HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է.Նալբանդյան. «Եվրոպական ուղղությունը մեր պետության արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկն է»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Արևելյան գործընկերություն. զարգացումների ներքաղաքական և եվրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովին

Տիկնայք և պարոնայք,
Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ,
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ավանդական դարձած այս խորհրդաժողովն արդեն իսկ իր ուրույն տեղն է զբաղեցրել եվրաինտեգրման թեմաներին առնչվող քննարկումների շարքում:

Հայաստանի 20-ամյա անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը եղել է մեր պետության արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը: Մեր հարաբերությունները ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ շարունակական զարգացում են ապրում:

ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը կարևորվում է ոչ միայն ԵՄ հետ մեր ստանձնած հանձնառությունների, այլև առաջին հերթին, մեր երկրում որակական բարեփոխումները խորացնելու տեսանկյունից՝ տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար:

Հանրապետության նախագահի նախաձեռնած բարեփոխումների խթանման գործընթացի համատեքստում Հայաստանի իշխանությունները վճռական են երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում, ինչը բխում է մեր ժողովրդի, մեր երկրի շահերից:

Այդ գործընթացն առաջին հերթին նպատակաուղղված է երկրի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ մենք դիտարկում ենք սա նաև որպես ԵՄ հետ մեր համագործակցության օրակարգի բաղկացուցիչ մաս և եվրամերձեցման քաղաքականության նախադրյալ:

Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման և Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համատեքստում կցանկանայի մեջբերել Հանրապետության նախագահի հետևյալ խոսքերը. «Եվրոպական չափանիշները՝... պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց, կրկնում եմ, խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում, որովհետև դրանք բարձր և ժամանակով ստուգված չափանիշներ են: Այդ չափանիշները մեզ անհրաժեշտ են զգալի առաջընթաց ապահովելու, մեր քաղաքացիների կենսակերպը փոխելու և մեր հասարակության կազմակերպական ուժն ավելացնելու տեսանկյունից»:

Արևելյան գործընկերության մեկնարկից ավելի քան երկու տարի անց զգալի առաջընթաց ենք արձանագրել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ոլորտներում: Արևելյան գործընկերության շրջանակներում կարևոր հանգրվան էր ս.թ. սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում կայացած երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրով նախատեսվում է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանը՝ քաղաքական ասոցացման, աստիճանական տնտեսական ինտեգրման, ընդլայնված ոլորտային շփումների և բազմակողմ համագործակցության ամրապնդման միջոցով:

Բարեփոխումներին օժանդակելու նպատակով 2009 թ.-ից Հայաստանում գործում է ԵՄ խորհրդատուների խումբը, որը աջակցություն է տրամադրում ՀՀ պետական կառույցներին՝ օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացնելու գործում:

Մենք ողջունել և մեծապես կարևորում ենք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված «ավելի շատ աջակցություն՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը: Ներկայում Եվրահանձնաժողովի հետ աշխատանքներ ենք կատարում՝ մեր կառավարության ջանքերը՝ ԵՄ գործընկերների նպատակաուղղված և թիրախային աջակցության հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ:

Զգալի առաջընթաց ենք արձանագրել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Ս.թ հոկտեմբերի 26-ին Երևանում մենք անցկացրինք բանակցությունների 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկումներ տեղի ունեցան համաձայնագրի Նպատակների և ընդհանուր սկզբունքների, Քաղաքական երկխոսության, Արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ մասերի վերաբերյալ: Ներկա դրությամբ բանակցվել և ժամանակավորապես փակվել է ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 19 գլուխ:

Ասոցացման համաձայնագրի կարևոր մաս են կազմելու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթները: Այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները վստահություն են ներշնչում մոտ ապագայում ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները մեկնարկելու համար: Ազատ առևտրի գոտուն առնչվող դրույթների արդյունավետ կենսագործումը թույլ կտա ավելի մրցունակ դարձնել հայաստանյան տնտեսությունը՝ ինչպես օրենսդրական դաշտի, այնպես էլ տնտեսական ոլորտում դերակատարություն ունեցող համապատասխան հաստատությունների կատարելագործման միջոցով:

Մեր համագործակցության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացմանն ուղղված աշխատանքները: Խրախուսելով մարդկային շփումները ԵՄ անդամ երկրների հետ՝ լավ նախադրյալներ կստեղծվեն խորացված գործընկերային հարաբերությունների հաստատման համար ամենատարբեր ոլորտներում՝ գործարարություն, ուսանողների, երիտասարդների միջև շփումներ, մշակույթ, գիտություն: Այս գործընթացի հիմնական շահառուները լինելու են մեր հասարակությունները, քաղաքացիները:

Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստանի և ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որի նպատակն է նպաստել միգրացիոն հոսքերի կառավարմանը, ԵՄ տարածքում ՀՀ քաղաքացիների օրինական մուտքի ու գործունեության կանոնակարգմանը, խթանել ուսանողական և մասնագիտական փոխանակումները: Այս գործընկերության մեկնարկը անուղղակիորեն կնպաստի նաև մուտքի վիզաների դյուրացման գործընթացի արագ վերջնականացմանը:

Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման գործում քաղաքական երկխոսության կարևոր օղակներից մեկն է խորհրդարանական համագործակցության կոմիտեն: Օրեր առաջ (նոյեմբերի 2-ից 3-ը) Երևանում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 12-րդ նիստը:

Հարգելի մասնակիցներ,
Եվրոպական արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել մեր հասարակության մեջ: Եվրոպական արժեհամակարգը քաղաքացիների սեփականությունը դարձնելու և մեր տարածաշրջանի երկրները միմյանց և Եվրամիությանը մոտեցնելու գործում մեծ է հասարակական կազմակերպությունների դերը:

Արևելյան գործընկերության շրջանակներում գործող հարթակները կոչված են ընդհանուր եվրոպական արժեքների տարածման միջոցով նպաստելու բաժանարար գծերի վերացմանը, փոխճանաչելիության աստիճանի բարձրացմանը, խաղաղ և բարեկեցիկ ապագայի կերտմանը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները կարևորում են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ինչպես Եվրոպական միության հետ համագործակցության համատեքստում, այնպես էլ երկրում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացներում: Իսկապես ողջունելի է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը եվրաինտեգրման գործընթացներում:

Վերջերս Երևանում տեղի ունեցավ նաև միջազգային Եվրոպական շարժման «Արևելյան գործընկերության երկրներում եվրոպական ինտեգրման խորացման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը» խորագրով համաժողովը, ինչը նույնպես վկայում է մեր երկրում եվրոպական գաղափարների տարածման և արժևորման, Հայաստանի և ԵՄ միջև առկա ընդհանուր հիմնարար արժեքների և սերտ համագործակցության մասին:

Հավատացած եմ, որ այս խորհրդաժողովը լավ հնարավորություն է տարբեր տեսանկյուններից ԵՄ և Հայաստանի միջև համագործակցության ընթացքի և հեռանկարների գնահատման, նոր հետաքրքիր կառուցողական գաղափարների և մտքերի փոխանակման համար:

Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter