«Գորշ կարդինալի» ստվերը
Սահմանադրական փոփոխությունների ենթատեքստերը
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի: ԱԺ-ն երեկ ընդունեց այդ մասին որոշումը, և հիմա պետք է սպասել, թե հանրապետության նախագահը որ օրը կնշանակի հանրաքվեն:
Որքան էլ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների ֆոնին իշխանության այս նախաձեռնությունը թվում է ժամանակավրեպ, ակնհայտ է, որ դրանով փորձ է արվում ինչ-որ խնդիր կամ խնդիրներ լուծել, առանցքում ունենալով կոնյուկտուրային, քաղաքական, խմբակային շահեր: Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այս գործընթացն սկսեց իր պաշտոնավարման վերջին շրջանում, պարզ է դարձնում, որ այդ շահերն առնվազն չեն կարող շրջանցել ապագա պետական իշխանության ձևավորման և հեռացող իշխանության անվտանգության երաշխավորման խնդիրները, եթե չասենք, որ շատ հնարավոր է`հենց դրանք են հիմնական նպատակները: Եթե այդպես է, ապա ստացվում է, որ Հիմնական օրենքը վերաձևվում է իշխանության վերարտադրման կամ ներկայիս կոնյուկտուրայի պահպանման նպատակով: Թե հետագա իշխանությունների համար սա ինչ նախադեպ է ստեղծում, թերևս, իմաստ չունի քննարկել: 20 տարվա ընթացքում հասարակարգային լուրջ փոփոխությունների, ճգնաժամերի բացակայության պայմաններում արդեն երրորդ անգամ է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կայանում: Դա չի կարող նորմալ լինել:
Բայց ունենք այն, ինչ ունենք: Սահմանադրությունը փոխվում է, և մնում է հուսալ, որ նպատակը զուտ իշխանության ավելի հեշտ վերարտադրման մեխանիզմ ստեղծելը չէ, չնայած հակառակը հիմնավորող փաստեր նախաձեռնողները դեռ չեն ներկայացրել: Խոսքը չի վերաբերում ՀՅԴ-ին, որի համար խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը գաղափարական և ծրագրային դիրքորոշում է եղել,և ի դեմս այս գործընթացի, կուսակցությունը տեսնում է այդ նպատակին հասնելու միջոց: Այնուամենայնիվ իսկապես հարց է առաջանում` կառավարման ի՞նչ համակարգ է ստեղծվում և ինչո՞ւ է ստեղծվում:
Նոր համակարգի բնույթը
Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած այն հայտարարությունը, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո ինքն այլևս չի հավակնելու երկրի վարչապետի և առհասարակ երկրի ղեկավարի պաշտոնին, թույլ է տալիս ենթադրելու, որ գործող նախագահն, այնուամենայնիվ, հրաժարվել է իշխանական օղակներից որևէ մեկի միջոցով անձամբ իր «վերարտադրման» գաղափարից: Չնայած, նախկինում իշխանության արած հակասական քայլերի ու որոշումների խորապատկերին ոչինչ բացառել հնարավոր չէ, սակայն ընթացող պրոցեսները վերլուծելիս չենք կարող չհիմնվել այս խոստման վրա:
Եթե հեռանալով հանդերձ, նա նպատակ է դրել փոխել կառավարման մոդելը, նշանակում է, առաջնահերթորեն հենց դա է համարում իշխանության կայուն փոխանցման կամ ավելի ճիշտ կլինի ասել` ապագա իշխանության ձևավորման իր համար և իշխանության համար ամենանպատակահարմար միջոցը: Փաստացի Սահմանադրության արդեն հանրաքվեի դրվող նախագծով ստեղծվում է ԱԺ-ի ընտրության, նույնն է թե` իշխանության ձևավորման այնպիսի մեխանիզմ, երբ խորհրդանում պետք է միշտ լինի կայուն քաղաքական մեծամասնություն: Եթե շարունակելու է գործել ընտրական ներկայիս, ըստ էության, հակասահմանադրական համակարգը, ապա պարզ է դառնում, որ գործող քաղաքական մեծամասնություն ունեցող ուժը` ՀՀԿ-ն, մեծամասնություն է ձևավորելու նաև առնվազն հաջորդ ընտրություններում` առանց որևէ լուրջ դիմադրության արժանանալու:
Հանուն արդարության պետք է նշել, որ եթե նոր Սահմանադրության ընդունվելու դեպքում, դրանից հետո, հենց այդ Սահմանադրության անցումային դրույթների հիման վրա, պետք է մինչև հաջորդ ընտրությունները փոփոխության ենթարկվի նաև ընտրական օրենսգիրքը: Ընդ որում` որպես սահմանադրական օրենք, նոր ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի ԱԺ-ի պատգամավորների 3/5-րդի ձայներով, այսինքն բացառապես կոնսեսնսուսի հիման վրա, որը ընտրական համակարգը առարկայորեն բարելավելու միակ գործնական հնարավորությունն է: Հարցն այն է` խորհրդարանական քաղաքական ուժերը կօգտագործե՞ն այդ հնարավորությունը, թե՞ ոչ: Լավատեսության քիչ հիմքեր կան:
Եվ հենց այդ պատճառով նախագահը, թերևս կարող է փորձել ստեղծել մի այնպիսի համակարգ, որը հնարավոր կլինի կառավարել` չտիրապետելով որևէ պետական, իրավական լծակի և չունենալով կայացվող որոշումների համար ուղղակի իրավական պատասխանատվություն:
Խնդիրն այն է, որ խորհրդարանական համակարգի այն մոդելը, որը փորձ է արվում ներդնել Հայաստանում, հիմնված է փաստացի իշխանությունը ոչ թե մեկ, այլ, ի դեմս ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի, միանգամից երեք ժառանգորդների փոխանցելու մեթոդաբանության վրա: Ֆորմալ իմաստով իշխանությունը գտնվելու է այս երեք ֆիգուրների ձեռքին, կամ ավելի ճիշտ, նրանց փոխհարաբերությունների առանցքում: Պարզ է, որ ընտրական համակարգի խաթարվածության պայմաններում այդ ֆիգուրները «նշանակվելու» են Հանրապետական կուսակցության, իսկ ավելի կոնկրետ` ներկա պահին իշխանության բացարձակ կրողի` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վստահության քվեով:
Նոր համակարգի նպատակը
Սրանով նախագահը կարող է փորձել լուծել միաժամանակ երեք խնդիր:
- Քաղաքականապես չեզոքացնել նախագահական ընտրությունների հետ կապված ներքին անկայունության մշտական վտանգը, որի պատճառով իշխանությունը յուրաքանչյուր նախագահական ընտրությունից հետո, պայմանավորված ընտրությունների լեգիտիմության դեֆիցիտի գործոնով, ենթարկվում էր լրջագույն ցնցումների: Միայն խորհրդարանական ընտրություններով իշխանության ձևավորման մեխանիզմը հանրային կոնսոլիդացման ավելի քիչ, և հանրային-քաղաքական դաշտը վերահսկելի պահելու ավելի շատ ռեսուրս է թողնում` այստեղից բխող հետևանքներով:
- Ստեղծել պետական իշխանության ճյուղերը քաղաքական իշխանության ներքին խմբավորումների միջև բաժանելու մեխանիզմ: Դա հնարավորություն է տալիս բավարարել ներիշխանական խմբավորումների` լծակների տիրապետելու ախորժակը: Այս հանգամանքը նրանցից յուրաքանչյուրին պարտավորեցնելու է ոչ թե հասարակության նկատմամբ, ինչպես ենթադրում է ժողովրդավարությունը, այլ այդ իշխանական «պատառներն» իրենց տրամադրած ուժային կենտրոնի:
- Գործող նախագահը հնարավորություն է ստանում պաշտոնավարման ժամկետից հետո պետությունը կառավարել և քաղաքական ներկայիս իշխանությունն իրացնել միջնորդավորված` երեք հավասարաչափ վերահսկելի խամաճիկային ֆիգուրների` նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոններն զբաղեցնող անձերի միջոցով: Այլ կերպ ասած` ստեղծվում է «բաժանիր որ տիրես» սկզբունքն ինստիտուցիոնալիզացնելու հնարավորություն: Սկզբունք, որով պաշտոնավարման ողջ ընթացքում նախագահը հաջողությամբ չեզոքացնում էր իր ընդդիմության կոնսոլիադման ներուժը: Չունենալով կառավարման իրավական լծակներ, հանդես գալով այդ ֆիգուրների միջև տարաբևեռ հարաբերությունները բալանսավորողի կարգավիճակով` նա հնարավորություն կունենա, որպես «գորշ կարդինալ», անձնական վերահսկողության տակ պահել ողջ իշխանական մեքենան:
Բայց սա կոմկուսի «գենսեկի» հայկական մոդիֆիկացիան չէ: Որովհետև ԽՍՀՄ-ում պետական կառավարման համակարգում կոմկուսի բացառիկ դերակատարությունը ուղղակիորեն երաշխավորված էր Սահմանադրությամբ և ուներ իրավական հիմք: Այս դեպքում ավելի շուտ գործարկվում է վրացական իշխանության մեջ Բիձինա Իվանիշվիլիի ներկայիս կարգավիճակի փորձարկման տարբերակը: Այն, որ Իվանիշվիլին ոչ թե մեկ կուսակցություն էր ղեկավարում, այլ կուսակցությունների դաշինք և ընտրություններից հետո իշխանությունը հանձնել է փաստացի կոալիցիայի, էական չէ: Որովհետև ՀՀԿ-ի ներքին այդ բևեռներն իրենց հավակնություններով, շահերով, մենթալային առանձնահատկություններով, տարբեր արժեքային կոդերով ավելի շատ կուսակցության ներսում լիդերի շուրջ դաշինք են հիշեցնում, քան ինքնին կուռ գաղափարական համակարգ: Տարբերությունը միայն այն կարող է լինել, որ Սարգսյանը իշխանության թևերի գործունեությունը համակարգելու առումով նախնական շրջանում անհամեմատ ավելի ակտիվ ու նախաձեռնող կարող է լինել, քան` Իվանիշվիլին Վրաստանում:
Նոր համակարգի ռիսկերը
Սակայն որքան էլ առաջին հայացքից իշխանության նման մոդելի ստեղծումն իրատեսական թվա, այն կենսունակ կարող է լինել միայն կարճաժամկետ հեռանկարում: Իրավական-վարչական լծակների բացակայությունը վաղ թե ուշ հանգեցնելու է «գորշ կարդինալի» ազդեցության թուլացման և, ի վերջո, խաղից ամբողջական դուրսմղման: Դրանից հետո պետական իշխանությունը կարող է ներքաշվել ներխմբային, միջկլանային բախումների ու ճգնաժամերի մեջ, որից ելքը լինելու է կառավարությունների և խորհրդարանների հաճախակի փոփոխությունը: Եթե այս հեռանկարը գործող նախագահը հաշվի չի առել, նշանակում է խաղը կազմակերպվել է հենց կարճաժամկետ խնդիրներ լուծման նպատակով:
Մյուս կողմից այս մոդելը չի բացառում խաղի մեջ երկրորդ, երրորդ «գորշ կարդինալի» հայտնվելու հավանականությունը, ի դեմս, օրինակ Ռոբերտ Քոչարյանի: Սերժ Սարգսյանը պարզապես գերվստահ պետք է լինի, որ «խամաճիկային» իշխանության երեք գլուխները միաժամանակ այնքան վստահելի են, որ երկրորդ տիրոջ ծառայելու ցանկություն չեն ունենա, նույնիսկ եթե այդ տիրոջ դերին հավակնում է իշխանության ներսում դեռևս իր ազդեցությունն ու հեղինակությունը պահպանող երկրորդ նախագահը:
Սա չի բացառում, որ սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում լուծել նաև այլ, հեռահար խնդիրներ: Մասնավորապես հետաքրքրական է, որ այս ամենին զուգահեռ ներդրվում է մի շատ կարևոր, սկզբունքային մեխանիզմ, որը հանրային ուշադրությունից դուրս է մնացել: Նախատեսվում է, որ երկրի տարածքային ամբողջականության և վերազգային, միջազգային միավորումներին կամ կազմակերպություններին անդամակցության որոշումները պետք է կայացվեն բացառապես հանրաքվեի միջոցով: Գործող Սահմանադրությամբ նման որոշումները միանձնյա կայացնելու լիարժեք իրավունք է տրված նախագահին: Այլ կերպ ասած` սահմանադրական այս փոփոխությունները կարող են միտված լինել նաև արտաքին ճնշումների ազդեցությամբ միանձնյա նման ճակատագրական որոշումներ կայացնելու սահմանադրական հիմքերը և ռիսկերը չեզոքացնելուն` թերևս հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դառը փորձը: Ի դեպ այս իմաստով հատկանշական է, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը Սերժ Սարգսյանն սկսեց 2013թ. տարեվերջին, այսինքն սեպտեմբերերեքյան հայտնի շրջադարձից հետո: Եթե սա է խնդիրը կամ խնդիրներից մեկը, ապա պետք է ենթադրել, որ խորհրդարանական համակարգին անցնելու մյուս հիմնական պատճառը նման որոշումների կայացման գործընթացը հնարավորինս բարդացնելն է` կոլեկտիվ որոշումների մեխանիզմ ստեղծելու միջոցով: Այլ հարց է, որ ընտրական ներկայիս համակարգի պահպանման դեպքում ձևավորվելիք կոճակ սեղմողների որևէ խորհրդարան չի կարող իրենից նման իմունիտետ ներկայացնել:
Ինչևէ այն բանից հետո, երբ Վաշինգտոնում «Քարնեգի» հեղինակավոր վերլուծական կենտրոնում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են Հայաստանի էլ ավելի ժողովրդավարացման նպատակով, այլևս կասկած չկա, որ նոր Սահմանադրության ընդունումը նրա համար առաջնահերթ նպատակ է: Բայց հնարավոր չէ պնդել, որ դա գերնպատակ է կամ միակ նպատակն է: Որովհետև չի բացառվում, որ խաղը շատ ավելի տարողունակ է, քան թվում է առաջին հայացքից և որ իրականում Սերժ Սարգսյանն իշխանության փոխանցման խնդիրը լուծելու այլ, պահեստային տարբերակ չի նախատեսել:
Բայց սա արդեն քննարկման այլ նյութ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել