
Բերման ենթարկվածներից տասին բաց են թողել
Լիլիթ Թադևոսյան
Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունից հետո ԱԺ միջանցքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զրուցել է լրագրողների հետ, տեղեկացրել թե ինչպես էին իրեն ԱԺ դարպասների մոտ փորձում բերման ենթարկել, իսկ երբ ինքը ցանկանում էր այդ մասին ԱԺ-ում հայտարարություն անել՝ հնարավորություն չտվեցին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի մոտ հավաքվել էին քաղաքացիներ, ինչպես նաև «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները, որոնք կոչ էին անում պատգամավորներին դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին:
«Խաղաղ ակցիայի ժամանակ, որտեղ հակաօրինական բան չի եղել, ոստիկանները սադրում էին և տաս-տասներկու հոգու բերման ենթարկեցին, որոնք հիմա գտնվում են ոստիկանությունում: Այդ ընթացքում ինձ կանգնած տեղից չորս-հինգ ոստիկան ուղակի ուժով բռնեցին տարան մեքենա: Ես այդ պահին բացարձակ որևէ խոսք չեմ ասել, որևէ դիմադրություն թույլ չեմ տվել, որովհետև զզացի՝ ինչ հիմարություն են անում և թույլ տվեցի այդ հիմարությունը շարունակեն: Ինձ բարձրացրեցին գցեցին մեքենայի մեջ, որից հետո Օսիպյանը տեսավ, որ հիմարությունը հաջորդ աստիճանին է հասնում, սկսեցին ինձ համոզել, խնդրել որ ես իջնեմ մեքենայից»,- ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ երբ հրաժարվել է մեքենայից իջնելուց, իրեն բռնի ուժով, քաշքշելով են իջեցրել:
«Իմ հայտարարությունը դրա մասին էր, որ այնքան են լկտիացել, որ խաղաղ ցույցի ժամանակ արդեն համարձակվում են պատգամավորի բերման ենթարկել: Անհապաղ մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, բոլորին, եթե ոչ՝ մենք բոլոր միջազգային կառույցներին, ՄԻՊ-ին, ում հնարավոր է կներկայացնենք այս իրավիճակը, որ բռնի ուժով նախագիծը անցկացնելու փորձ է»,- ասաց Արամ Մանուկյանը:
Այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը, Արամ Մանուկյանն ասաց, որ սկսվելու է հանդիպումների, ժողովրդին այս գործընթացին մասնակից դարձնելու փուլը:
«Այսինքն՝ Հայաստանում սպասվում է լարվածություն, բևեռացում, իրավիճակի սրացում և այս դեպքում իշխանությունը պետք է խոհեմություն ցուցաբերի և հետ վերցնի նախագիծը»,-ասաց Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կասեցման հարցում իրենց հույսը դրսի ուժերի աջակցության վրա չէ, այլ սեփական ժողովրդի։
«Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի նախագծի ապագան, իսկ Հայաստանում չկա մի խավ, որ նման ցնցումային փոփոխություններ ցանկանար։ Սա ռեալ ավանտյուրա է, որը կարող է խարխլել մեր պետականության հիմքերը: Բոլորը հասկանում են, որ սա Սերժ Սարգսյանի նախագիծն է, որին հեզիկ-նազիկ հետևում է ողջ ՀՀԿ-ն»,- հավելեց Արամ Մանուկյանը:
Նշենք, որ այս պահին բերման ենթարկվածներից տասը հոգու բաց են թողել: Իսկ Արաբկիրի ոստիկանության առջև քաղաքացիները սպասում են մյուս բերման ենթարկվածների ազատվելուն:
Մեկնաբանել