարհների վերակառուցման ընթացքը գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter