Ցած է նետվել դպրոցի երկրորդ հարկից ու վնասել միայն ձեռքը
Նորապատ գյուղում վերջին մեկ ամսվա խոսակցության գլխավոր թեման 16 ամյա Ազատ Աղամյանի` դպրոցի երկրորդ հարկի պատուհանից կատարած թռիչքն է: Սեպտեմբերի 27-ին Ազատի ուսուցիչներից մեկը բարկացել է տղայի վրա, նա էլ նկատելով դպրոցի տնօրենին` որոշել է պատուհանից ցատկել ներքեւ:
Դպրոցի տնօրենն անմիջապես իր ավտոմեքենայով Ազատին հասցրել է հիվանդանոց: Բարեբախտաբար, կոտրվել է միայն տղայի ձեռքը, այլ խնդիրներ չեն առաջացել: Այժմ նրա ձեռքը գիպսի մեջ է եւ մեկ ամիս է` կանոնավոր դպրոց չի հաճախում:
Ազատը անկայուն բնավորություն ունի եւ անկանխատեսելի արարքներ շատ է անում: Նրա հետ զգույշ են բոլորը, ինչպես տանը, այնպես էլ դպրոցում եւ փողոցում: Տղան սկզբնական շրջանում դպրոցում լավ է սովորել, սակայն հետագայում անտարբեր է դարձել ուսման նկատմամբ:
Մայրը` Բալասան Կարապետյանը, պատմում է, որ տղան 4-րդ անգամ է, ինչ մահից փրկվում է: 7 տարեկան հասակում Ազատը վայր է ընկել գյուղի ֆուտբոլի մարզադաշտի հարեւանությամբ գտնվող երկաթյա ձողերից: Նա որոշել է բարձրանալ ձողերի վրա, որ վերեւից դիտի ֆուտբոլային խաղը, սակայն վայր է ընկել եւ ուղեղի ցնցում ստացել:
Դրանից հետո Ազատը տառապում է Էպիլեպսիկ հիվանդությամբ, իսկ հետագայում աչքի է ընկել չափազանց նյարդային վարքագծով: Նա բուռն է արձագանքում շրջապատի խոսակցություններին եւ անմիջապես սկսում է վեճի բռնվել:
Գյուղում բոլորը գիտեն, որ Ազատը նյարդային է եւ նրա խոսքին չեն հակադարձում: Նա ձեռք է բերել «ձախորդ Փանոս» մականունը, քանի որ դժբախտ պատահարները 16-ամյա տղայի կյանքի անբաժան մասն են: Մայրն ասում է, որ Ազատին Աստված է պահում, թե չէ վաղուց մահացած կլիներ:
2008-ին էլ ջրագիծը տնամերձ հողամասից հանելու եւ տեղափոխելու համար մայր ու որդի փոս են փորել, ու այդ պահին հողը փլուզվել եւ մոտ 2 մետր լցվել է Ազատի վրա: Բալասանը հիշում է, որ հողը լցվել է նաեւ իր ոտքերին, սակայն հողակույտի տակ կորած որդուն կորցնելու վախն այնքան մեծ է եղել, որ անմիջապես փոսից դուրս է եկել, վազել հարեւան տղամարդկանց հավաքել, որ հողի տակից հանեն տղային:
Նա հիշում է, որ այդ ժամանակ շտապօգնություն են զանգահարել, սակայն Արմավիրի հիվանդանոցից հրաժարվել են շտապօգնության ավտոմեքենա ուղարկել` պատճառաբանելով, թե բենզին չունեն: Մի կերպ ավտոմեքենա են գտել եւ տղային հասցրել հիվանդանոց: Այդ ժամանակ էլ վնասվել է տղայի ողնաշարը:
Անցյալ տարի տիկին Բալասանը Ազատին տարել է Արմավիրի բժշկական հանձնաժողով, որպեսզի նրան հաշմանդամ ճանաչեն: Մինչ այդ նա մեկ տարի բժշկական զննում է անցել տարբեր հիվանդանոցներում: Մայրը չհիշեց, թե որ հիվանդանոցում է Ազատը բուժզննում անցել, սակայն ասաց, որ բժիշկները միաբերան ասել են, թե տղային հաշմանդամության կարգ է հասնում:
«Արմավիրում հանձնաժողովը որոշեց, որ Ազատը առողջ է: Տղայիս հարցրել են, թե որն է Հայաստանի մայր գետը, նա էլ պատասխանել է, թե Արաքսը: Առանց որեւէ բուժզննման որոշեցին, որ նա առողջ է, քանի որ հարցին ճիշտ է պատասխանել: Ինձ ասում են` մայրիկ ջան, կարո՞ղ ա ուզում ես տղայիդ բանակից ազատես»,-պատմում է Բալասան Կարապետյանը:
Ազատի մայրը նույնպես առողջական խնդիրներ ունի: Նրա տեսողությունն այնքան ցածր է, որ երկու մետր հեռավորության վրա մարդկանց դժվար է ճանաչում: Նրա աչքերը երկու անգամ վիրահատել են: Աչքի մեկը ոսպնյակ է, իսկ մյուսի տեսողությունը գնալով թուլանում է:
Մեկ անգամ մերժելուց հետո անցյալ տարի բժշկական հանձնաժողովն, ի վերջո, Բալասան Կարապետյանին նշանակել է հիվանդության երրորդ կարգ: Մինչդեռ նա համաձայն չէ երրորդ կարգին, քանի որ իրականում տեսողության պատճառով լրիվ անգործունակ է դարձել: Չի կարողանում նույնիսկ տնամերձ հողամասը մշակել:
Որպես հաշմանդամ` նա ստանում է 16 հազար դրամ թոշակ: Ամուսինը 1992 թ. մահացել է, եւ որպես ծնողազուրկ 12 հազար դրամ թոշակ էլ Ազատն է ստանում: Բալասանի ասելով` իրենք նպաստ չեն ստանում, քանի որ մեծ որդին աշխատել է հացի փռում եւ ամսական 50.000 դրամ աշխատավարձ ստացել:
«Արդեն 2 ամիս է` տղաս գնացել է Ռուսաստան, որ մի երկու կոպեկ աշխատի, տեսնենք, թե ինչ է գալիս գլուխներս: Հիմա ինքը ստեղ չի, բայց էլի նպաստ չեն տալիս: Երեք ամիսը մեկ անգամ սոցապ բաժինը 13.500 դրամ գումար է տալիս: Բայց դրանով ապրել կլինի՞»,- հարցնում է Բ. Կարապետյանը:
Տունը, որտեղ ապրում է այս ընտանիքը, նկուղային հարկ է հիշեցնում: Տիկին Բալասանը պատմեց, որ 1980-ականների վերջերին վարձով են ապրել, իսկ 1991 թ. ուղիղ մեկ տարի ապրել են իրենց հողամասում տեղադրված կտորե վրանում:
«Հիշում եմ, ձմռանն ուժեղ ձյուն էր գալիս, վրանում երկու վառարան էինք վառում, որ երեխաները չմրսեին: Այդպես մի կերպ ապրել ենք ու մինչ օրս էլ մի կերպ գոյատեւում ենք»,- ասում է Բալասանը:
Ամուսնու հորեղբայրները ընտանիքին վրանից հանելու համար որոշել են տնամերձ հողամասում տուն կառուցել: Հասցրել են միայն նկուղի պատերը կանգնեցնել, հետո շինարարությունն ընդհատվել է:
Այժմ Բալասանն ու Ազատը ապրում են հենց այդ նկուղային հարկում: Հատակը ամբողջությամբ քարով է շարված, առաստաղը բետոնե է, իսկ ներսի պատերը նույնիսկ գաջված չեն: Խոնավությունը պարզապես բուրում է նրանց տնից: Հագուստները խոնավությունից փրկելու համար Բալասանը դրանք պահում է պոլիէթիլենային տոպրակների մեջ, սակայն ապարդյուն: Նա նույնիսկ ձմռանն է հագուստներն արեւին տալիս, որ խոնավությունից չփտեն:
Այս տարվա մարտին, երբ հերթական անգամ Բալասանը որոշել է անկողինը մաքուր օդի տալ, ոտքի առջեւի իրը չնկատելով` վայր է ընկել երկու մահճակալների արանքում եւ վնասել ողնաշարը: Այժմ նա էլ չի կարողանում ծանրություն վերցնել: Երբ այդ ժամանակ մայրը բուժման նպատակով մորաքրոջ տանն է եղել, Ազատը դպրոց հաճախելու փոխարեն օրը 3000 դրամով 15 օր բանվորություն է արել հարեւան գյուղերում, որպեսզի կարողանա մոր դեղերը գնել:
«Ինձ խաբում ասում էր` դպրոց եմ գնում, բայց գնում փողով աշխատում էր ուրիշների հողերում: Մեկ էլ բերեց ձեռքս փող դրեց, թե շաբաթ-կիրակի օրերին բանվորություն եմ արել: Հետո իմացա, որ 15 օր ամեն առավոտ գնացել սածիլ է արել հողերում ու դպրոց չի գնացել»,- պատմում է Բալասանը:
Երբ հրաժեշտ էինք տալիս նրանց, տիկին Բալասանը մի պահ ազատ ժամանակ գտավ եւ նետվեց արեւի ճառագայթների տակ չորացող սմբուկի ցողունների կողմը, որպեսզի հավաքի: Նրանք այս տարի վառելիքի գումար չեն կարողացել տնտեսել եւ վառելու են` ինչ պատահի, այդ թվում` բույսերի չորացած ցողունները: Իսկ Ազատը դաշտերից փայտե կտորներ էր հավաքել եւ մի անկյունում դասավորում էր:
Վերջում տիկին Բալասանն ասաց, թե շատ է պատահում, որ ուտելու հաց չեն ունենում, սակայն այդ մասին ոչ ոք չի իմանում: Նշեց, թե շատ պարտքեր ունի` 4000 դրամ, ինչի համար նույնպես անհանգիստ է: «Դա մեզ համար շատ մեծ գումար է այս պահին»,- ավելացրեց Բալասան Կարապետյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել