
«Կանգնեմ Մասիս սարի գագաթին, թքեմ ձեր ճակատին»
Հայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանը 2009թ. գնել է «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում էր Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու արտոնագիրը: Սակայն որոշ ժամանակ անց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանով «Սիփան-1» ՍՊԸ-ն զրկվել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից:
Ընկերությունը նախարարի հրամանը վիճարկել է դատարանում: Ի վերջո, օրինական ուժ է ստացել Վճռաբեկի որոշումը, որով նախարարի հիշյալ հրամանաը ճանաչվել է անվավեր: Սակայն Արմեն Մովսիսյանը նույն՝ ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ, եւ «Սիփան-1»-ին կրկին զրկել Լիճքվազ-Թեյի հանքարդյունահանման լիցենզիայից:
Սիլվա Հակոբյանը ստիպված նորից դիմել է վարչական դատարան, բայց ուշագրավն այն է, որ գործը դեռ դատարանում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը հանել է աճուրդի, եւ այն ձեռք է բերել «Սագամար» ընկերությունը: Դրանից հետո նույն հիմքերի առկայությամբ վարչական դատարանը համարել է, որ նախարարի հրամանն օրինական է: Գործը հիմա վերաքննիչ դատարանում է, սակայն Սիլվա Համբարձումյանն ասում է, որ ինքն այլեւս հույս չի կապում ներպետական դատական ատյանների հետ, քանի որ արդեն դատավորներին ճնշում են:
Սիլվա Համբարձումյանի փաստաբան Կարեն Թունյանը նախարար Մովսիսյանի արարքը դատական համակարգի նկատմամբ բնորոշում է հետեւյալ արտահայտությամբ. «Կանգնեմ Մասիս սարի գագաթին, թքեմ ձեր ճակատին»:
Փաստաբանն անդրադառնում է անցյալ շաբաթ բնապահպանական փորձաքննություն իրականացնելու շրջանակներում նշանակված հասարակական լսումներին, որի ժամանակ «Սագամար» ընկերության ներկայացրած փաթեթը նկարահանվել է նույնիսկ վիդեո տարբերակով: Թունյանը նշում է, որ իրականում «Սագամարը» ներկայացրել է «Սիփան-1»-ի փաթեթը, որը վերջինս պատկան մարմիններին ներկայացրել է դեռ 2006թ.-ին:
«Որոշ փաստաթղթերի վրա ինչ-որ մեկն ալարել է անգամ ջնջել «Սիփան-1»-ի անունը: Որոշ տեղեր թվերն են մոռացել ջնջել, որ չեն համապատասխանում իրենց՝ «Սագամարի» լիցենզիային, որոշ տեղեր էլ քարտեզների վրա մոռացել են ջնջել «Սիփան-1»-ի անունը,- ասում է փաստաբան Թունյանը,- թե ինչպես է ամբողջ փաթեթը հայտնվել «Սագամարի» մոտ, հետեւություններ ինքներդ կատարեք, քանի որ դրանք բոլորը տնօրինվում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից»:
«Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը «Սագամարը» ձեռք է բերել ծիծաղելի գնով՝ 198 միլիոն դրամով: Աճուրդին ոչ ոք չի մասնակցել, թույլ չեն տվել: Իսկ ես հանքավայրը գնել էի 25 միլիոն դոլարով, բայցի այդ վճարել էի ընկերության՝ պետությանն ունեցած 1,5 միլիոնի պարտքը»,- ասում է Սիլվա Համբարձումյանը:
Հանքավայրն իրենից ապօրինաբար վերցնելը եւ հատկապես «Սագամարին» տալը, ըստ Սիլվա Համբարձումյանի, սկզբում արվում էր Սերոբ Տեր-Պողոսյանի համար: Այնուհետեւ, երբ վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցվեց, Տեր-Պողոսյանին ստիպել են «Սագամարից» դուրս գալ եւ այն մնացել է միայն ռուսներին:
«Հետո Սերոբի կինն այնքան ասաց, որ ամեն ինչ կհայտարարի, ու ստիպված Սերոբին տվեցին Ախթալայի գործարանը,- ասում է Սիլվա Համբարձումյանը,- ես շատ լավ գիտեմ, ես հետեւում եմ ամեն օր իրենց քայլերին, Սերոբի կնոջ հետ եմ հանդիպել»:
Իսկ ի՞նչ պետք է հայտարարի Տեր-Պողոսյանի կինը: Հարցին ի պատասխան՝ Ս. Համբարձումյանը նշեց. «Նրա կինը շատ բան ունի ասելու, 99 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց՝ եթե չթողնեն, ես ինքս լրագրողներին կասեմ»:
Գործարար կինը նշում է, որ անպայման պայքարելու է մինչեւ վերջ, հասնելու է Եվրադատարան եւ Հայաստանից շատ փող է տանելու: Իսկ հարցը երկրի ներսում լուծելու հնարավորություն տեսնում է այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը, որին այս գործի առնչությամբ միակողմանի եւ կեղծ ինֆորմացիա են տվել, կսկսի խնդրին ուշադրություն դարձնել:
Սիլվա Համբարձումյանը վստահեցնում է, որ նախագահին անձամբ չի ճանաչում, երբեւէ նրա հետ չի հանդիպել, ու վերջինս ինքն առաջին հերթին պետք է ցանկություն հայտնի իր հետ հանդիպել. «Որովհետեւ ես Հայաստանի միակ կին խոշոր գործարար եմ»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել