Ֆինանսների նախարարությունը հարկային նոր օրենսգիրք է մշակել
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ հարկային նոր օրենսգիրքը մշակվել է տնտեսագիտական այն համոզմունքի հիման վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից: «Այս մոտեցումը ողջունելի է, եթե, իհարկե, հնարավոր է արդյունավետորեն իրականացնել նման հասցեագրված սուբսիդավորումը: Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիների վիճակը: Այսօրվանից այս օրենսգրքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի, մինչև ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, հայտնի իր մտահոգությունը և ստանա պատասխաններ»,- ասել է վարչապետը: Նա հանձնարարել է Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակացույց, և հորդորել բոլոր պետական մարմիններին ևս ակտիվորեն քննարկել այս նախագիծը, քանի որ «Հարկային օրենսգիրքը շատ կարևոր փաստաթուղթ է մեր տնտեսության զարգացման համար»: Օրինագծերի փաթեթը Ազգային ժողով կներկայացվի 2016-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել