Վոլֆգանգ Ռիկմանի «հայանուն հայրենիքը»
Մանե Գրիգորյան
Գարեգին Բ կաթողիկոսը, որին գերմանացի Վոլֆգանգ Ռիկմանը ճանաչում է դեռևս Քյոլնում վարդապետելու շրջանից, 2012թ., երբ հերթական անգամ տեսնում է նրան, գերմաներեն հարցնում է. «Դե ինչ, պարոն Ռիկման, նորի՞ց ձեր հայրենիքում էիք »:
Երկրորդ համաշխարհային պատերազմն արդեն նշմարվում էր, երբ Գերմանիայի Քյոլն քաղաքում, որը հայտնի է դեպի երկինք խոյացող ամենաբարձր տաճարներից մեկով, ծնվեց Վոլֆգանգը:
Ասում է, որ 1945-48թթ. Գերմանիայում տնտեսությունը նույնքան անմխիթար էր, որքան Հայաստանում 1990-ականների սկզբին: «Պատկերը փոխվում է 1948թ., երբ ռայխսմարկը փոխարինվում է գերմանական մարկով: Մինչ այդ մեզ համար սովի ժամանակներ էին, նոր փողի շրջանառության հետ եկան նոր ժամանակներ, երբ մենք այլևս չէինք սովում, կար ուտելիք, այդ թվում՝ բանան և նարինջ, որը ես՝ 10 տարեկանս, մինչ այդ երբեք չէի համտեսել»,-ասում է Վոլֆգանգը՝ հավելելով, որ պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, շատ գերմանացիներ յուրացրեցին դեմոկրատական սկզբունքները: Գերմանացի ժողովուրդը, ըստ Վոլֆգանգի, կրոնական բազմազանության պատճառով կորցրեց միասնականությունը: «Նրանք կարծում են, որ այլևս Աստծո կարիքը չունեն. եկեղեցում մեծամասամբ կարելի է հանդիպել միայն ծերերի,»-ասում է Ռիկմանը: 1989թ. Քյոլնում բնակվող իր երկու հայ ընկերների հետ Վոլֆգանգը որոշում է Սպիտակի երկրաշարժի հետևանքների մասին ֆիլմ նկարել, առաջին անգամ այցելում է իր երեխաների մոր և նախկին կնոջ՝ Զարուհու հայրենիք: Երկրաշարժի հետևանքով ավերակ դարձած Գյումրին չի վանում Ռիկմանին, ավելին՝ այդ այցից հետո Հայաստանը դառնում է նրա ճանապարհորդությունների թիրախը: Երևի պարոն Ռիկմանը Արաքսի ջրերի մեջ ամեն անգամ մանրադրամ է նետում, որովհետև ամեն տարի վերադառնում է, իսկ արդեն 2010թ.-ից բնակություն է հաստատում Հայաստանում: «Երկիրը ինձ վաղուց էր գրավում, բնակչությունն էլ իր հերթին համակրելի էր: Հայերն ինձ համար խաղաղասեր ազգ են, դաստիարակում են իրենց երեխաներին միայն սիրով և ոչ երբեք դաժանությամբ: Թեպետ սոցիալիստական կարգերը տարիներ շարունակ փորձում էին սեղմել և ճնշել կրոնը, այնուամենայնիվ, հայերը, ի տարբերություն գերմանացիների, որոնք այլևս իմ Աստծո կարիքը չունեն, ամուր կառչած են իրենց հավատից: Չնայած հարյուրամյակներ ի վեր հայերը եթարկվել են հալածանքների, այնուամենայնիվ, չեն շարժվել դեպի մահմեդականություն: Գերմանիայի համար այս բացասական փորձառությունը դեռ առջևում է: Գերմանացիները անհավանական միամիտ են և դեռ չեն պատկերացնում մահմեդական կրոնի անհանդուրժողականության և դրանից բխող հետևանքների մասին»,- ասում է Վոլֆգանգը:
Խոսելով հայուհու հետ իր ամուսնալուծության պատճառների մասին՝ Ռիկմանը ասում է. «1971 թվականին Իրաքում ծանոթացել եմ կնոջս՝ Զարուհու հետ, որն իր ընտանիքի հետ ապրում էր Բասրայում: Մեկ տարի անց ամուսնացել ենք հայկական Բասրա եկեղեցում: Ամուսնությունից հետո տեղափոխվել ենք Բոնն, 1972 թվականին ծնվել է Անահիտը, 1976-ին՝ Շիրազ-Վանիկը: Ամուսնություն հասկացության վերաբերյալ ընկալումների տարբերությունը մեզ համար նկատելի է դառնում տարիներ անց: Ես ամուսնության մեջ կարևորում էի հավասարությունը, ինչին հակառակ կնոջս չէր բավարարում հայ տղամարդու՝ ընտանիքում առաջնորդ լինելու հատկությունը, որին, սակայն, ինձ չէի ուզում վարժեցնել»:
Ասում է, որ իր տենչած հավասարությունը հայուհու կողմից ընկալվում էր որպես թուլություն: Եվ առհասարակ կարծում է, որ շատ հայ ընտանիքներում մեծ խնդիր է այն, որ տղամարդն ուզում է ղեկավարել: «Տղամարդը Հայաստանում զգում է իր գերակայությունը, որին բոլոր կանայք, որոշակի տարիքից սկսած, ենթարկվում են»,-ասում է Վոլֆգանգը: Խոսելով գերմանական և հայկական հասարակությունների տարբերությունների մասին՝ Վոլֆգանգը նշում է երկու հասարակությունների գործելաոճի էական տարբերությունը: Գերմանացիները պակաս իմպուլսիվ են իրենց որոշումներում: Որպես օրինակ կարելի է դիտարկել Երևանում ճանապարհային երթևեկությունը: Մինչ գերմանացի վարորդներն իրենց գծով են վարում, հայ վարորդները այստեղ փորձում են մեկը մյուսին վազանցել: Դա մշտապես հանգեցնում է վտանգավոր՝ վթարային իրավիճակների և, բնականաբար, խաթարում է երթևեկությունը:
Ըստ Վոլֆգանգի՝ տարբերություններից մեկն էլ այն է, որ Հայաստանում բացակայում է միասնականության զգացումը: Յուրաքանչյուրը մտահոգվում է միայն իր ընտանիքի բարեկեցության մասին, մինչդեռ Գերմանիայում մարդը տեսնում է ընտանիքի սահմաններից դուրս, կարևորում է իր հարևանի, համայնքի ու ամբողջ քաղաքի վիճակը:
Որպես օտարերկրացի Հայաստանում իր ինքնազգացողության, առօրյայում ունեցած խնդիրների մասին ասում է. «Երկիրը հրաշալի է, հայերը չափազանց հյուրընկալ են: Այստեղ մարդը կարող է իրեն անմիջապես իրավահավասար քաղաքացի զգալ: Մինչդեռ Գերմանիայում օտարազգիների հանդեպ կա դժկամություն և շատ հաճախ նաև թշնամանք: Ես մտահոգիչ եմ համարում, այդ իսկ պատճառով նաև բացասական եմ գնահատում այն, որ հայերից շատերը առևտրային շատ հարցերում մեծ տարերք ունեն ոչ միայն օտարերկրացիներին, այլև սփյուռքահայերին մոլորեցնելու: Այս մոտեցմամբ նրանք ոչ համակրանք կարող են շահել և ոչ էլ երկարաժամկետ գործնական հարաբերություններ հաստատել»:
Ամեն տարի ճանապարհորդական ուսապարկով Հայաստանի տարբեր վայրերով դեգերող Վոլֆգանգը հայկական լեռնաշխարհի բնությունը համարում է չափազանց հետաքրքրաշարժ, նկատում է խնդիրները, մտահոգիչ համարում, որ բնությունը ակտիվ բացասական գործողությունների հետևանքով վտանգվում է. «Հարյուրամյակներ շարունակվող անտառահատման հետևանքով, հատկապես՝ սկսված 1990-ականների սկզբից, շատ հատվածներ դարձել են չորային: Առկա ջրերը պահելու համար կարևոր է անտառվերականգնումը: Լսել եմ նաև, որ օլիգարխները Կապանում բավականին հաճախ որսորդությամբ են զբաղվում. բնությունը կարիք ունի պաշտպանության, դա նշանակում է, որ որոշ կենդանիներ փոքր թվերով և միայն տարվա որոշակի եղանակների կարող են որսվել: Կապանի բաց կանաչ արհեստական լիճը անձամբ եմ նկարահանել: Ջուրը թունավորված է և վտանգված. դա կարող է յուրաքանչյուր կապանցի փաստել: Մեծ վտանգ է ներկայացնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, տարբեր արտանետումները աղտոտում են ջուրը: Կոմբինատը մեծ բաժնեմասով պատկանում է գերմանական ընկերությանը: Եթե փորձաքննությունը հաստատի կոմբինատի մեղքն այս գործում, ապա նման «նվեր» Հայաստանը պետք է չընդունի և այս դեպքի պատճառ հանդիսացողներին պարզապես պետք է վտարի»,- ասում է բնության սիրահար Վոլֆգանգը:

Խոսելով երկրում տիրող վիճակի մասին` Վոլֆգանգը մտահոգիչ է համարում այն, որ կառավարությունը կախված է օլիգարխներից, որոնց նաև ազատում է հարկերի վճարումից: «Կառավարությունն այս պահին ավելի արդյունավետ աշխատանքային թիմով չի կարող փոխարինվել: Հարկային մուտքերը շարունակում են նվազել: Գործող ղեկավարություն ունենալու համար պետք է կազմակերպել ուժեղ ընդդիմություն, որը մի օր ի վիճակի կլինի այլընտրանք հանդիսանալ ներկայիս կառավարությանը: Որքան շարունակի ընդդիմությունը թույլ և մասնատված լինել, այնքան օլիգարխիկ համակարգն ուժեղ կլինի: Ցավոք, նման պարագայում միայն փոքրաթիվ անզոր ցույցեր կարող են տեղի ունենալ, ինչպես, օրինակ, ուղեվարձի և էլեկտրաէներգիայի թանկացմանն ուղղված ցույցերը: Շատ եմ ցավում, որ հայկական եկեղեցին այլևս չի կանգնում ժողովրդի կողքին, այն բացահայտորեն մոռացել է՝ որտեղ է ժողովուրդը և հիմնվում է միայն վերնախավի վրա: Մինչդեռ անցյալ հարյուրամյակներում եկեղեցին մեծամասամբ զգում էր իր պատասխանատվությունը ժողովրդի առջև»,- ասում է Վոլֆգանգը և նշում, որ պետք չէ մոռանալ` Հիսուսը ավանակով մտավ Երուսաղեմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել