HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Գառնիի առողջության կենտրոնում» սարքավորումների բացը «լրացնում են» փորձառու բուժաշխատողները

«Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է Գառնիի եւ շրջակա 4 գյուղերի (Գեղադիր, Հացավան, Գողթ եւ Գեղարդ) մոտ 11,000 բնակիչներին: Այս թվի մեջ ներառված չեն ամառանոցաբնակները եւ զբոսաշրջիկները: Մոտավոր հաշվարկով, զբոսաշրջային ակտիվ ամիսներին Գառնի-Գեղարդն օրական 1000-1200 այցելու է ունենում: Նրանց բոլորին սպասարկելու համար «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն ընդամենը մեկ շտապօգնության մեքենա ունի, որն էլ անվարձահատույց օգտագործման է տրամադրել «Արզնիի բժշկական ամբուլատորիան»:

2001թ. արտադրության ավտոմեքենան Արզնու բուժհաստատության թարմացված  մեքենապարկում քննություն չբռնեց: Ուստի, երբ իրենց նախկին աշխատակցուհին` Լիլիթ Կարապետյանը, ստանձնեց «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, նրան դատարկաձեռն չճանապարհեցին:

«Գառնիի առողջության կենտրոնի» շտապօգնության ծառայությունում օրական 10-11 կանչ է գրանցվում: «Կարողանո՞ւմ եք սպասարկել բոլորին»,- հարցնում եմ կենտրոնի  տնօրենին: Վերջինիս ասելով՝ ոչ մի կանչ անարձագանք չի մնում: Միաժամանակ ավելացնում է· «Մի մեքենան չի կարող բավականացնել, կենտրոնի «Նիվա» մեքենայով ու տաքսիներով են բուժաշխատողները սպասարկում մյուս կանչերը»:

Աջից՝ կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը

Կենտրոնի տնօրենը նշում է, որ Գառնիում եւ հարակից գյուղերում շատ տարածված են սրտանոթային հիվանդությունները` ինֆարկտ, ինսուլտ: Բնականաբար, համապատասխան մասնագետներ չլինելու, ինչպես նաեւ բուժսարքավորումներ չունենալու պատճառով նման հիվանդներին ուղեգրում են մայրաքաղաք:

Բուժաշխատողներից մեկը, որին վիճակվել էր նման մի դեպքով ուղեկցել մայրաքաղաք ուղեգրված հիվանդին, ասում է, որ այն շտապօգնություն չի կարելի անվանել. «Հիվանդին ոտքով տեղափոխեն ավելի լավ է, քան մեր շտապօգնության մեքենայով: Մեքենան չափազանց մաշված է, եւ ծանր հիվանդներին դրանով տեղափոխելը մեծ ռիսկ է»:

«Գառնիի առողջության կենտրոնում» 2006թ. ներդրվեց ընտանեկան բժշկության ծրագիրը, որից հետո խիստ կրճատվեց հիվանդանոցային մահճակալների թիվը: Ընդամենը 4 հիվանդասենյակ են պահպանել՝ 2-ը մանկական բաժանմունքի համար, եւս 2 հիվանդասենյակ` ծննդատան բաժանմունքում: Դրանք բոլորը տեղավորված էին ծննդատան հարկաբաժնում, բայց մեր այցի ժամանակ մահճակալները դատարկ էին:

«Թեթեւ հիվանդներ կարող ենք պահել այստեղ, ամբուլատոր հիվանդներին` շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություն ունեցողների համար պետպատվերը փոխանցում ենք Աբովյան քաղաքի հիվանդանոցին, որպեսզի բնակիչները ստացիոնար բուժումն այնտեղ ստանան: Նեղ մասնագետների պահանջարկը քիչ է, չենք կարող այստեղ հաստիքներ ավելացնել»,- ասում է տնօրենը:

Այս տարի այստեղ ծնունդներ չեն ընդունել: Կենտրոնում վերջին անգամ անցյալ տարի է նորածնի ճիչ լսվել` 3 ծնունդ են ունեցել: Համեմատության համար նշենք, որ մի քանի տարի առաջ, առողջության կենտրոնի լիարժեք գործելու շրջանում, տարեկան մինչեւ 200 ծնունդ են ընդունել: Չնայած ծննդատունը երբեք էլ ապահովված չի եղել արդիական բուժսարքավորումներով, բայց տեղացի կանայք մշտապես նախապատվությունը տվել են հիվանդանոցի փորձառու աշխատակիցներին եւ դժվարությամբ են համակերպվել Երեւան ուղեգրվելու փաստի հետ՝ առանձին բացառությունները չհաշված:

Հիմա բոլոր ծննդկաններին ուղեգրում են Աբովյանի կան Երեւանի հիվանդանոցներ: Առհասարակ, ուղեգրվում են այն բոլոր հիվանդները, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, չհաշված՝ դժբախտ պատահարները, որոնց թիվը փոքր չէ առողջության կենտրոնի սպասարկման տարածքում ներառված 5 գյուղերում: Տարեկան այստեղ 25-30  դժբախտ պատահար է գրանցվում, հիմնականում` ավտովթարներ, նաեւ` արտակարգ պատահարներ` ինքնասպանություն, օձի խայթոց, պայթյուններ եւ այլն: Առողջութան կենտրոնի շտապօգնության ծառայությունում 2014թ. հյուրերից ու զբոսաշրջիկներից ստացված 107 կանչ է գրանցվել, այս տարվա կանչերի վիճակագրությունը դեռեւս չեն ամփոփել:

Մի պահ փորձում եմ պատկերացնել ինֆարկտ, ինսուլտ ախտորոշված հիվանդին կամ դժբախտ պատահարից տուժածին «Նիվա»-ով կամ կենտրոնի ունեցած շտապօգնության մեքենայով Երեւան կամ Աբովյան տեղափոխելիս` նվազագույնը 30 կմ: Փորձում եմ պատկերացնել նաեւ, թե ինչքան ժամանակ կարող են նման հիվանդներին «զբաղեցնել» առաջնային բուժօգնության պայմաններից զուրկ կենտրոնում, մինչեւ շտապօգնության մեքենան վերադառնա մայրաքաղաքից:

Միաժամանակ, հիշեցի Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի դեռեւս երկու տարի առաջ տված խոստումը, որ մի քանի օրից Գառնիի բժշկական կենտրոնին շտապօգնության մեքենա են հատկացնելու: Նա իր խոստումը չկատարեց, բայց փոխարենը Գառնիի համայնքապետին պարտավորեցրեց մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գառնիի առողջության կենտրոնի» 4 հիվանդասենյակը վերանորոգել համայնքի բյուջեի միջոցներով:

«Գառնիի առողջության կենտրոնին» վերջին անգամ բուժսարքավորումներ տրամադրվել են 2006-ին, ընտանեկան բժշկության ծրագիրը ներդնելու առիթով որոշակիորեն թարմացվել է լաբորատորիան: Սակայն, այդ միկրոսկոպները ժամանակակից բժշկության նորարարությունների ցանկից վաղուց դուրս են մղվել: Լաբորատորիայում երկու տեսակի անալիզներ են կատարում` կլինիկական եւ բիոքիմիական: «Վստահո՞ւմ են անալիզների արդյունքներին»,- հարցնում եմ 36 տարվա փորձառությամբ բուժլաբորանտ Ռուզաննա Հարությունյանին: Ժպտալով ասում է, որ մարդիկ աչքին ավելի շատ են վստահում, քան տեխնիկային, բայց եթե անալիզատոր ունենային, իրենց աշխատանքը կհեշտանար:

1986թ. արտադրության ռենտգեն սարքավորումը տեղադրված է հիվանդանոցի նախկին շենքում: Պիտանիության ժամկետը վաղուց կորցրած ռետգեն սարքավորումն, այնուամենայնիվ, բավականին թարմ տեսք ունի իրեն շրջապատող իրերի ու միակ դեկորացիայի` վարագույրների համեմատությամբ: Կարծում եմ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ վարագույրները շինության շահագործման առաջին օրից` 1955թ.-ից են այնտեղ կախված: Համենայնդեպս, այն իմ մեջ 40 տարվա վաղեմության հիշողություններ արթնացրեց:

Կենտրոնի 45 հոգանոց բուժանձնակազմում նաեւ ռենտգենոլոգ չկա, ժապավենները երեւակում է բուժաշխատողը: Ախտորոշումը կատարում են համատեղ ուժերով` տարիների փորձառությանն ապավինելով: «Մելանյան ավելի լավ է տիրապետում դրան»,- բուժաշխատողին մատնացույց անելով՝ ասում է տնօրենը` պատասխանելով բժիշկ-ռենտգենոլոգի անհրաժեշտության մասին իմ ակնարկին:

Բուժանձնակազմում, ինչպես հայտնեց տնօրեն Լ. Կարապետյանը, ընտանեկան բժիշկներն են եւ մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Չկա սրտաբան, չնայած նրան, որ տնօրենի վիճակագրությամբ՝ կենտրոնի սպասարկման տարածքում սրտանոթային հիվանդները շատ մեծ թիվ են կազմում: Չունեն նաեւ հերթապահ բժիշկ, արդյոք չափազանց մեծ պատասխանատվությո՞ւն չէ վերապահված բուժքույրերին: 

Առհասարակ, «Գառնիի առողջության կենտրոնը» լքված շինություն է հիշեցնում: Շենքում վերջին անգամ բարեկարգման աշխատանքներ իրականացվել են 1996թ.: Մոտ 20 տարվա ընդմիջումից հետո Կոտայքի մարզպետարանը «Գառնիի առողջության կենտրոնում» հիմնանորոգման աշխատանքներ է սկսել` այն ներառելով պետական բյուջեից մարզին հատկացվող «Հրատապ ծրագրերի» ցանկում:

Շինությունը թերեւս կբարեկարգվի, բայց այն կունենա՞ նախկին կենդանությունը եւ կկարողանա՞ բնակչությանը (կենտրոնը ամսական միջինը 2000 այցելու է ունենում) պատշաճ բուժծառայություն մատուցել` առանց պահանջված բժիշկների ու բուժսարքավորումների եւ, հատկապես, շտապօգնության ծառայությունն արդիականացնելու:

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի