HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսն ու նախարարը պարգեւատրել են «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 2011 թվականի հաղթողներին

Էջմիածին քաղաքի հայորդաց տանը տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 2011 թվականի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որն այս տարի նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին: Հանդիսությանը մասնակցել են  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հոգևորականներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը կարևորել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԿԳՆ-ի համագործակցությունը: 

Նախարարը մասնավորապես նշել է. «Հայ առաքելական եկեղեցին կրթության և գիտության նախարարության կարևոր գործընկերներից է: Հայ առաքելական  եկեղեցու և հայ մանկավարժի համագործակցությունը  ձևավորվել է պատմականորեն: Պետականության բացակայության ժամանակ հայ եկեղեցին մշտապես ստանձնել է կրթության կազմակերպման գործն ու արժանապատվորեն կրել այդ բեռը: Այժմ, պետականության վերականգնումից հետո, ավանդույթները շարունակելու, բարոյական նորմերով և սահմանադրությամբ ամրագրված հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչելու խնդիր և պարտավորվածություն ունենք: Ես համոզված եմ, որ ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այնպես էլ այսօր մեր եկեղեցին շաղախված է հայ մարդու ինքության և արժեհամակարգի մեջ: Եկեղեցին մեր կյանքում ունի բացառիկ հոգևոր առաքելություն և ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում որևէ մեկն այդ բացառիկությունը չի կարող կասկածի տակ դնել»:

Ողջույնի խոսքում  նախարար Ա. Աշոտյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 60 և գահակալության 12-ամյակի կապակցությամբ:

Ա. Աշոտյանը նշել է նաև, որ մրցույթի հիմնական նպատակը լավագույն ուսուցիչներին մեծարելն ու խրախուսելն է: «Մենք ունենք հազարավոր մանկավարժներ, ովքեր անխոնջ աշխատում են այս շնորհակալ ասպարեզում և մենք պարտավոր ենք գնահատանքի և մեծարանքի արժանացնել նրանց»,- ընդգծել է նա:

Տարվա «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների պարգևները հանձնել են  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:  Մրցանակները տրվել են «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական  («ֆիզիկա», «քիմիա», «կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և մրցույթում այս տարի ընդգրկված լավագույն դասավարի համար: Մրցույթի առաջին փուլն անցկացվել է մարզերում: Հայ առաքելական եկեղեցու թեմերի և Կրթության ազգային ինստիտուի ներկայացուցիչները յուրաքանչյուր մարզից  ընտրել են լավագույն մասնագետներին, ովքեր հետո մրցել են ԿԳՆ-ում անցկացված հանրապետական փուլում:  

Մրցույթի հանրապետական փուլին մասնակցել են 50 ուսուցիչներ: Առարկայական հանձանաժողովների որոշմամբ շնորհվել է 3 առաջին կարգի, 9-ը` երկրորդ կարգի և 15` երրորդ կարգի մրցանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter